Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարողները. Անուշիկ Մկրտչյան. «ջրցանը քաղաքացիական մկրտություն դարձավ»

Սեպտեմբեր 10,2016 18:19

Գարեգին Նժդեհի արձանի մոտ սպասում եմ հերթական հերոսիս, որը, պարզվեց, բոլորովին էլ հերթական չէր: Անասելի համակրելի, գեղեցկության մեջ զուսպ աղջիկը մոտենում է ինձ: Քննարկում ենք արձանը՝ հպանցիկ, իրար չնայելով, հին ծանոթների նման, կարճ: Հետո ասում է՝ առանց «դուք»-ի խոսենք: Համաձայն եմ:

Անուշիկ Մկրտչյանն է, ներքին խաղաղության մասին երազող, ողնաշարը հենման կետ դարձրած աղջիկը, որ իրեն հայրենասեր չի անվանում, բայց ամենաշատը իր գյուղն է սիրում՝ Գեղահովիտը:

2012 թվականին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Անուշիկը  որոշեց աշխատել: Ընդունվեց Ա1+ ու արհեստավարժ գործընկերների օգնությամբ աշխատեց որպես լրագրող:

«Լրագրությունն այնքան սիրուն մասնագիտություն է, այն կարող է քեզ շատ բան տալ. լավը վատից տարբերակելու, արդարության ու անարդարության սահմանը ակնհայտ տեսնելու, ինչ-որ բան փոխելու առումով: Ես անչափ շնորհակալ եմ ճակատագրին, որ ամեն ինչ հենց այսպես ստացվեց: Այդ ընթացքում ես այնքան նոր բան տեսա, այնքան չքնաղ մարդկանց հանդիպեցի»,- պատմում է չքնաղ աղջիկը:

Ապաքաղաքական ընտանիքից, մինչ այդ բոլորովին այլ Հայաստանում ապրող Անուշն ամեն նյութի հետ իրականության ու անարդարության նոր չափաբաժինն էր ստանում: Աչքով տեսածի կողքով հենց այնպես չէր անցնում, փորփրում էր հանդիպած բոլոր թեմաները, փորձում պատճառներ գտնել: Բեկումնային պահը, սակայն, Անուշի համար լրագրողական առաջին նյութն ու առաջին դատական գործընթացն էին:

«Անարադարության առաջին ու հզոր զգացողությունը Տիգրան Առաքելյանի դատի ժամանակ ունեցա: Մեր լրագրողների հետ գնացել էինք դատական նիստը լուսաբանելու: Հետ եկա խմբագրություն, սկսեցի կարդալ, փորփրել նյութի նախապատմությունը, հասկացա, որ ուղղակի սարքած գործ է: Ինձ համար այնքան անարդար էր, որ մարդիկ, համարյա մեր տարիքի, երիտասարդ, պայծառ, գաղափար ունեցող մարդիկ, որ պայքարում էին հանուն այդ գաղափարների, առանց պատճառի կարող էին բանտարկվել մի երկրում, որտեղ նաև ես եմ ապրում: Այդ ժամանակ քաղաքացի դարձա, բառի ուղիղ իմաստով: Հաջորդ մեծ, անտանելի մեծ զգայական շոկը Կառավարության շենքի դիմաց էր. խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ցույցի ժամանակ: Ես չեմ կարող բացատրել՝ ինչ էի զգում այդ պահին: Մայրերից մեկը պատմում էր որդու մասին, որ մազութի հորի մեջ էր մահացել, արցունքները գլորվում էին աչքերից ու հոսում որդու լուսանկարի վրա… Այդ պատկերն այլևս երբեք աչքերիս առջևից չի գնա: Անարդարությունն ու ամենաթողությունն էին ինձ բարկացնում ամենից շատ. այո, դրանք»,- պատմում է Անուշն ու փորձում թաքցնել արցունքները:

Սկզբում Անուշը ոգևորվում էր, տեսածի ու հասկացածի մասին պատմում համալսարանում՝ ընկերներին ու դասախոսներին: Հետո նկատեց՝ իրեն չեն հասկանում: Փնտրեց ու գտավ մարդկանց, որ կիսում էին ճիշտ ապրելու մասին իր գաղափարները: Դրանից հետո մասնակցում է բոլոր այն քաղաքական ու քաղաքացիական ակցիաներին, որոնց հիմքում ընկած գաղափարներն իր համար ընդունելի են:

