Լրահոս
Օրվա լրահոսը

«Նռան հատիկն» ակնկալում է, որ թատրոնն էլ շախմատի նման համընդհանուր դասավանդվի

Նոյեմբեր 16,2016 13:00

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան աշնանային արձակուրդի օրերին, այս տարի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը, 16-րդ անգամ անցկացրեց «Նռան հատիկ» հանրապետական մանկական թատերական փառատոնը:

«Առավոտի» հետ զրույցում դերասան, ռեժիսոր, ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը հիշեցրեց, որ «Նռան հատիկի» պատվավոր նախագահն է Արման Մանարյանը, իսկ նպատակը նույնն է՝ դպրոցական տարիքից երեխաներին հայ եւ համաշխարհային գրականության լավագույն նմուշներին ծանոթացնելը՝ հենց իրենց հասակակիցների միջոցով: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այսօր արդեն կարող են փաստել, որ փառատոնային օրերին ներկայացումներով հանդես են եկել մանկական թատերական խմբեր Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից, ներկայացնելով Թումանյանից, Շիրվանզադեից, Սարոյանից մինչեւ Օստրովսկի, Օ’Հենրի, Անդերսեն եւ այլ դասական հեղինակներ, ինչպես նաեւ ժամանակակից գրողների երկեր:

garik-ghazaryan

Գարիկ Ղազարյանը՝ փոքրիկ արտիստների հետ:

Պարոն Ղազարյանը նշեց նաեւ, թե «Նախաբեմի» գերնպատակը յուրաքանչյուր դպրոցում թատերախմբի գործունեությունն է եւ թատրոն առարկայի դասավանդումը: Հավելեց նաեւ, թե, օրինակ, Շիրակացու անվան ճեմարանի հիմնադրման օրվանից (26 տարի առաջ) ուսուցանվում է դրամատուրգիա առարկան: «Հեռավոր գյուղերում, որտեղ անգամ բեմ չկա, երեխաները դասարաններում են անցկացնում բեմադրությունների փորձերը, օրինակ՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի դպրոցում, եւ այլն: Օրերս կայացած փառատոնին մասնակից դպրոցների աշխարհագրությունն ընդլայնվել էր: Փառատոնի մշտական մասնակիցների թվում են «Հույսի կամուրջ», «Փրկություն» հ/կ-ների հաշմանդամություն ունեցող երեխաների թատերախմբերը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե իրենց ասոցիացիայի մասնագետները տարվա սկզբից են մեկնում հեռավոր մարզեր, ընտրում փառատոնի մասնակից խմբերին, իսկ հարկ լինելու դեպքում՝ օգնում մասնագիտական խորհուրդներով:

nran-hatik4 nran-hatik3

Հարցին, թե նախորդ տարիներին «Նռան հատիկին» մասնակցել են նաեւ թատերախմբեր Փարիզից, Բեյրութից, Թեհրանից, Պլովդիվից, մի խոսքով՝ այս տարի մենք չհանդիպեցինք արտասահմանից ժամանած գոնե մեկ խմբի, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Նռան հատիկին» երկու տարին մեկ է ֆինանսավորում մշակույթի նախարարությունը: Հաջորդ տարի արդեն կհրավիրենք արտասահմանից մեր փոքրիկ դերասաններին»:
Հետաքրքրությանը՝ իսկ ընդհանրապես մանկական այս մասշտաբային ծրագիրն ունի՞ հովանավորներ, ասոցիացիայի նախագահը բացասական պատասխան տվեց, նշեց միայն, որ իրենց ձեռք են մեկնում Ավ. Իսահակյանի անվան հանրապետական կենտրոնական գրադարանը, Շիրակացի ճեմարանը, իսկ Երեւանի քաղաքապետարանն էլ կազմակերպում է դպրոցներում տոմսերի անվճար տարածում:

nran-hatik2

 

Մենք ներկա գտնվեցինք մեկ-երկու մանկական ներկայացումների, այդ թվում՝ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» եւ «Քաջ Նազարը» ու Շիրակացի կրթահամալիրում Օստրովսկու «Ամպրոպը» եւ Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնի՝ Վ. Սարոյանի «Հայ մուկը» ներկայացումներին: Փաստենք, որ ավարտին փոքրիկ արտիստների ու դպրոցահասակ հանդիսատեսի միջեւ ծավալվում էր իսկապես բուռն քննարկում:

Իմիջիայլոց, դեռեւս 1980-ականների կեսերին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ռեժիսոր Լեւոն Իվանյանի ջանքերով ներդրվել է պարտադիր թատերական կրթություն՝ շաբաթական 2 դասաժամով: 1990-ականներին թիվ 190 դպրոցի ուսումնական ծրագրում, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տնօրինության շրջանում ներգրավվեց թատրոն առարկայի դասավանդումը: Ավելի ուշ՝ 2010-ի սկզբներից, Սեբաստացի կրթահամալիրում սկսեց գործել կինոյի եւ թատրոնի մասնագիտական հոսքը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930