Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր վիճակում գտնվող բյուջեն դուրս կգա՞ «նախընտրական թվերի» տակից (Տեսանյութ)

Փետրվար 22,2017 13:46

Թոշակների կրկնակի բարձրացում` նվազագույն թոշակը դարձնելով 50 հազար դրամ, աշխատավարձի եւ նվազագույն զամբյուղի էական ավելացում, ուսման վարձերի նվազեցում, փոքր բիզնեսին հարկերից ազատում: Սրանք կուսակցությունների նախընտրական խոստումներից են:

Այսօր Aravot.am-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե այդ խոստումները որքանո՞վ են իրատեսական եւ մեր` վարչապետի նշած` ծանր վիճակում գտնվող բյուջեն որքանով կարող է դուրս գալ այդ «նախընտրական թվերի» տակից:

Պարոն Մակարյանը «Բլից ինֆո» մամուլի ակումբում, պատասխանելով մեր հարցին, կարծիք հայտնեց, այդ ամենը հնարավոր կլինի էականորեն կրճատելով ստվերը, պայքարելով կոռուպցիայի դեմ եւ կորած ռեսուրսները հավաքելով:

«Մեր ՀՆԱ-ի մինչեւ 50 տոկոսը ստվեր է: Դրան համահունչ 1-1,5 միլիարդ դոլար բյուջե չի մտնում, այսինքն` մեր բյուջեն կարող է լինել, ոչ թե 2,5 միլիարդ, այլ` 3,5-ից 4 միլիարդ: Հետեւաբար մեկ շնչին ՀՆԱ-ն կաճի, բյուջեն հարուստ կլինի, այդ դեպքում հնարավոր կլինի աշխատավարձ, թոշակ բարձրացնել: Բայց, եթե մենք այսօրվա ֆինանսական տեմպերի մեջ պետք է մնանք, ապա դա կլինի անհնարին, որովհետեւ չենք կարող ապահովել այդպիսի ցուցանիշներ»:

Գագիկ Մակարյանի համոզմամբ, կոռուպցիան պիտի նվազեցնենք, որպեսզի ստվերը կրճատենք: Ըստ նրա, նոր կառավարությունը հիմնականում գնում է կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով. ՊԵԿ-ում կառուցվածքային, անձնակազմի փոփոխություն է անում, օրենքներն ու վարչարարությունն է պարզեցնում եւ այլն:

Իսկ ստվերի կրճատմանը պարոն Մակարյանի խոսքերով, պետք է «զգույշ մոտենալ», որպեսզի սոցիալական վիճակի վրա չազդի. «Պետք է կոռուպցիան կրճատենք, նոր սկսենք ստվերը կրճատել, որպեսզի ստվերից դուրս բերելը տեղի ունենա տրամաբանորեն եւ ստվերից դուրս գալուց հիմնարկները չտուժեն»:
Մանրամասները` տեսանյութում

Տնտեսության զարգացումը նաեւ ներդրումների մեջ տեսնող կառավարությունն, ըստ Գագիկ Մակարյանի, մի շարք կարեւոր հարցերին ուշադրություն չի դարձնում` դրանով իսկ վանելով ներդրողներին: Մինչդեռ օրինակ` վերադարձելիության ժամկետը ներդրողի համար կարեւոր հանգամանք է ու խթան, տվյալ գործում ներդրում անելու. «Կարեւոր է, թե դրված գումարը որքան արագ կվերադարձվի: Որոշ ոլորտներում խոսում են մինչեւ 20 տարվա համար, դա շատ անհասանելի ցուցանիշ է եւ դրանով միանգամից վանում են, որովհետեւ ոչ մի ներդրող չի սպասելու, որ 20 տարի իր գումարներն աստիճանաբար վերադարձվեն»:

Գագիկ Մակարյանն անդրադառնալով նոր կառավարության թիմին, ասաց, որ կան նախարարներ, որոնց փոխելու ժամանակն է, քանի որ չեն կարողանում իրենց առջեւ դրված խնդիրների տակից դուրս գալ: Մեր հարցին, թե անուններ կնշե՞ք, պարոն Մակարյանն ասաց, որ առայժմ` ոչ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728