«Շատ քաղաքական կուսակցությունների հավաքին չեմ գնա, բայց հաստատ կլինեմ «100 դրամի» կամ ElectricYerevan-ի նման ակցիաների ժամանակ, որովհետև ես հավատում եմ, որ այդ ակցիաները նոր սերնդի քաղաքացիական գիտակցություն արթնացրեցին: Մարդիկ, որ մինչ այդ երբեք որևէ քաղաքական-սոցիալական ակցայի չէին մասնակցել, այդ օրերին եկան, ջրվեցին, զգացին այդ ընդհանուր երջանկությունը, իրենց անմիջական կարևորությունը պրոցեսների մեջ: Եթե փորձեմ ավելի պատկերավոր կերպով ասել, օրինակ՝ ջրցանը քաղաքացիական մկրտություն դարձավ շատերի համար. ու դա կարևոր է, շատ կարևոր: Գուցե շատերը կասեն, որ դա պոպուլիզմ է, բայց մենք բոլորս էլ ինչ-որ բանից սկսել ենք. գուցե մեկի համար էլ սկիզբը դա էր: Արթնացում եղավ»,- ասում է Անուշը:

Իր համար, սակայն, քաղաքացիական մկրտությունը Սահմանադրական հանրաքվեի օրն էր: Դրանից առաջ երկու ընտրություն լուսաբանել էր՝ որպես լրագրող: Կեղծիքներն ու անարդարությունը տեսել էր իր աչքով, և այս անգամ էլ չէր կարող անմասն մնալ:

Anushik mkrtchyan

«Այս անգամ արդեն լրագրող չէի, և երբ իմացա «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության մասին, շատ ոգևորվեցի: Ես, իհարկե, հասկանում էի, որ «Այո»-ն կանցկացնեն, դա միակ հնարավոր տարբերակն էր իրենց շարունակականությունն ապահովելու համար, բայց որոշել էի՝ գոնե կփորձեմ խանգարել կեղծիքներին: Կպահեմ՝ որքան կկարողանամ»,- պատմում է  Անուշը:

Նախաձեռնությունը երկու աղջիկներին՝ Անուշին և Վիկային ուղարկեց 9/27 ընտրատեղամաս՝ Նորագյուղ: Կեղծիքները սկսվեցին ընտրատեղամասը բացելու հենց առաջին րոպեներին:

«Անկախ այն հանգամանքից, որ որպես լրագրող և քաղաքացի բազմիցս հանդիպել էի ընտրակեղծիքների, այսպիսի իրավիճակ, իրոք, չէի կարող պատկերացնել: Մենք հայտնվել էինք մի տեղում, որտեղ հստակ ինչ-որ թաղային կլան կար, որն էլ ղեկավարում էր ամեն բան: Հենց սկզբից վերաբերմունքը մեր նկատմամբ բացասական էր: Հանձնաժողովի անդամներն ասում էին, որ այդ տեղամասում երբեք դիտորդներ չէին եղել: Առաջին մի քանի ընտրողները եկան, ընտրեցին, մեկ էլ պարզվեց, որ նրանցից մեկի անվան դիմաց ընտրամատյանում արդեն ստորագրված է: Անմիջապես նկարեցինք դա: Մեր նկատմամբ բացասական վերաբերմունքն ու հոգեբանական ճնշումը կրկնապատկվեց»,- պատմում է Անուշը:

Իրենց անունների դիմաց ստորագրությունները տեսնելուց հետո մարդիկ ուղղակի հեռանում էին, նրանցից միայն երկուսն են բացատրություն պահանջել: Անուշին ճնշում էր սեփական երկրի, որոշման, իրավունքի նկատմամբ նման անտարբերությունը: Հստակ հասկանում էր՝ որպես դիտորդ այլ բան անել չի կարող, քան խախտումներն արձանագրելն է:

«Երեկոյան արդեն ճնշումն անտանելի էր: Կանայք ասում էին՝ «ջահել աղջիկ եք, չեք ամաչո՞ւմ», կամ՝ «տեսնես ո՞ւմ տունն եք քանդելու», իսկ այդ թաղային կլանի տղաներն էլ մեզ «տառական» էին անվանում: Ժամը 18-ն էր, մի լրագրող եկավ լուսաբանելու ընթացքը: Մենք արդեն բազմաթիվ զանգեր էինք արել համապատասխան մարմիններ՝ հայտնելով մեր արձանագրած խախտումների մասին: Չգիտեմ ինչպես, բայց այս լրագրողին սադրեցին, քաշքշուկ սկսեց, նրան սկսեցին ծեծել, դուրս տարան տեղամասից: Ես և Վիկան փորձում էինք միջամտել, նկարահանել, բայց ՕԵԿ-ի վստահված անձը փակել էր մեր տեսադաշտը՝ թույլ չտալով նկարահանել: Հետո արդեն սկսվեց անտանելին. հանձնաժողովի անդամներից մի կին կրծկալի միջից հանեց քվեաթերթիկների մի տրցակ ու գցեց քվեատուփի մեջ, հետո ևս մեկը… Մենք սկսեցինք բղավել, սպառնալ… անզորությունից, որովհետև չէինք կարողացել նկարահանել որևէ բան: Հետո մեզ մոտեցավ թաղային հեղինակություններից մեկը՝ Բոգոն, ու սկսեց սպառնալ, որ ինձ դուրս կնետի պատուհանից, իսկ Վիկային, որ կկոտրի մատները: Ես, իհարկե, հասկանում էի, որ մեզ չեն ծեծի, նման ռիսկի չէին գնա, բայց միևնույն է, սարսափելի էր: Ես զանգահարեցի Թրանսփարենսի Ինթերնեյշնլ, որտեղից մեզ ուղղակի խորհուրդ տվեցին դուրս գալ ընտրատեղամասից, չվտանգել մեզ: Դուրս էինք եկել, Վիկայի հետ գրկել էինք իրար ու լաց էինք լինում, կրկին անզորությունից»,- պատմում է Անուշիկը:

