Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրվագծվում է ընդդիմադիր հատվածի «գրոհային»-լուսանցքայինների փաղանգը. «Հայոց աշխարհ»

Հունիս 15,2017 12:17

Հայրենի քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի հատվածում հետաքրքրություն հարուցող անցուդարձ է նկատվում: Դիտարկվող դրսեւորումները թույլ են տալիս ասել, որ դեռ սուր զարգացումներ կլինեն:

Ճիշտ է, ներկա փուլում դրսեւորումներն ու սպասելի զարգացումները, չնայած իշխանություններին հասցեագրված ձեւակերպումներին, սուր մասով առավելապես ուղղված են հենց ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչների դեմ: Այլ կերպ ասած՝ մի տեսակ «ներտեսակային պայքարի» նախանշաններ կան: Ըստ երեւույթին տեղի է ունենում ընդդիմադիր ուժերի որոշակի սահմանազատում՝ իրենց մոտեցումներին եւ դիրքավորմանը համապատասխան:

Այդ տեսանկյունից, օրինակ, ուշագրավ էր զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու պահանջով երեկ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների ստորագրությամբ տարածված հայտարարությունը:

Բուն հայտարարության բովանդակությունը առանձին հարց է: Մեզ հետաքրքրող երեւույթի առումով ավելի հետաքրքիր էր հայտարարությանը միացածների ցանկը, իսկ ավելի կոնկրետ՝ այդ ցանկում նշվածներից մի քանի կազմակերպություն:

Հիշյալ հայտարարությունն ստորագրել են, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին», Պետրոս Մակեյանի «Ժողովրդական հայրենիքը», «Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը (վաղո՜ւց չէր «երեւում»), եւ որ շատ հետաքրքիր է՝ «Ժառանգությունը», միանգամից երկու դեմքով՝ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Անհասկանալի է, թե ինչու չէին գրվել այդ կուսակցության մեջ մնացած մյուս անձանց անունները: Թեպետ իրականում անհասկանալին այն պահն է, որ նույն կուսակցությունից հարկ են համարել նախագահ-փոխնախագահով ստորագրել:

Ինչեւէ, թվարկենք նաեւ մյուսներին. «Նժդեհյան ցեղակրոն», «Հայք» (Հայկազուններ) եւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» (Սոս Գիմիշյան) կուսակցություններ՝ իրենց համապատասխան ներկայացուցիչներով:

Կարելի է ասել, որ թվարկված ցանկով, իհարկե մեկ-երկու բացառությամբ կամ վերապահմամբ, հիմնականում ուրվագծվում է ընդդիմադիր հատվածի «գրոհային»-լուսանցքայինների փաղանգը: Այսինքն՝ «պլյուս-մինուս» մեկ-երկու կազմակերպություն, նշվածները կկազմեն այն խմբավորումը, որն առավել ագրեսիվ ու արմատական դիրքավորմամբ է փորձելու աչքի ընկնել: Եվ «գրոհային» ասելով, հարկավ, առաջինը հենց այդ պարագան նկատի ունենք:

Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու մասին հայտարարությանը, ապա դրա ձեւակերպումները հետեւյալն են. «Հաշվի առնելով այն, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքագիտական հանրությանը եւ հասարակության լայն շրջանակներին հայտնի է իր հետեւողական նվիրվածությամբ՝ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին, նրա դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակադրվածությունն ակնհայտ է. ի դեմս Անդրիաս Ղուկասյանի վարկաբեկել Հայաստանում խաղաղ քաղաքացիական անհնազանդության շարժման բոլոր մասնակիցներին՝ ստիպելով նրանց քաղաքական բիրտ հալածանքի սպառնալիքով հրաժարվել միջազգայնորեն ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից»։

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930