Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բուհերի խորհուրդների ՀՀԿ-ական կազմը

Փետրվար 27,2017 14:00

Ընտրություններին ընդառաջ՝ նրանց ձեռքում են
բուհերի վրա ազդելու ֆինանսական եւ վարչական լծակները

Օրերս կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում: Ճիշտ է, այս շրջաբերականը վերաբերում է հիմնականում դպրոցներին, որի տնօրենների մի զգալի մասը կուսակցական է՝ հիմնականում ՀՀԿ-ական, սակայն բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ պակաս քաղաքականացված եւ կուսակցականացված չեն:

Դատելով պետական բուհերի հոգաբարձուների եւ կառավարման խորհրդի կազմից, կարելի է ասել՝ դրանք հանրապետականացված են, եւ չի բացառվում, որ հանրապետականներն ապրիլին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ոչ պաշտոնական մի «շրջաբերական էլ» ուղարկեն այն բուհերին, որի կազմում իրենք են, եւ հորդորեն ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար:

Ներկայացնենք բուհերի խորհուրդների կազմը, որպեսզի պարզ լինի ՀՀԿ-ականների ներգրավվածությունն այդ համակարգում:

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, անդամներն էլ բարձրաստիճան հանրապետականներ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան: ԵՊՀ-ի խորհրդի կազմում են նաեւ ՀՀԿ-ականներ Արտակ Դավթյանը, Արսեն Քարամյանը, որը նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում էլ քիչ չեն հանրապետականները. այս համալսարանի խորհրդի կազմի նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն է, անդամներից են՝ ՀՀԿ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Գառնիկ Բադալյանը, ՀՀ վարչապետի փեսա, եւս ՀՀԿ-ական եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ այս բուհի խորհրդի անդամներ են:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը կրկին քաղաքապետ եւ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն է: Խորհրդի անդամներից են՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը, Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը, մշակույթի փոխնախարար, ՀՀԿ-ական Արեւ Սամուելյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ եւ ՀՀԿ-ական Արամ Բադալյանը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահն էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է, անդամներն են՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, փոխվարչապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀԿ-ական Գուրգեն Դումանյանը: Այս բուհի խորհրդի կազմում են նաեւ կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանը եւ նույնիսկ անկուսակցական, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անդամներն են՝ ՀՀԿ-ականներ Հրանուշ Հակոբյանը, Կարեն Ավագյանը, առողջապահության փոխնախարար, ՀՀԿ-ական Տիգրան Սահակյանը եւ այլք:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀԿ-ական, վարչապետի խորհրդական եւ գործարար Սամվել Սարգսյանն է, որը նաեւ Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ» եւ Երեւանի «Հայաթ փլեյս» հյուրանոցների սեփականատերն է։ Այս բուհի խորհրդի անդամներն են՝ ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական եւ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀԿ-ական եւ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Տարոն Մարգարյանը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը եւ այլք:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խորհրդի նախագահը օրերս ընտրվեց մշակույթի նախարար, կրկին ՀՀԿ-ական Արմեն Ամիրյանը: Այս բուհի խորհրդի կազմում են պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը, նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը եւ այլք:

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի խորհրդի նախագահը ՀՀԿ-ական Արսեն Քարամյանն է, անդամներն են՝ կրկին ՀՀԿ-ականներ Արման Սահակյանն ու Խաչիկ Ասրյանը:

Արդյոք բուհերի խորհրդի կազմում ՀՀԿ-ականների ներգրավվածությունը անուղղակի ազդեցություն չի՞ կարող ունենալ դրանց աշխատակազմի եւ նաեւ ուսանողների վրա՝ ընտրությունների ժամանակ քվե ապահովել իշխող ՀՀԿ-ի օգտին: Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը մեր հարցին ի պատասխան՝ ասում է. «Բացարձակապես ուղիղ եւ անմիջական ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների եւ առհասարակ քաղաքական հայացքների ձեւավորման հարցում, որովհետեւ բուհերի կառավարման խորհրդում քննարկվում են բացարձակապես բուհերին վերաբերող հարցեր»: Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ի օգտին քարոզն ու, այսպես ասած, «հրահանգն» անուղղակի են անում, պարոն Սուքիասյանն ասում է. «Կրկնում եմ՝ որեւիցե ազդեցություն չի կարող ունենալ: Կառավարման խորհրդում քաղաքական անձի ընդգրկվելը դեռ չի նշանակում, որ այն քաղաքականացված է»:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան ծրագրային գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն այլ կարծիքի է. նա նշում է՝ հանրակրթության ոլորտում ընտրություններին ընդառաջ հենց այսօր էլ մամուլում կան ահազանգեր, որոնք վերաբերում են դպրոցի տնօրենների ճնշումներին. «Փաստերը կան, օրինակ՝ Արարատի դպրոցների տնօրենների նամակը վարչապետին, որով ասում են, թե ինչ ճնշումներ են իրենց վրա կիրառվում՝ պահանջելով ներգրավվել նախընտրական պայքարին, դպրոցներում անցկացնել քարոզարշավ իրենց նախընտրած թեկնածուների օգտին:

Նույն համակարգն է՝ խորհուրդ-տնօրեն եւ խորհուրդ-ռեկտոր: Այսինքն՝ մենք չենք կարող չունենալ մտավախություն, կասկածներ, որ նույնը չի կարող տեղի ունենալ բուհերում: Գուցե դա չլինի այնպիսի ծավալներով, ինչպես դպրոցներում է, բայց որ վարչական ռեսուրսը չի օգտագործվի, սա երաշխավորված չէ»:

Պարոն Ամիրյանն ասում է՝ վարչական ռեսուրսը միանշանակ կարող է օգտագործվել, օրինակ՝ քարոզարշավին հեղինակավոր դասախոսների եւ գիտնականների մասնակցությունը. «Եթե մենք չունենք անկախ համակարգ, գոյություն ունեցող համակարգը հնարավորություն է տալիս այսպես մեկնաբանել»: Ըստ պարոն Ամիրյանի՝ մյուս խնդիրն էլ այն է, որ պետական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհրդում ուղղակիորեն առաջ է բերում կամ կարող է առաջ բերել պետության կողմից բուհի ֆինանսավորման վտանգը. «Երբ կա մի կուսակցության աջակցությունն ու ներկայացվածությունը նաեւ ֆինանսական տեսքով ե՛ւ բուհում, ե՛ւ պետական ապարատում, որտեղից որ գումար պիտի հատկացնի բուհին, ուրեմն իրենք ունեն բոլոր լծակները՝ ստիպելու, առաջարկելու անել այնպիսի առաջարկ, որ բուհը չկարողանա հրաժարվել աջակցել տվյալ կուսակցությանն ընտրությունների ժամանակ»:

Մյուս խնդիրն, ըստ Ամիրյանի, այն է, որ բոլոր բուհերի ուսանողական խորհուրդները տարբեր կուսակցությունների հետ սերտ կապի մեջ են, եւ կուսակցությունների երիտասարդական թեւերը շատ լուրջ աշխատանք են տանում ուսխորհուրդների հետ. «Ճիշտ է, գուցե խորհրդի նախագահի կամ անդամների կուսակցական պատկանելությունը չտեսնենք, բայց իրենց ազդեցությունը խորհրդի վրա մեծ է՝ քարոզչական կամ ժամանցային միջոցառումներ են կազմակերպում եւ, բնականաբար, գաղափարական միակ ազդեցություն ունենալու հանգամանքը, որը չի խոչընդոտվում բուհի կամ այլ կառույցների կողմից եւ մնացած կուսակցություններին չի թույլատրվում ունենալ այդ խողովակը՝ հասանելիության ուսխորհուրդներին, սա եւս դառնում է վարչական ռեսուրսի չարաշահման մեկնաբանման առարկա»:

ԿԳՆ պաշտոնյա Ռոբերտ Սուքիասյանն էլ վստահեցնում է՝ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծով արգելվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին ընդգրկվել բուհերի խորհրդի կազմում, եւ այս նախագիծը բուհերի ինքնավարության ընդլայնմանն է ուղղված: Բայց սա դեռ նախագիծ է, այն դեռ կառավարությունը պիտի հաստատի, ապա՝ նոր կազմով Ազգային ժողովը, իսկ մինչ այդ՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններում նշված խնդիրները ինչպես տարիներ շարունակ եղել են, այս անգամ էլ կլինեն:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

25,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728