Anushik mkrtchyan

Հաջորդ օրը անզորության զգացողությունն անցավ, բայց մնաց դառնութունն ու պատրաստակամությունը՝ 2017-ին նորից գնալ Նորագյուղ, այս անգամ՝ ավելի պատրաստված ու ինքնավստահ:

«Չնայած, որ հաջորդ օրը ինքս ինձ համոզում էի, որ այլ բան անել չէինք կարող, միևնույն է, հետո, երբ տեսա, թե ինչպես են դիտորդները պայքարել կեղծիքների դեմ՝ պառկել են մեքենաների առաջ, թույլ չեն տվել տանել քվեատուփերը, մեկ-մեկ ինքս ինձ ասում եմ՝ կարող էինք, երևի կարող էինք»,- խոստովանում է նա:

Անուշի համար ամենաանտանելին մարդկանց հարմարվողականությունն էր: Հիմա նա հասկանում է՝ ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանություններին, որն ունի:

«Դու հանդիպում ես մարդկանց, որ անողնաշար են, որոնց երազանքներն էլ իրենց նման անողնաշար են, ու փորձում ես հասկանալ՝ ախր ինչպե՞ս կարելի է այդպես ապրել՝ երբեք չմտածել ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բան շուրջդ ավելի լավը դարձնելու մասին: Ես հուսահատվում եմ նման մարդկանց կողքին ու, ցավոք, սկսում եմ հասկանալ նրանց, ովքեր գնում են Հայաստանից»,- ասում է նա:

Հուսահատություններից, սակայն, Անուշը չի կորցնում հերոսներ տեսնելու կարողությունը: Նրա համար ամենասիրելի, իսկական հերոսներից մեկը Շանթ Հարությունյանն է, ում ոչ մի գաղափար Անուշը չի կիսում.

«Ես ուզում եմ շեշտել, որ չեմ կիսում Շանթի որևէ գաղափար, որևէ մոտեցում, բայց նա իմ հերոսն է, ինտելեկտուալ, չափազանց ինտելեկտուալ մի մարդ, ով պայքարում է հանուն իր գաղափարների, ով փորձում է փոխել երկիրը, որն անսահման շատ է սիրում երկիրը, որում իր որդին է ապրում: Նա ինձ ոգևորում է, նա իմ գրքերի մարմնավորված հերոսն է: Նա մարդ է, ով սիրով է չափում իր արարքները: Ով երազող է, անուղղելի երազող: Ինձ համար հերոս է այն մարդը, ով անկախ ամեն ինչից, ուզում է մնալ ու ապրել այս երկրում»,- ասում է նա:

Անուշի համար համալսարանական չորս տարիները լրիվ բավարար էին հասկանալու համար, որ իրեն քաղաքականության մեջ չի տեսնում, ոչ թե չի հավատում փոփոխությունների հնարավորությանը, այլ համոզված է՝ քաղաքականություն մտնող մարդիկ ստիպված են հրաժարվել շատ բաներից. ինքը նման փոփոխությունների պատրաստ չէ.

«Դրա համար էլ արդեն հստակ որոշել եմ. ապագայում ինձ տեսնում եմ երեխաների հետ աշխատանքի մեջ. հատկապես՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրման գործում: Երեխաների իրավունքների պաշտպանությունը կլինի իմ աշխատանքի առանցքում: Ես չեմ կարող երաշխիքներ տալ, բայց երջանիկ կլինեմ, եթե օգնեմ երեխաներին՝ ավելի լավ մանկություն ունենալ»,- ասում է նա, ով հավատում է՝ յուրաքանչյուր կյանք, թեկուզ մեկը, արժե, որ դրա համար պայքարես:

Անուշը երազում է լավ ընտանիքի ու աշխատանքի մասին, որը կերջանկացնի ոչ միայն իրեն, այլև ուրիշների: Ուզում է շրջազգեստների խանութ ունենալ, ու զբաղվել նորաձևությամբ: Սովորել ու չկորցնել սովորելու կարողությունը… Բայց այդ ամենը միայն այստեղ, որովհետև համոզված է՝ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է, անվերջ սիրելու:

Ս. Մ.

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930