«Անցած ամբողջ ութ տարիների ընթացքում երևի ամենասարսափելի բանը ոչ միայն հողային, հայրենիքի, պետության, ինքնիշխանության կորուստներն էին, այլև, իմ կարծիքով, բարոյական արժեքների կորուստները և ներքին հասարակական հարաբերություններում նոր վարքականոնի, նոր վարքուբարքի ձևավորումը։ Վարքուբարք, որը ենթադրում է ընդդիմախոսի հանդեպ բացահայտ ատելության բորբոքում ու թեժացում, վիրավորանքներ և բարձր աղաղակներ»,- ասաց Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին։
«Մարդիկ նայում և վերածվում են այն սարսափելի համայնքին, որտեղ իշխում են քրեական ենթամշակույթին բնորոշ օրենքներ։ Այսինքն, ես փաստարկներ չունեմ, բայց ձայնս կբարձրացնեմ, կգոռամ ու կվիրավորեմ։ Ընդ որում, դա հին վարքականոն է։ Ցավոք, այս խորհրդարանում տեսնում ենք այդ «վիշապի ատամները», իսկ ատելությունը «վիշապի ատամներին» բնորոշ իրողություն է, որ սերմի նման երբ ցանում ես, բերք է տալիս։ Մենք տեսնում ենք, որ սերմանվող միջանձնային, ներհասարակական, ներազգային ատելությունը հասնում է իր գագաթնակետին։
Ես համոզված եմ, որ արցախցիների հանդեպ այդ բացարձակ անհասկանալի ատելությունը ընդամենը առաջին փուլն է։ Հետագայում նույն տիպի ատելության բախվելու են նաև հայրենիքիս այլ վայրերի փախստականները։
Վարչապետը հասկանում է, որ աշխատանքը պատշաճ մակարդակով չի կատարվում և անցնում է վիրավորանքների ու աղաղակների»,- ասաց քաղաքական գործիչը։
Կարդացեք նաև
Նարինե Դիլբարյանը ցնցակաթվածի հասնող ապրումներ է ունեցել իշխող կուսակցության պատգամավորներից մեկի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունից, երբ նա բղավելով ասում էր, որ Քրիստինե Վարդանյանը վերջին դաշնակցականն է լինելու և արմատախիլ պիտի լինի դաշնակցականությունը։ «Մենք արձանագրեցինք, որ դա պետք է դառնա հաղորդում հանցագործության մասին, որովհետև ոչ միայն մի անձի էր սպառնում և այդպես թիրախավորում, այլ մի ամբողջ քաղաքական ուժի։ Գուցե ինքը թիրախավորում էր, որովհետև ոչ թե գաղափարները իրեն դուր չէին գալիս։ Ոչ, ՀՅԴ-ն Առաջին Հանրապետության ստեղծման հիմքում ընկած ազատագրական պայքարի կուսակցությունն է։ Ի վերջո, մենք կարող ենք քննարկել այդ շրջանի դաշնակցության իշխանությունը ապագայի մեր տեսլականում՝ սխալներ, բացթողումներ։ Բայց ԱԺ-ում մեկ այլ կուսակցության ներկայացուցչի այդ զարհուրելի աղաղակները, ըստ էության, բռնության կոչերը, իրոք հանցագործություն է»։
Նարինե Դիլբարյանը նաև խոսեց վարչապետի ատելության պոռթկումներին հաջորդող սիրո պոռթկումների մասին՝ այդ երևույթը գնահատելով շատ վտանգավոր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































