Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են մանկավարժներն անարդար գնահատումով ու կեղծիքով «կոփում» ապագա քաղաքացուն

Փետրվար 13,2017 15:58

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանից մի նամակ եմ ստացել, որտեղ դպրոցականը բարձրաձայնում է առարկայական օլիմպիադաներում տեղ գտած կեղծիքների ու ամենաթողության մասին: Ցավն այն է, որ այս բողոքը միայն իրենը չէ, նման բողոքներ շատ եմ լսում, որովհետև տարածքային օլիմպիադաների ընթացքը պատշաճ կերպով չի վերահսկվում ԿԳՆ-ի կողմից, ստուգող հանձնաժողովների անդամների անկանխակալ լինելը չի ապահովվում, որովհետև դրանք տեղական կադրերով են միայն համալրված և, ինչպես գրել է Սերգեյը, հաճախ մասնակիցներին տրվող միավորները ոչ թե աշխատանքի բովանդակությանն են տրվում, այլ՝ թե ով է, ում զավակն է:

Այսօր նամակով դիմել եմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ խնդրելով ստուգել Սերգեյ Հայրապետյանի նամակում նկարագրված փաստերն ու վերականգնել տղայի աշխատանքի  արդար գնահատականը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սերգեյի նամակը՝ ուղղված ԿԳ նախարարին.

«Բաց նամակ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին
Հարգելի պարոն  նախարար, այս  նամակով  Ձեզ  և հանրությանը  ուզում  եմ  տեղեկացնել  ՀՀ  Գեղարքունիքի մարզի ք. Մարտունու  «Հայոց  լեզու» առարկայի  տարածաշրջանային օլիմպիադայի ստուգման և  ամփոփման ժամանակ  տեղի  ունեցած  խարդախությունների մասին: Ուզում  եմ  տեղեկացնել, որ  ստուգման ժամանակ  գործել  է  ոչ  թե  հավասարության սկզբունքը, այլ  վառը  արտահայտվել  է  կողմնապահությունը:

Մի  շարք  աշակերտների  գրավորներ  նույնիսկ  չեն  ստուգվել, մի  մասին  թերի  է ստուգվել՝ պակաս  են  եղել  միավորները, իսկ  ում  համար  ասված  է  եղել,  նշանակվել  է  շատ  ավելի  բարձր,  քան  իրականում  եղել  է:

Ներկայացնեմ  իմ  սեփական  օրինակը:  Նախ  օլիմպիադայյի   արդյունքները  մյուս  դեպքերում  դպրոց  է  ուղարկվում 1-2 օր հետո, իսկ  այս  դեպքում  արդյունքները  դպրոց  հասան 5 օր  հետո:  Իմացա, որ  վաստակել  եմ   ընդամենը 4.5 միավոր, որը  շատ  ավելի  քիչ  էր,  քան  իմ  պատկերացումները:  Համոզված  լինելով  սեփական  ուժերի  վրա՝ որոշեցի գնալ  և  պահանջել  իմ  առաջադրանքների  թերթիկը:  Նայելով  իմ  առաջադրանքների  թերթիկին՝  կարելի  էր  հասկանալ, որ  ստուգողը  եղել  է  կողմնապահ   կամ  անարժան  հայոց  լեզվի  ուսուցիչ  կոչմանը:  Թերթիկի  վրա  գրված  էր  6.25  միավոր, այն  էլ  այն  դեպքում, երբ  ստուգված  չէին  առաջադրանքների  մի  մասը, որոշներից  զուտ  միավորներ  էին  պակասեցված, իսկ  այն  բառերը,  որոնք  ուսուցչի  մտահորիզոնից  դուրս  են  եղել,  համարվել  են  սխալ: Պահանջեցի կրկին  ստուգել  առաջադրանքները, իրավիճակը  հիմնովին  փոխվեց՝ միավորներս  դարձան 8.25: Իրավիճակի  բացատրությունը  պահանջելով  տարածաշրջանային դպրոցների ղեկավարից՝ ստացա  այսպիսի  պատասխան, որ  այս  ամենը  թյուրիմացության  արդյունք  է, որ  ստուգող  ուսուցիչը  եղել  է  անուշադիր: Չհամաձայնելով  թյուրիմացության  հետ՝ պնդեցի, որ  ստուգեն  բարձր  միավորներ  վաստակած  աշակերտների  գրավորները, որոնց  մի  մասը    պաշտոնյաների  երեխաներ  են: Ստուգելուց  հետո  պարզվեց, որ  դրված  միավորները   չեն  համապատասխանում  իրականությանը: Ներկա  գտնվողները  սկսեցին  կրկին  առաջ  քաշել  թյուրիմացության  վարկածը, սակայն իրենք  էլ  չէին հավատում  իրենց  խոսքերին:  Ինձ  ասացին, որ  ես   անցնում  եմ  մարզային  փուլ, սակայն  իմ  պահանջը  հաջորդ  փուլ  անցնելը  չէր, այլ  արդարության  ու  հավասարության  վերականգնումը: Ես  նրանց  խնդրեցի, որ  ստուգեն  բոլորի  գրավորները, նրանք  պատճառաբանեցին, որ  ժամանակ  չունեն: Այդպիսով՝  բոլոր  գրավորները, բացառությամբ  իմ գրավորի, մնացին  անարդարության  ու  խարդախության  կնիքով:

