Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ

Մայիս 10,2017 16:43

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ափսոսանքով է ընդունել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ տեղեկությունը: Ինչպես ԵԱՀԿ-ն ամբողջությամբ, այնպես էլ նրա գրասենյակը Հայաստանում անգնահատելի ներդրում ունեն մեր երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` մեզ համար առանձնապես գնահատելի են միջազգային հեղինակավոր այս կազմակերպության այն ծրագրերը, որոնք նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում ընտրական գործընթացների կայացմանն ու ամրապնդմանը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Այս առումով Պլատֆորմն իր խորին երախտագիտությունն է հայտնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարությանն ու աշխատակազմին` բեղմնավոր աշխատանքի եւ արդյունավետ համագործակցության համար:

Այն, որ առաքելության գործունեության դադարեցումը պայմանավորված չէ օբյեկտիվ որեւէ հանգամանքով, հակասում է ինչպես հենց ԵԱՀԿ-ի, այնպես էլ ընդունող երկրի, հայ հասարակության ցանկությանը, եւ բացառապես արդյունք է Կազմակերպության անդամ մեկ երկրի` Ադրբեջանի ապակառուցողական քայլի, չի կարող ընկալվել այլ կերպ, քան վրդովմունքն է: Սա առաջին դեպքը չէ, երբ պետությունները, դառնալով միջազգային կառույցների անդամներ, սակայն չկիսելով տվյալ քաղաքական միջավայրում ընդունված արժեքային համակարգը եւ վարքային նորմերը, խոչընդոտում են այդ կառույցների աշխատանքին թե՛ իրենց երկրներում, թե՛ այլուր: Նախորդ տարիներին ԵԱՀԿ-ի նկատմամբ այդօրինակ ընդդիմագործության արդյունքում փակվեցին ԵԱՀԿ գրասենյակները Թբիլիսիում (Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ) եւ Բաքվում (հենց իր` Ադրբեջանի նախաձեռնությամբ), իսկ հիմա արդեն` Հարավային Կովկասի երրորդ երկրում:

Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից որեւէ կերպ չհիմնավորված վետոյի իրավունքի կիրառումը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նկատմամբ, որը դարձել է վերջինիս գործունեության դադարեցման պատճառ: Մենք սա համարում ենք չափազանց վտանգավոր եւ միջազգային համագործակցությանը վնաս հասցնող նախադեպ:

Հայաստանի Հանրապետության իշխանություններից, պետական բոլոր կառույցներից մենք ակնկալում ենք առավել մեծ հետաքրքրվածություն ԵԱՀԿ-ի հետ համատեղ ծրագրերի իրագործման եւ այդ հեղինակավոր կազմակերպության հանդեպ ստանձնած քաղաքական բոլոր պարտավորությունների կատարման հարցում:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ԵԱՀԿ Եվրոպայի եւ նրա ոլորտային բոլոր կառույցներին, չնայած երեւանյան գրասենյակի փակմանը, երկկողմանի եւ բազմակողմանի համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ աշխատանքը Հայաստանի հետ: Հուսով ենք, որ ԵԱՀԿ անդամ պետություններն անհրաժեշտ ջանքեր կգործադրեն Հայաստանում եւ ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանում այդ կառույցի լիարժեք ներկայությունը վերականգնելու համար:

Կարծում ենք, որ փոխըմբռնման եւ վստահության վրա հիմնված աշխարհակարգի հաստատման վերաբերյալ վերջին տարիներին հետադիմական ուժերի մարտահրավերների առկայության համատեքստում առավել քան կարեւոր է կառուցողական մոտեցումների ակտիվ գործադրումը: Այն պետությունները, որոնց քաղաքականությունն ակնհայտորեն տարբերվում է միջազգային այս կամ այն ինստիտուտի դավանած սկզբունքներից, չպետք է ունենան որոշիչ ձայնի իրավունք, առնվազն` այլ երկրներում այդ ինստիտուտների գործունեության նկատմամբ:

Հուսով ենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումն այդ հարցում լավ դաս կհանդիսանա` վերջնականապես համոզվելու համար, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հետագայում նման ճգնաժամային իրավիճակները բացառելու համար:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031