Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ-ն, աղոթք բարձրացնելով հայրենյաց զոհված պաշտպանների հոգիների հանգստության համար, օրհնեց նրանց մայրերին և այրիներին

Ապրիլ 19,2017 17:27

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ղարաբաղյան հակամարտության ընթացքում` պատերազմական գործողությունների և զինադադարի պայմաններում, զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ:

Սկզբում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց հանդիպմանը մասնակից հայուհիներին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին` ողջունելով նրանց այցը Ս. Էջմիածին:

Ամենայն Հայոց Հայրապետն իր սրտակցությունը հայտնեց զինվորների մայրերին և այրիներին` նրանց ցանկանալով Սուրբ Հոգու մխիթարություն: Նորին Սրբությունն ասաց, որ յուրաքանչյուր հայ ցավ է ապրում այդ կորուստների համար, բայց նաև գիտակցում է, որ հայ հերոս զինվորներն իրենց կյանքն ընծայաբերել են Հայրենիքի, ժողովրդի և իրենց ընտանիքների խաղաղ ու ապահով կյանքի համար:

«Մեր Սուրբ Եկեղեցին մշտապես աղոթում է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած իր զավակների համար: Հայրենիքի համար կյանքի նվիրաբերումը ամենանվիրական զոհաբերություն է նկատում մեր Եկեղեցին: Այդպես է ապրել և դարերի մեջ գոյատևել մեր ժողովուրդը: Վստահ եղեք, նրանց հիշատակը միշտ ապրելու է մեր ժողովրդի սրտում, և ժողովուրդը միշտ իր խոնարհումն է բերելու իր քաջազուն զավակների անմահ հիշատակի առջև», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը հավելեց, որ Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում հայ զինվորների դրսևորած բարձր գիտակցությունն ու հայրենասիրական ոգին միայն հպարտության զգացում է ծնում:

Վերջում Նորին Սրբությունը, աղոթք բարձրացնելով հայրենյաց զոհված պաշտպանների հոգիների հանգստության համար, օրհնեց նրանց մայրերին և այրիներին` ցանկանալով ուժ, կամք և ոգու ամրություն:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930