Այսօր  դպրոցում  տեղեկացա, որ   իմ  հեռանալուց  հետո  կրկին  իջեցվել  է  իմ  գնահատականը, որպեսզի   մարզային  փուլ  անցնեն  իրենց  նախընտրած  աշակերտները: Կրկին  ու  կրկին  առերեսվելով անարդարության  հետ՝  որոշեցի  այս  անգամ  դիմել  Ձեզ:

Այժմ  գիտեք մի  շատ  կարևոր  խնդրի  մասին, որը  կոտրում  է  աշակերտի  թևերը և ավելի ու ավելի  ամրացնում  անարդարության  հիմքերը: Խնդրում  եմ  ուշադրություն  դարձրեք  այս  խնդրին, հարկ  եղած  դեպքում  կարող  եմ  Ձեզ  ներկայացնել  իմ  առաջադրանքների  թերթիկի  նկարները, որտեղ  ամեն ինչ  ակնհայտ է  դառնում,  և  ուզում  եմ  վստահեցնել, որ այս  հանգամանքը  չի  վերաբերում  միայն մեկ  տարիքային  խմբի, այլ՝  բոլոր խմբերին:

Այս  ամենից  հասկանալի  է  դառնում, որ  դպրոցում  աշխատում  են  և  օլիմպիական հանձնաժողովի  անդամ  են  դառնում    հայոց  լեզվի  այնպիսի մասնագետներ, որոնք  չգիտեն  նույնիսկ  «մեղանչել»  բառի  նշանակությունը  կամ   զուտ  շահի,  ինքնագնահատականի  բարձրացման  համար  դիմում  են խարդախության:

Անհամբերությամբ  սպասում  եմ  Ձեր  արձագանքին»:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Սիրելի Անահիտ,

    Ես հազվադեպ եմ մեկնաբանություններ գրում, հատկապես սոցիալական ցանցերում, բայց որոշեցի գրել, քանի որ դպրոցական օլիմպիադաների դպրոցական և մարզային թուլերն, իրոք, լրիվ անտերության մատնված «մրցույթներ» են, որտեղ ուսուցիչներն օգնում են իրենց ծանոթներին, կամ էլ ուղղակի բարձր են գնահատում «մոտիկ» մարդկանց երեխաների աշխատանքները: Սա կոտրում է երեխայի՝ որևէ արդար ճանապարհով ինչ-որ բանի հասնելու ձգտումը: Նույն բանը տեղի է ունենում նաև «Կենգուրու»-ում: Սակայն պետք է խոստովանեմ, որ Հանրապետական փուլում հաղթում են արժանիները՝ հիմնականում «Քվանտ» և համալսարանին կից ֆիզմաթ դպրոցի իսկապես բանիմաց աշակերտները:
    Մի այլ բան էլ է ինձ անհանգստացնում. այսօրվա աշակերտների ինքնահավան կեցվածքը, իրենց չունեցած «գիտելիքների» մասին բացարձակ անհիմն համոզվածությունը: Այսպես. թեպետ այս երեխան շատ ճիշտ հարց է բարյրացնում, բայց նրա հայոց լեզվի իմացությունն, իրոք, չի համապատասխանում հանրապետական փուլի մասնակցի մինիմալ անհրաժեշտ մակարդակին, որի մասին վկայում է բազմաթիվ քերականական ու շարահյուսական սխալներով գրված այդ նամակը, որը սովետական դպրոցի «3»-ի արժանի շարադրություն է:
    Մի խոսքով՝ այս երեխային պետք է ոգևորել համարձակության համար, և բացատրել, որ հայոց լեզվի օլիմպիադայի եզրափակիչ փուլում այդ նամակի հեղինակն իրավունք չունի մասնակցել:
    Կրկին, շնորհակալություն այս շատ կարևոր հարցը բարձրաձայնեու համար: Ես Ձեզ մաղթում եմ հաջողություն այս խնդրի լուծման հարցում:
    Հարգանքով՝ Արթուր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728