Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր հանցագործությունը վանդալիզմ է, իսկ խոշորը` ոչ. Հակոբ Սանասարյան

Ապրիլ 15,2017 21:16

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը տեղադրում ենք ամբողջությամբ:

Իհարկե, 20 ծառ ապօրինի հատելը հանցագործություն է, Երևանի քաղաքապետն էլ ասաց` վանդալիզմ է, իսկ ՀՀ նախագահի անունից էլ հայտարարվեց, թե հանցագործություն է: Անվիճելի է, որ թեկուզ մեկ ծառի ապօրինի հատման համար կատարողը պետք է պատասխանատվություն կրի:

Ուրախալի է, երբ պետական պաշտոնյաներն արձագանքում են հանցագործություններին` կլինի բնապահպանական խնդիրների առնչությամբ` կանաչ տարածքների ավերման, ծառահատումների, ժողովրդի ունեցվածքի կողոպուտի ու փոշիացման, բնական համակարգի ավերման ու թունավորման, թե այլ բնույթի: Բայց մեծ ցավ է առաջացնում այն, որ պետական պաշտոնյաների կողմից  թվարկածս խոշոր ավերածություններ առաջացնող հանցագործությունները արձագանք չեն ունենում, իսկ եթե արձագանքում են, ապա առանց խնդրի լուծման:

Վերջին տարիներին հատվեցին Դալմայի այգիները: Այդ այգիների տեղում ունենք ավերված, հոշոտված, ամայի տարածք: Բացի Դալմայի այգիներից, Երևանի մերձակա  գյուղերի հողերը` մոտ 6 հազար հա, տեղափոխեցին Երևան քաղաքի հաշվեկշիռ և հատվեցին դրանց վրա եղած հարյուր հազարավոր պտղատու և մյուս ծառատեսակները: Այս հանցագործությունը կանխելու նպատակով ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին և այլ պաշտոնյաներին դիմում են հղել հողօգտագործողները և նշանավոր անձինք: Սակայն ապարդյուն: Օրինակ, նախագահին ուղարկված, հարյուրավոր քաղաքացիների ստորագրությամբ նամակին, լավագույն դեպքում պատասխանել է քաղաքապետարանի աշխատակազմի որևէ  պաշտոնյա, այն էլ ոչինչ չասող պատասխան: Պաշտոնյաների անտարբերությունը ապշեցնող է:

«Հետքը» 2016-ին հրապարակել է Նորագավթի 72 հեկտար այգիների հատման մասին: 2012 թվին այդ այգին հատվեց ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով՝ հատվել է մոտ 21-22 հազար ծիրանենի և այլ պտղատու ծառ: Եթե նայենք «Հետքի» հրապարակումը, միայն ծառերի կոճղերը կտեսնենք: Եվ դա կատարվել է վերջին տարիներին, երբ հանրապետության նախագահը դարձյալ երկրի նախագահն էր, իսկ քաղաքապետը` նույն քաղաքապետն էր: Բնակչությունը  գրում է կոլեկտիվ բողոքներ, բայց ոչ մի արձագանք:

Երևանը ուներ անտառպետություն` Նորքի բարձունքից մինչև Բաղրամյան փողոցի վերին մասը, որը մայրաքաղաքի հիմնական կանաչ գոտիններից մեկն էր: Ծառերը հատեցին, տարածքները սեփականաշնորհեցին ու կառուցեցին առանձնատներ: Մի՞թե դրանք ապօրինի հատումների հետևանք չեն: Մի՞թե ապօրինի հատում չէ Թեղուտի անտառը, որն այսօր հոշոտված տեսք ունի: Ըստ նախագծի, այդտեղ 170 հազար, հիմնականում խիստ արժեքավորր ծառատեսակներ և մոտ մեկ ու կես միլիոն մատաղատի ծառեր են հատվելու: Իհարկե ապօրինի է, քանի որ կեղծ հիմնավորմամբ ընթացք տրվեց այդ նախագծին, այսօրվա նախագայի անթաքույց աջակցությամբ:

Ստացվում է, որ փոքր հանցագործությունը վանդալիզմ է, իսկ խոշորը` ոչ:

Ահա թե ինչու բարդիների հատման առումով նախագահի և քաղաքապետի տեղին արձագանքը մարդկանց մոտ առաջացնում է զայրույթ ու կսկիծ:

Հակոբ Սանասարյան

Հայաստանի կանաչների միության նախագահ

2017.04.15

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930