Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը խոսեց հայերեն

Հունիս 01,2017 12:27

«Բարեւ ձեզ, ուրախ եմ գտնվել այստեղ, շնորհակալություն»,- Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսում այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայաստանցի լրագրողներին ողջունեց հայերեն: Ի դեպ, ինչպես պարզվեց հետո, ասուլիսի ընթացքում, դեսպանը բավականին տիրապետում էր հայերենին:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն խոսեց Հայաստան- Ֆրանսիա հարաբերությունների 25 ամյակի մասին, այդ ընթացքում կատարված աշխատանքների: Բացթողումներն, ըստ նրա, երեքն են`հայ-ֆրանսիական հարաբերությունները քարացած են կարծրատիպերի վրա, դրանք ավելի դինամիկ պետք է դարձնել, թարմացնել: Անցած 25 տարիների ընթացքում ֆրանսերենը Հայաստանում ետ է գնացել`2/3-ով զիջել է դիրքերը: Երրորդը`տնտեսական ոլորտն է`առեւտրատնտեսական հարաբերությունները նվազ են: «Տեղից ցատկ կատարվել է, ֆրանսիական ձեռնարկությունները սկսել են Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել»,- հայտարարեց դեսպանը:

Դեսպանը խոսեց նաեւ Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների, կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Ասաց՝ նախագահական ընտրություններից հետո, իր երկրից արտաքին քաղաքական դաշտում պետք չէ խորը փոփոխություններ ակնկալել: Դրանք Ֆրանսիայում կոնսենսուսով են որոշվում: Նա նկատեց`պարոն Մաքրոնն առաջին քայլերն արել է`յոթնյակի գագաթաժողով, ՆԱՏՕ-ի գագաթաժողով, Մաքրոն-Պուտին հանդիպում եղավ:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները վաղեմի, խորը պատմություն ունեցող հարաբերություններ են, վստահ եմ, դրանք այդպիսին էլ պիտի մնան: Մեզ մնում է դրանք մոդեռնիզացնել եւ ավելի դինամիկ դարձնել»,- ասաց դեսպանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`Ֆրանսիայի նորընտիր նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՄ-ում փոփոխությունների մասին. ի՞նչ փոփոխությունների մասին էր խոսում Ֆրանսիայի նորընտիր նախագահը, ի՞նչ կբերեն այդ փոփոխությունները:

«Հիմա կոնկրետ պատասխաններ տալու համար մի քիչ վաղ է: Բայց ասեմ, որ նախընտրական արշավի ժամանակ տեղի ունեցած դեբատներում հստակ դիրքորոշումներ արտահայտեցին, քանի որ բրիտանական «բրեքսիթի» արդյունքները թարմ էին: Բայց նախընտրական դեբատները ցույց տվեցին Ֆրանսիայի նախընտրած քաղաքականությունը`հանձինս Մաքրոնի գծի»,- ասաց դեսպանը`հիշեցնելով, որ մինչ «բրեքսիթը», Եվրոպան մի քանի ճգնաժամային պահեր էր ապրել`Հունաստանի ճգնաժամը, ներգաղթյալների հոսքը եւ այլն ու բնական էր, որ քաղաքական գործիչները` դիմելով հասարակություններին, ուզում էին հստակություն մտցնել`միով բանիվ մնո՞ւմ են եվրոպական ընտանիքում, թե`ոչ:

«Ամեն դեպքում, նորընտիր նախագահ Մաքրոնի մոտեցումը հետեւյալն է`ԵՄ-ն պետք է ուժեղացնել, ավելի մատչելի եւ հասանելի դարձնել ժողովրդավարական արժեքներին, քաղաքացուն ավելի մոտ ԵՄ ունենալ, այսինքն, ԵՄ-ն կարողանա իր սոցիալ տնտեսական հարցերը լուծել`զերծ մնալով բրյուսելյան տեխնոկրատ վարչարարությունից»,- ասաց դեսպանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930