ԱՄՆ տնտեսության զարգացմամբ է պայմանավորված աշխարհի տնտեսական զարգացումը, իսկ մենք ուղղակի կապեր ունենք ԱՄՆ-ի հետ՝ ներդրումներ եւ հայ համայնք»,-նոյեմբերի 11-ին «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադառնալով ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրին՝ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա առանձնացրեց Թրամփի ծրագրի որոշ տնտեսական բաղադրիչներ, որոնց համաձայն՝ պետք է ստեղծել դինամիկ զարգացող տնտեսություն, որն առաջիկա 10 տարում կապահովի 25 միլիոն աշխատատեղ:
Ծրագիրը նախատեսում է ԱՄՆ արտաքին տնտեսական քաղաքականության շահերի պաշտպանություն, էներգետիկ համակարգերի արդիականացում եւ զարգացում, տնտեսության աճ՝ տարեկան մինչեւ չորս տոկոս, հնարավոր միջոցներով հարկերի նվազում՝ հատկապես միջին եւ ցածր դասի մարդկանց համար:
Ըստ Վահագն Խաչատրյանի, եթե ԱՄՆ տնտեսությունը տարեկան 3% աճ գրանցի, համաշխարհային տնտեսության մեջ այդ ցուցանիշի կեսի չափով կամ դրանից ավելի աճ կգրանցվի:
Կարդացեք նաև
Վահագն Խաչատրյանը զուգահեռներ անցկացրեց ՀՀ կառավարության ծրագրի եւ Թրամփի տնտեսական ծրագրի միջեւ՝ նկատելով, որ ի տարբերություն վերջինիս, կառավարության ծրագրում ոչ մի թիվ չկա, եւ պարզ չէ՝ քանի՞ տարում եւ ի՞նչ արդյունք է ակնկալվում: «Օրինակ, ՊԵԿ նախագահն ինքն է որոշում խաղի կանոնները, մինչդեռ դրանք կարգավորվում են օրենքով: Թրամփի մոտ նման բան չկա: Փոխարենը կա հաջորդականություն: Օրինակ՝ ՀՀԿ-ն տնտեսական սկզբունքներ ունի, բայց ամեն նոր վարչապետի գալով մոռանում է նախկին սկզբունքները, այսինքն՝ հաջորդականություն չկա»,-նկատեց Խաչատրյանը:
Նա նաեւ նշեց, որ ՀՀ կառավարությունը չի հաշվարկել, թե ռուսական տնտեսության հնարավոր փոփոխություններն ինչպես կազդեն ՀՀ տնտեսության վրա:
Անդրադառնալով ՀՀ 2017թ. բյուջեի ծրագրին՝ տնտեսագետն ասաց. «Իշխանությունից ոչ մեկը չի ուզում խոստումների տակ մտնել եւ իրական ծրագրեր ներկայացնել՝ բացի հարկահավաքության խնդիրներ առաջադրելուց: Այս բյուջեն ոչ մի փոփոխություն չի տալիս, նախորդից տարբերվում է թվերի տեղափոխությամբ եւ ուղղակի նրա համար է, որ ջրի երեսին մնանք՝ գոյատեւենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































