Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանն այսօր Հայաստանում թիվ մեկ քաղաքական օրակարգ ձեւավորող անձն է»

Հունվար 26,2017 15:30

Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ եթե ամբողջ քաղաքական դաշտը սառած նստած սպասում է
Ծառուկյանի վերադարձին, ուրեմն հենց նա է դաշտում օրակարգ ձեւավորում:

«Ալյանս» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրերս Գագիկ Ծառուկյանին ներկայացնելիս հայտարարեց, որ նա ոչ ծայրահեղ ընդդիմադիր է եղել, ոչ էլ, առավել եւս, իշխանական դաշտում է եղել:
Մենք պարոն Ուրիխանյանին հարցրինք՝ չէ՞ որ Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս է կազմել, հիմա ինչպե՞ս ստացվեց, որ նա իշխանական դաշտում չի եղել, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանի ղեկավարման 2007-2012-ն ընկած ժամանակահատվածի քաղաքական շրջանում ԲՀԿ-ն կառավարման մաս կազմող կուսակցություն է եղել, այնուհետեւ հայտարարել է, որ մասնակի կառավարում իրականացնել երկրում հնարավոր չէ՝ արդյունավետ կառավարում, հետեւաբար այդ կոալիցիայից պետք է դուրս գալ՝ առաջացնելով հակադրում իշխող մեծամասնությանը»:

Մեր հարցին՝ Դուք բացառո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա վերադարձը այս անգամ Սերժ Սարգսյանի, այսպես ասած, պլանների մեջ է մտնում, նա պատասխանեց. «Ծառուկյանի գործունեության եւ Սերժ Սարգսյանի պլանների հետ այդ հարցը քննարկել ու քննարկման օրակարգ մտցնել ձեռնտու է միայն իշխանությանը: Սերժ Սարգսյանը այլ կուսակցություն է ներկայացնում եւ ընտրություններին մասնակցելու է այդ կուսակցությանը քվե ապահովելու համար: Գագիկ Ծառուկյանը բացարձակապես այլ ուժի համար է քվե ապահովելու, եւ սա նշանակում է, որ հիմա առանց արյունահեղության, առանց պրոբլեմների, առանց զոհերի, առանց տուժողների լինելու է շատ կոնկրետ իշխանությունից ազդեցության տիրույթ տանելու պրոցես: Եթե Սերժ Սարգսյանը դրանում շահագրգռված է, ապա ես դրանում զարմացած եմ»:

Երբ որ Սերժ Սարգսյանն արգելեց նրան քաղաքականությամբ զբաղվել, նա հեռացավ քաղաքականությունից, ուրեմն հիմա ինչո՞ւ պետք է նա առանց թույլտվության կարողանա վերադառնալ քաղաքականություն, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ինձ հայտնի չէ, որ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին արգելել է կամ կարող է արգելել քաղաքականությամբ զբաղվել: Կարծում եմ՝ ինքը՝ ՀՀ նախագահը, երբեւէ նման բան ոչ կասի, ոչ կհաստատի»:
Երբ հիշեցրինք փետրվարի 12-ի հայտնի ելույթը՝ Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Հայաստանը ազատ, ժողովրդավարական կարգեր հռչակած երկիր է, եւ մեր պետության մեջ չի կարելի արգելել որեւէ մեկին քաղաքականությամբ զբաղվել»: Այն, որ փաստերը այլ բանի մասին են վկայում, Տիգրան Ուրիխանյանը ծիծաղեց. «Արգելել մեր երկրում չի կարելի որեւէ մեկին որեւէ՝ օրենքով թույլատրելի բան: Դա օրենսդրական դաշտից դուրս քննարկելու բան է»:

Տիգրան Ուրիխանյանը Ծառուկյանի դաշինքին միանալու հետ կապված ասել էր, որ դեռ պետք է իմանա, թե ովքեր են դաշինքում: Մեր հարցին՝ ծրագրի՞ եք սպասում, Ձեզ համար բավարար չէ՞, որ Ծառուկյանն է այդ բուրգի վերեւում կանգնած, նա պատասխանեց. «Ուզում եմ հուսալ, որ ամեն ինչ կլինի ճիշտ այնպես, ինչպես Ծառուկյանը կվարի իր գործունեությունը: Չեն լինի նախկինի համեմատ մարդիկ, որոնք կխանգարեն, կտանեն այլ ուղղությամբ, այնուհետեւ կփոխեն դիրքորոշումը»:

Գագիկ Ծառուկյանին ներկայացնելիս Տիգրան Ուրիխանյանը խոսեց նրա բարեգործ լինելու, մշակույթի, սպորտի ոլորտում մեծ ներդրում ունենալու մասին: Մեր հարցին՝ շատերը Ծառուկյանին չեն ընկալում որպես քաղաքական գործիչ, եւ Ձեր շեշտադրումներն էլ հիմնականում նրա բարեգործությունների մասին էին, ոչ թե նրա քաղաքական գործունեության, Ծառուկյանը քաղաքականությունում անելիք ունի՞, նա քաղաքական գործիչ կարո՞ղ է դառնալ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ամբողջ քաղաքական դաշտը սառած նստած սպասում էր, թե երբ ու ինչ կասի Գագիկ Ծառուկյանը: Ուրեմն ստացվում է, որ ինքն այսօր Հայաստանում թիվ մեկ քաղաքական օրակարգ ձեւավորող անձն է: Բա դրանից այն կողմ էլի քաղաքական գործունեությո՞ւն եք ուզում»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ գործարարը պետք է զբաղվի իր բիզնեսով, քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ, պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «ՀՀ օրենսդրության շրջանակներում պիտի լինի ամեն ինչ»:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ մինչ օրս իր աշխատասենյակի պատին կախված են Գագիկ Ծառուկյանի լուսանկարները. «Ես աշխատում եմ այնպիսի կյանքով ու կենսագործունեությամբ զբաղվել, որից երբեք ոչ կամաչեմ, ոչ կշեղվեմ, ոչ էլ երես կթեքեմ»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

25.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031