Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Արծրունի. Վիրքի թուրքացումը սարերի ետեւում չէ. arevelk.am

Ապրիլ 10,2017 17:03

arevelk.am. Այսօր՝ ապրիլի 10-ին Ախալցխա կվերադառնա քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 6-ից գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաքում, մասնակցելու Բաքվում անցկացված 16-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Երկու շաբաթ առաջ Ախալցխա էր այցելել Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենտ Գիումռուքչուն: Դեսպանի այցը Ախալցխայում սկսվել էր Սամցե-Ջավախքի համալսարանից եւ այդ առիթով տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ համալսարանում թուրքերեն լեզուն որպես երկրորդ մասնագիտություն ընտրել են տասնյակ ուսանողներ, որ կրթական հաստատությունը թուրք գրողների ստեղծագործություններ է հրատարակում գրեթե ամեն ամիս, որ այնտեղ ուսանում են Ադրբեջանից եկած մի քանի տասնյակ ուսանողներ, որոնց հետ առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի դեսպանը, որ այնտեղ գործում է թուրքական ֆակուլտետ, եւ որ այնտեղ ձեռք է բերվել Ախալցխայում օրեցօր ավելացող ադրբեջանցիների համար ամառային դպրոց կառուցելու շուրջ պայմանավորվածություն:

Ախալցխայում թուրք-ադրբեջանական այս ակտիվ գործունեության պատճառը երկու կարեւորագույն շարժառիթ ունի. նախ Ախալքալաքում թուրք-ադրբեջանական տնտեսական եւ ժողովրդագրական ներխուժման փորձի ձախողումը, եւ երկրորդ, այն, որ ներկայումս պաշտոնական Բաքուն փորձում է Արցախի եւ Ջավախքի խնդիրները ներկայացնել մեկ պրիզմայով:

Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը վերջերս գիրք է հրատարակել, որն արդեն 8 լեզուներով թարգմանվել է եւ որտեղ, որպես պատմաբան հայտարարում է, թե 1828-1830 թվականներին ռուսները Ղարաբաղում եւ Ախալցխայում վերաբնակեցրել են հայերին, եւ որ այդ գործընթացը տեղի է ունեցել հայերի կողմից կազմակերպված ցեղասպանական գործողությունների միջոցով:

Եվ ի՞նչ: Մնում է նայել քարտեզին, հասկանալու համար, որ Կարս-Բաքու երկաթգծից, որը ըստ Թուրքիայի Արտաքին Գործերի նախարար Չավուշօղլուի, կգործի արդեն այս ամառ, եւ Բաթում-Աջարական տարածաշրջանի թուրք-ադրբեջանական տնտեսության ենթարկեցումից հետո, հերթը հիմա հասել է Ախալցխայի տնտեսական, մշակութային եւ քաղաքական թուրքացմանը:

Հիմա ասում են թե Ախալցխայի հայ հասարակությունը խիստ վրդովված է Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեի՝ ապրիլի 6-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հետ լուսանկարվելու եւ լուսանկարները քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում տեղադրելու փաստից:

Իմ կարծիքով, այդ նկարը նշանակություն չունի: Ով ում հետ ուզենա՝ կարող է նկարվել: Խնդիրը մեր անգործությունն ու անհետեւողականությունն են:
Մի քանի ամիս առաջ վաճառքի հանվեց Հավլաբարում Գամսախուրդիայի կողմից պայթեցված Շամխորեցոց Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու հողամասը: Հայկական եկեղեցին լուռ մնաց, ինչպես նաեւ՝ հայ գործարար աշխարհն ու հասարակական դաշտը: Թբիլիսիի քաղաքապետարանը հողն առաջարկել էր նաեւ հայ համայնքին, սակայն մեր տեղեկություններով հողամասը վերցրեցին պարսիկ գործարարներ՝ այնտեղ հյուրանոց կառուցելու նպատակով:

Մեր տեսակետը մեկն է. այս ամենի համար ո՛չ վրացիները, ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ թուրքերը, ո՛չ էլ պարսիկ բիզնեսմեններն են մեղավոր: Մեղավոր ենք մենք: Տարածքային ռազմավարությունը հստակ տեսություն է, որը հաստատում է, թե տարածքը դատարկություն չի ընդունում, դու գնում ես, ուրիշն է քո տեղն զբաղեցնում:
Վրաստանը մեր շատերի հայրենիքն է, մեր ազգային մշակույթի կարեւորագույն կենտրոններից մեկը, մեր նորաստեղծ պետության ամենակարեւոր դաշնակիցը, սակայն մենք նրան վերաբերվում ենք հուզականության, ձեւականության, անհետեւողականության, ծուլության եւ բամբասանքի դիրքերից: Այնտեղ ներկայումս որոշվում է ոչ միայն ավելի քան երեք հարյուր հազար մեր հայրենակիցների ճակատագիրը, այլեւ՝ ամբողջ քրիստոնյա Վիրքը թուրքացման վտանգից փրկելու խնդիրը:
Սահակաշվիլու եւ Գամսախուրսիայի նման վրացիներ շատ կգտնվեն, սակայն դրանից ավելի կարեւոր հանգամանք է Վրաստանի անվտանգության ներկա խնդիրը, որի հետ անմիջապես կապված են Հայաստանի անվտանգության բոլոր հեռանկարները:
Խնդիրներ ունենք, զբաղվենք մեր խնդիրներով: Դրանից հետո ով ում հետ ուզում է՝ թող նկարվի: Ալիեւի միլիարդները Ֆրանսուա Օլանդի նմանին են ծնկի բերել, ի՞նչ ենք սպասում ոմն Զեդգինիձեից:

Խնդիրն այսօր ավելի լուրջ է: Թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական ներթափանցումների դիմաց, Վրաստանում հայկական տնտեսա-քաղաքական այլընտրանք կարո՞ղ ենք ձեւավորել, թե՞ այս անգամ դարձյալ կբավարարվենք խեղճ ու կրակ հայտարարություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930