Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Բերբերյան. «Լուսանկարները ժամանակն են զտում»

Հոկտեմբեր 09,2016 12:49

Էրեբունի-Երևան տոնին համահունչ Հյուսիսային պողոտայում ցուցադրվեցին «Freedom» միջազգային լուսանկարչական փառատոնի եզրափակիչ փուլ անցած լուսանկարները:

Ավելի քան 400 լուսանկարներից ընտրված այս շարքի թեման ազատությունն է: Ֆոտոցուցահանդեսն անցկացվել է «Im Yerevan» նախագծի և FIAP միջազգային լուսանկարչական միության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ:

2FIAP-ի հայաստանյան ներկայացուցիչ Վիգեն Մնոյանը նշում է. «Սա միջազգային բնույթի ֆոտոմրցույթներից է: Լուսանկարներն էլ ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից: Մասնակցել է մոտ 250 լուսանկարիչ: Հիմնական մասը արտերկրից են: Էրեբունի-Երևանի օրը որոշեցինք թեմատիկ շարք անել՝ սթրիթ-արթ ժանրի լուսանկարներով: Հուրախություն մեզ՝ հայ լուսանկարիչներ ևս կային, 5 հայ լուսանկարիչ արժանացան մրցանակների: Միայն Հակոբ Բերբերյանը 4 մեդալ է ստացել, ինչը հազվադեպ պատահող երևույթ է»:

Միանգամից 4 մեդալի արժանացած ճանաչված լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը պատմում է այդ լուսանկարների «կյանքը». «Շուշիի ազատագրման առաջին տարեդարձի ժամանակ՝ 1993 թվականին, արվեց «Born in Armenia» ֆոտոն: Մաքուր պատահական ստացված լուսանկար է, որովհետև մենք գործով էինք Շուշիում: Ժողովուրդը ինքնաբուխ սկսեց ուրախանալ, բնականաբար լրագրողն էլ միշտ գնում է ամենաակտիվ տեղերը: Ու կադրն արդեն պատրաստ էր, մնում էր մենակ որսալ: Իսկ փախստական տատիկը 83 տարեկան էր իր 6 ամսական ծոռնիկի հետ, էլի պատահական նկարել եմ Գորիսում: Իրենք Շահումյանից փախստականներ էին: Հետո լուսանկարն անուն ունեցավ՝ երկու սերունդ, բայց մի ճակատագիր: Լուսանկարներ կան՝ արվել են ամենապրիմիտիվ ապարատով, օրինակ` մեր Արայիկ Խանդոյանի՝ «Չեգեվարայի» նկարը: Ու այս երեք լուսանկարներն ինձ համար մի ամբողջություն են կազմում, պիտի միասին նայես, որ հասկանաս պատմությունը որտեղից է սկսվել և ուր է գնում»:

Նշենք, որ Հակոբ Բերբերյանը «Հայ Չեգեվարա» լուսանկարի համար արժանացավ Չեխիայի ոսկե մեդալի, «Mkhitaryan isdangerous in any position» լուսանկարի համար՝ FIAP-ի արծաթե մեդալի, «Երկու սերունդ, բայց մեկ ճակատագիր» և «Composer Robert Amirkhanyan» լուսանկարներն էլ՝ FIAP-ի բրոնզե մեդալի:

3Հաճախ լուսանկարներից չես էլ ենթադրի՝ ինչ դժվարությունների միջով է անցել լուսանկարիչը մի կադր ստանալու համար: «Դժվարություն պիտի տեսնես, որ հասկանաս, թե ոնց են աշխատում կեղտի մեջ, մրսած, հաճախ էլ սոված, ոչ մեկն էլ թող դա չտեսնի, բայց շատ փափուկ ապրելով դժվար բարձրությունների հասնես: Իսկ լուսանկարներն էլ ժամանակն է զտում,եթե նկարը դիմացավ ժամանակի ընթացքին, պատմություն է դառնում»,- եզրափակեց Հակոբ բերբերյանը:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները՝ Հասմիկ Սիրունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31