Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մոլորակ ունենք, որտեղ արյուն թափելու ու զայրույթի համար տեղ չկա»

Հունվար 27,2017 14:00

Աշխարհը բարիացնելու «դեղատոմսեր»՝
ըստ ճանաչված լուսանկարիչ Ջոն Ստենմայերի

Այս օրերին Երեւանում է National Geographic-ի հայտնի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը, որը իր ներդրումն է ունեցել օրերս ՆՓԱԿ-ում բացված հայ եւ թուրք երիտասարդ լուսանկարիչների համատեղ ցուցահանդեսի կայացմանը: «Կամրջելով պատմությունները» խորագրով ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո: Ցուցահանդեսում ընդգրկված է 24 հայ եւ թուրք լրագրողների աշխատանք: Նրանք հինգ ամիս լուսանկարել են իրենց առօրյան՝ շեշտադրելով ընդհանրությունները:

«Առավոտի» հետ զրույցում Ջոն Ստենմայերը նշեց. «Ծրագրի շրջանակում 24 լուսանկարիչ ենք ընտրել՝ առավելապես այն նկատառումներով, որ երիտասարդներն են ապագան կերտում: Այս նախաձեռնությունը, որը կամուրջներ ձեւավորելու համար էր կյանքի կոչվում, երիտասարդներին ներգրավելն առանձնակի կարեւորվում էր: Չէ՞ որ երիտասարդները չեն ցանկանում մոռանալ անցյալը, բայց նաեւ խաղաղություն են ուզում, նրանց դրա համար էլ ներգրավեցինք՝ որպես ապագա առաջնորդներ եւ ապագայում որոշում կայացնողներ»:

Ստենմայերը չցանկացավ առանձնացնել, թե 24 աշխատանքներից հատկապես որ լուսանկարներն են ամենահաջողվածը: «Եթե անկեղծ լինեմ, բոլոր լուսանկարիչներն էլ յուրովի շնորհալի են, մեկ, երկու, հինգ, տասը կամ քսանչորսն առանձնացնելը դժվար է, որովհետեւ բոլորն էլ անձնվիրաբար են մասնակցել այս ծրագրին: Շատ լավ լուսանկարներ են ծնվել: Օրինակ, մեր ընտանիքի անդամներից ազգությամբ քուրդ Հեյդարը սեւ ու սպիտակ շատ հետաքրքիր շարք է պատրաստել Ստամբուլի գիշերային կյանքի մասին, հայկական կողմից էլ բավականին երիտասարդ՝ 18-ամյա Սասունն այնպիսի հիանալի լուսանկարներ է արել, դրանք այնպիսի աշխատանքներ են, որ չեմ տեսել անգամ այն լուսանկարիչների մոտ, որոնք 10 տարի այդ ոլորտում են, կամ Ռուզանը, Համլետը, Շերիֆը …բոլորը լավ լուսանկարներ են նկարել: Ուղղակի տպավորված եմ այս երիտասարդների աշխարհընկալմամբ»,- հայտնեց Ջոն Ստենմայերը:

Մեր դիտարկմանը, թե այսօր հաճախ են անդրադառնում սեւ-սպիտակ լուսանկարչությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ համար բոլորովին կարեւոր չէ, թե ով ինչպես է աշխարհը ընկալում՝ սեւուսպիտա՞կ, թե՞ գույներով: Կարեւորը արվեստով արված լուսանկարն է»:


Ջոնն ափսոսանք հայտնեց, որ գերզբաղված լինելու պատճառով չի կարողացել լուսանկարել Երեւանում: «Շատ էինք զբաղված ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներով եւ դեռ 3 օր էլ աշխատաժողով է լինելու, գուցե դրանից հետո հնարավորություն ունենամ ինձ համար լուսանկար անել»,-նշեց լուսանկարիչը:

Իր անցյալից նա դրվագներ չհիշեց, ասաց, որ ավելի շատ առաջ է նայում, քան անցյալին. «Շատ տպավորիչ դրվագներ կան, բայց բոլորը մեկ ընդհանրության մաս են կազմում, ու ես հիմա դժվարանում եմ առանձնացնել որեւէ մեկը»:

Մեր հարցին՝ ի՞նչ չի կարելի նկարել, լուսանկարիչը պատասխանեց. «Թե դառը իրականությունը եւ թե մեզ շրջապատող աշխարհի գեղեցկությունը, ամեն ինչ պետք է տեսնել եւ հասկանալ, դա է մեր աշխատանքը, բայց այդ ամենին պարտադիր պետք է հարգանքով վերաբերվել»:


Նա նաեւ հավելեց, որ շատ կուզենար ՆՓԱԿ-ում բացված համատեղ ցուցահանդեսը տեսնեին Թուրքիայում, Նյու Յորքում, ցանկացած այլ վայրում, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ, «Կամրջելով պատմությունները» նախագիծը այն բազմաշերտ իրականությունն է ցույց տալիս, որով փորձում ենք հասկանալ, թե ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս որպես հարեւաններ կամ քույր-եղբայրներ: «Այս ծրագիրը իմ մասին չէ, ձեր մասին է, փողոցներում քայլող, սահմանի երկու կողմերում գտնվող մարդկանց մասին է, անկախ նրանից՝ որտե՞ղ ենք մեր աշխատանքն իրականացնում, Աֆրիկայում, թե Հյուսիսային կամ Հարավային Ամերիկաներում, կարեւորը հասկանալն է, որ ընդհանուր մարդկային քառուղում ենք գտնվում: Աշխարհում 7,4 մլրդ բնակչություն կա, պետք է գիտակցենք, որ այս մեկ մոլորակն է մերը, այստեղ պետք է ապրենք, ու արյուն թափելու, ատելության ու զայրույթի համար տեղ չկա: Մենք պետք է մեր համակեցությունը ներդաշնակենք»,-շեշտեց Ջոն Ստենմայերը:


«Առավոտի» հարցին՝ հավատո՞ւմ է, որ լուսանկարչությունը, կինոն, արվեստն ընդհանրապես կարող են փոխել աշխարհը, ավելի բարիացնել, նա պատասխանեց. «Անվերապահորեն հավատում եմ դրան: Նաեւ գրականությունը, մամուլը կարող է փոխել աշխարհը, այն բանկիրը, որը վարկ է տալիս միայնակ մորը, որը ցանկանում է գործ սկսել, կամ երբ ֆերմերը աճեցնում է առողջ սնունդ…Այդ համատեքստում մենք բոլորս գործընկերներ ենք, փոփոխությունների անիվը շարժողներ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը

Ջոն Ստենմայերի լուսանկարը՝ հեղինակի

 

«Առավոտ»

26.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սոֆյա says:

    Հարգելի խմբագիր,
    խնդրում եմ ուղղել սխալ ինֆորմացիան,
    Թուրքիայից եկած լուսանկարիչ Հայդարը ազգությամբ թուրք չէ, այլև քուրդ: Խնդրում ենք ուղղել ինֆորմացիան:

    Հարգանքներով,
    Սոֆյա
    ծրագրի համակարգող աշխատանքային խումբ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031