Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսադաս՝ Հայաստանի և Արցախի դպրոցների մասնակցությամբ

Նոյեմբեր 11,2016 17:46

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է հերթական հեռավար դասը՝ Տավուշի մարզի Բերդավան, Սյունիքի մարզի Շաքի, Լոռու մարզի Լեռնապար և Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղերի միջնակարգ դպրոցների հետ:

Դասը վարել է 198 ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Գրիգորյանը, տեղերում աշխատել են գյուղական դպրոցների ուսուցիչները, թեման վերաբերել է ՄԱԿ-կ կողմից հռչակված 17 առաջնահերթություններին և կրել է «Մոլորակի ամենամեծ դասը» անվանումը: Դասն անցկացվել է խմբային առաջադրանքների և քննարկումների մեթոդով. դասարաններից յուրաքանչյուրը տեսակապով ներկայացրել է առաջադրված հարցերի վերաբերյալ սեփական մոտեցումները, որից հետո թեման ամփոփվել է քննարկմամբ: Տեսադասի տեխնիկական մասն ապահովվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը / ԿՏԱԿ/: Տեսադասին փորձի փոխանակման նպատակով հրավիրվել է նաև Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհին: Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի գնահատմամբ՝ տեսադասերն աշակերտների շրջանում ոգևորությամբ են ընդունվում, ինքը իբրև տնօրեն կարողանում է իր աշխատասենյակից հետևել բոլոր դասերին. «Մենք հանրապետության մի քանի դպրոցների նույն դասարանի աշակերտներին դարձրել ենք քննարկող խումբ, ովքեր իրար տեսնում են՝ միաժամանակ նախապատրաստվելով առաջադրված հարցերի պատասխաններին: Դասավանդման այս եղանակը հետագայում կարող է կազմակերպվել նաև դպրոցի ներսում: Սա շատ արդյունավետ մեթոդ է նաև մասնագետ-ուսուցիչների համար՝ փորձի փոխանակման առումով: Օրինակ, եթե մաթեմատիկայի փորձառու մասնագետները ներկայացնեն խնդիրների լուծման իրենց կողմից կիրառվող եղանակները»,- նշել է Ա. Թորոսյանը:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամեն շաբաթ մարզային փոքր դպրոցների հետ հեռահաղորդակցային կապ է ապահովվում մարզային դպրոցների հետ. «Նախորդ շաբաթների ընթացքում կազմակերպված դասերը կոնկրետ առարկայի ծրագրային որոշակի նյութեր են եղել: Այս անգամ մենք որոշեցինք գնալ մի քիչ այլ ճանապարհով և ընտրեցինք խմբային քննարկման ձևաչափը, որպեսզի դասն ավելի ինտերակտիվ լինի, որպեսզի չստացվի որ Երևանից որևէ ուսուցիչ գրատախտակի մոտ ինչ-որ դաս է ներկայացնում, իսկ մյուսները պասիվ վիճակում լսում են: Մենք կարծում ենք, որ տեսադասերի ժամանակ բարձր մասնակցության ապահովումը պետք է խրախուսելի լինի»,- նշել է Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ ինտերնետային կապով ապահովված են ՀՀ բոլոր դպրոցները, սակայն տեսադասերի ապահովման համար որոշ թվով դպրոցներ պետք է նաև տեխնիկական սարքավորումներ ունենան: Առաջիկայում նախատեսվում է քննարկում կազմակերպել տեսադասերի արդյունավետության, թեմաների, ձևաչափերի և մեթոդների ընտրության վերաբերյալ: Առաջիկա տեսադասը կկազմակերպվի Վանաձորի Էվրիկա, Գյումրու Ֆոտոն, Երևանի Քվանտ և ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցների օլիմպիական խմբակների հետ՝ քննարկելու օլիմպիական որևէ խնդրի լուծում:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930