ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նորմալ չի համարում լրագրողին՝ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հարվածելը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ըստ լրագրողի պնդման՝ հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին:
«Հայելի» ակումբում լրագրողները պարոն Հարությունյանից հետաքրքրվեցին՝ նման միջադեպերի պատճառն արդյոք նաև այն չէ՞, որ Էթիկայի հանձնաժողովը, որը նախկինում պարոն Հարությունյանն էր գլխավորում, ոչ օբյեկտիվ որոշումներ է կայացնում, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ էթիկայի հանձնաժողովի ակտիվ կամ պասիվ դերակատարության արդյունք է դա: Հանձնաժողովը գործում է միայն, երբ լինում են դիմումներ ու բողոքներ, իր գործունեությունը ծավալում է կանոնակարգի շրջանակներում, այն չի կարող կանխել մարդկանց շփումները»:
Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ իր ղեկավարման ժամանակահատվածում հանձնաժողովը երեք դեպքում էլ պատգամավորների վարքի հետ կապված դրական եզրակացություն չի տվել:
Կարդացեք նաև
Կրկին անդրադառնալով վերջերս խորհրդարանում տեղի ունեցած տհաճ միջադեպին՝ Խոսրով Հարությունյանը, չարդարացնելով Ռուբեն Հակոբյանի արարքը, նշեց. «Այդուհանդերձ, նաև լրագրողները պետք է փորձեն միջանձնային հարաբերություններում էթիկա պաշտպանել: Կարելի է ոչ հարմար հարցադրումով հանդես գալ, իհարկե, բայց նաև պատկերացնում եմ, թե Ռուբեն Հակոբյանին ինչքան էր պետք, որ հավասարակշռությունից հանեին: Ես ինքս չեմ ողջունում բռնության կամ նման դրսևորումները, բայց գտնում եմ, որ բոլոր կողմերը պետք է փորձեն էթիկայի հայտնի նորմերը պահպանել իրենց վարքագծում»:
Այն փաստին, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները այսօր հանդես եկան 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, պարոն Հարությունյանն արձագանքեց, թե դժվար դա նախընտրական քաղաքական գործընթացներում էական փոփոխություն մտցնի, բայց ամեն դեպքում նրանց հաջողություն մաղթեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































