Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյատովիչը կոչ է անում ապահովել Հայաստանում քաղաքացիական անհնազանդությունները լուսաբանող լրագրողների պաշտպանությունը

Օգոստոս 02,2016 14:21

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հայտարարությունը:

Վիեննա, 1 օգոստոսի 2016թ.

ԶԼՄ-ների  ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարից ակնկալում է հավաստիացում, որ լրագրողների իրավունքները և նրանց անվտանգությունը քաղաքացիական անհնազանդությունների շրջանում ապահովված կլինեն:

Միյատովիչը նամակ է ուղղել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նշելով, որ կառավարությունը «պետք է գործնական քայլեր կատարի իրավապահ մարմինների գործողություններում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ զսպվածություն ապահովելու համար» և նշել, որ «իշխանությունների կողմից պետք է նախաձեռնվեն քայլեր՝ որպես երաշխիք, որ լրատվամիջոցները թիրախավորված չլինեն ոստիկանության կամ խուժանի  կողմից: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:

Համաձայն հրապարակումների՝ հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների բռնի ցրումը և այլ իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցները ենթարկվել են հարձակման, ծեծի և վնասվել են նրանց սարքավորումները: Որոշ դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում՝ մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ:

Հարձակման ենթարկվածների շարքում են.

«Արմենիա» հեռուստաընկերության թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը,

«Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը և օպերատոր Դավիթ Հարությունյանը,

Ազատության թղթակիցներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը և օպերատոր Գարիկ Հարությունյանը,

«Ա1+»-ի հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանը և օպերատոր Տիգրան Բադալյանը,

Lragir.am լրատվական կայքէջի օպերատոր Մարութ Վանյանը,

CivilNet-ի լրագրողներ Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը,

Panorama.am-ի թղթակից Հովիկ Գրիգորյանը,

Life.ru-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը:

Միյատովիչը նամակում նաև նշել է Երևանում մի քանի օրեր և շաբաթներ առաջ լրագրողների նկատմամբ ոստիկանության հարձակումների վերաբերյալ հուլիսի 21-ին Հայաստանի մեդիա ՀԿ-ների կողմից հրապարակված հայտարարության մասին: Հարձակման ենթարկվածների թվում են.

iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը,

Ազատության թղթակից Արտակ Համբարձումյանը,

4news.am-ի թղթակից Արթուր Հայրապետյանը,

lragir.am-ի թղթակից Թեհմինե Ենոքյանը:

ԶԼՄ-ների  ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հետևում է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետություններում լրատվական դաշտի զարգացումներին: Նա ապահովում է վաղ ազդարարում խոսքի  և մամուլի ազատության ոտնահարումների վերաբերյալ և խթանում է ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխանությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031