Լրահոս
Օրվա լրահոսը

«40-ից ավել սպա ունեցող գյուղը ինչպե՞ս կարող էր հանդուրժել Նազարբաևի պահվածքը»․Հառիճի բնակիչներ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2016 19:45

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղում դեպի հնագույն միջնադարյան Հառիճավանք տանող փողոցը անվանակոչված էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով։ Սակայն ապրիլյան քառօրյա պատերազմից օրեր անց, երբ Էրդողանն ու Նազարբաեւը գրկախառնվեցին Թուրքիայում, իրար ձեռք բռնած ման եկան՝ ի ցույց աշխարհի, Կոմիտաս Վարդապետ ու Ավետիք Իսահակյան կրթած հառիճցիները փողոցից պոկեցին Նազարբաեւի անունը կրող ցուցանակները, նրա նկարներն էլ հանեցին գրադարանից։

nazarbaev_1-1

Aravot.am-ի հետ զրույցում գյուղի պատմության ուսուցիչ Ռաֆիկ Հակոբյանն ասաց․«Մենք էինք ընտրել Նազարբաևի անունը, մենք էլ հանեցինք փողոցից, մեր սխալը ուղղեցինք»։ Մեր զրույցին արձագանքեց Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկներից մեկը՝ զայրացած ասելով․ «Չարդարացրեց իրեն»։

Մեր հարցին, թե ինչո՞ւ էիք փողոց անվանակոչում նրա անունով, որ մի բան էլ զայրանայիք, վիրավորվեիք ու ցուցանակները հանեիք, պատմության ուսուցիչն ասաց․«Գիտեք, ինքը ստեղծեց մի իրավիճակ, որ կարելի էր հարգել։ Ամեն դեպքում լավ գործ կատարեց, նվիրատվություններ արեց մանկապարտեզին, մշակույթի տանը, բավական գումար հատկացրեց, վերանորոգեցին, դե մենք էլ էն ազգն ենք, որ երախտամոռ չենք լինում,մեր մոտեցումը վատ չէր, բայց իր մոտեցումն էր շատ տգեղ»։

Գյուղի մեկ այլ տղամարդ էլ, միջամտելով մեր խոսակցությանն ասաց․«Ադրբեջանցոց ախպեր համարեց, շատ զայրացրեց մեզ։ Մեր գյուղում հայրենասեր մարդիկ շատ-շատ են, պատկերացրեք այս պահին մեր փոքրիկ գյուղից 40-ից ավելի զինծառայողներ ունենք, ավելի կոնկրետ սպաներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական բարձրագույն հաստատությունն ավարտած սպաներ, մեկն էլ իմ որդին է, ծառայում է սահմանում՝ Անիի տարածքում։ Այդքան սպա տվողը գյուղը ինչպե՞ս հանդուրժեր Նազարբաևի արածը, անհանդուրժելի էր։ Նրա նկարներն ամբողջապես վերացրեցինք, պատկերացրեք, որ մեր տանը Ղազախստանի տեսարժան վայրերի նկարները կան,նայել չեմ ուզում, էդքան որ վիրավորված եմ Նազարբաևի պահվածքից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031