Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սայլակի վրա նստած խաբում է»

Մայիս 26,2017 15:30

Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետ Օրդյանին էր դիմել Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, ԳԱԹ փոխտնօրեն Հովհաննես Զատիկյանը:
Նա հայտնել էր, որ երկու տարի առաջ ծանոթացել է Արման Աշոտի Գրիգորյանի հետ:
Ծանոթությունը կապված է եղել իր բնակարանի առքուվաճառքի հետ, Գրիգորյանը պետք է հանդես գար որպես միջնորդ նրա եւ բանկի միջեւ: Վարկավորման ճանապարհով բնակարանը բանկի միջոցով պետք է վաճառվեր:

Հետագայում, սակայն, պարզվել էր, որ Ա. Գրիգորյանը հարկային մարմիններին պարտքեր ունի: Հովհ. Զատիկյանը Ա. Գրիգորյանին տվել էր չորս հարյուր դոլար գումար, որը, սակայն, հաշմանդամ իրավաբանը չի վերադարձրել, քանի որ իր ասելով՝ հաշիվները սառեցվելու պատճառով գործարք չի կարողացել իրականացնել:

Ոստիկանության բաժնում դեռ անցյալ տարի Ա.Գրիգորյանը պարտավորվել էր գումարը վերադարձնել մինչեւ այս տարվա փետրվարը: Սակայն գումարը չի վերադարձրել, իսկ գտնվելու վայրն էլ փոխել է:

2016թ. հոկտեմբերի 11-ի բացատրության արձանագրության համաձայն, տվյալ անձը բնակվում էր Դավիթաշեն թաղամասում: Հաշմանդամ է, տեղաշարժվում է սայլակով:
Չնայած ոստիկանությունը տասն օր հետո հայտնել էր Հովհ. Զատիկյանին, որ նրա բարձրաձայնած պահանջը քաղաքացիաիրավական հարաբերություն է եւ դատարանով կարող է ընթացք տալ, հարուցվել է քրեական գործ, եւ ընթանում է նախաքննություն, քանի որ մեր տեղեկությունների համաձայն՝ տուժողների թիվը տասնյակների է հասնում:
«Առավոտին» Հովհ. Զատիկյանն ասաց, որ գումարը չի կարողացել թոռանն ուղարկել, ինչը պատճառ է դարձել, որ մեկ տարով նա ուսումնառությունից հետ է ընկել:

Ուշադրության արժանի է այն, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքում բացատրություն վերցրած անձը՝ տեսուչ Ս. Երանոսյանը հաստատել է այն արձանագրությունը, որում տվյալ անձը հանդես է եկել այլ ազգանունով՝ Ա. Սարգսյան:
ՀՀ քննչական կոմիտեից երեկ «Առավոտի» հարցմանը, թե կա,՞ արդյոք, մեղադրյալ այս գործով, արդյոք նախաքննությունը շարունակվո՞ւմ է, եւ ինչպիսի՞ն է ընթացքը, պատասխանեցին, որ «Երեւանի տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել «Վերածնունդ Ինվեստ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից խարդախությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակություն կատարելու, նշված ընկերության աշխատակիցներ հանդիսանալու, կեղծ տեղեկանքներ իրացնելու վերաբերյալ։ Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով Երեւանի Շենգավիթ, Աջափնյակ եւ Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում հարուցվել են քրեական գործեր եւ միացվել մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչությունում։

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացիների մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»։
Քրեական գործով երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031