Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի

Հունիս 22,2017 12:42

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը 2017թ. հունիսի 22-ին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

Այս կառավարության նախորդ՝ կարճաժամկետ ծրագիրը բնորոշել եմ մեկ բառով՝ գործնական: Մինչև այսօր արվածի հիմքով՝ վերահաստատում եմ այդ գնահատականը՝ արդեն իբրև այս վարչապետի ու այս կառավարության բնութագիր:

Գործնականությունը այս փուլում, թերևս, ամենապահանջված հատկանիշն է: Երբ կատարված է հանրային կյանքի բոլոր ոլորտների ախտաճանաչումը, երբ համատեղ ուժերով ձևակերպված են երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին դժվարագույն մարտահրավերները, երբ նախանշված է ուժեղ, մրցունակ, ազատ պետություն դառնալու նպատակը, ամենօրյա գործնական աշխատանքը այլընտրանք չունի:

Ներկայացվող ծրագիրը, անկախ տարբեր կարծիքներից, հարկ եղածից ավելի մանրակրկիտ է՝ ոլորտ առ ոլորտ հստակ, չափելի, կոնկրետ պատասխանատվություն ենթադրող ժամանակացույց-անելիքներով: Քաղաքացին, քաղաքական ուժերը, ցանկության դեպքում, կարող են հետևել ժամանակացույցին և արածի ու չարածի հաշվետվություն պահանջել:

Ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են, որոնք, մեր բառապաշարով, պետք է լինեն արմատական ու որակական:

Երկրի իրավիճակից մեկնելով՝ արմատական բարեփոխումները հանրության որոշ շերտերի համար կարող են նաև ցավոտ լինել: Այս առումով չափազանց կարևոր է, որ ծրագրի նշանային՝ ¦բարձրացնել և ամրապնդել արդարության ու վստահության մթնոլորտը մեր հասարակությունում§ արտահայտությունը կյանքի կոչելու տեսանելի քայլեր կատարվեն:

Եթե կառավարությունը կարողացավ հանրության գոնե մի մասի մոտ կոնկրետ արդյունքներով լավատեսություն, վաղվա հանդեպ հավատ ներշնչել, հասարակության առողջ հատվածը կմասնակցի բարեփոխումներին: Առանց այդպիսի մասնակցության, առանց հետադարձ կապի ապահովման՝ ցանկացած, նույնիսկ լավագույն ծրագիր դատապարտված է:

Խոսքի և գործի հակասության ամենափոքր դրսևորումը, ինչը գրեթե միշտ բնորոշ է եղել մեր իրականությանը, քաղաքացին արձանագրում է ու պետության,իշխանության հանդեպ վերաբերմունք ճշտում: Բացասական վերաբերմունք՝ բոլոր հետևանքներով: Կառավարությունից պահանջում եմ՝ հատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքին:

Ասում եք՝ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարելու եք, պետք է գործնական քայլերով ապացուցեք: Ասում եք՝ արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու, ասում եք՝ հավասար մրցակցային պայմաններ եք ապահովելու, օրենքը տարածվելու է բոլորի վրա, հարկային-մաքսային մարմինները անկողմնակալ են լինելու, իրավապահները ծառայելու են ոչ թե իշխանությանը, այլ՝ քաղաքացուն, դարձյալ պետք է գործնականում ապացուցեք:

Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու:

Կոնկրետ մարդը պետք է տեսնի իր հանդեպ պետական մարմինների, պաշտոնյաների վերաբերմունքի էական տարբերություն: Հանրային ծառայողի նոր վարքականոն է պետք պարտադրել, նոր մոտեցումներից բխող կադրային քաղաքականությամբ: Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի:

Առարկայական, բովանդակային քննարկումից խուսափողներ միշտ են լինելու: Բայց և՛ նրանց, և՛ հանրության համար հարկ եմ համարում ծրագրից մեջբերել մի շարք բանալի արտահայտություններ. ¦հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարներ§, ¦անվտանգ, արդար, ազատ, խելացի Հայաստան§, ¦կիրթ, մոտիվացված, շարժունակ աշխատուժ§, ¦ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործում§, ¦Հայաստանի թվային օրակարգ§, ¦Սփյուռքահայության և Հայրենիքի ամուր կապի ստեղծման բանաձև§, ¦ազգ-բանակ§, ¦արտահանումը՝ 40-45 տոկոս§, ¦կապիտալ ծախսերի աստիճանական ավելացում§, ¦արտաքին պարտքի կայունություն§, ¦հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 2,5 տոկոս աճ§, ¦տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ§, ¦պարենի ինքնաբավությունը՝ մինչև 75 տոկոս§, ¦ուսուցիչների վարձատրության, խրախուսման նոր մեխանիզմներ§, ¦բազմազավակ ընտանիքների աջակցության նոր օրենք§:

Այս ամենի հիմքում, տեղյակ ենք, նախապատրաստված ծրագրեր գոյություն ունեն: Բայց դրանք կյանքի կոչելու համար այս կառավարությանը, այս վարչապետին ամենից ավելի վճռականություն է անհրաժեշտ: Սկսածը մինչև վերջ տանելու, ոչնչի առջև կանգ չառնելու վճռականություն:

Նախկինում մենք կառավարության ավելի հավակնոտ ծրագիր էլ ենք ունեցել: Բայց այն, կարծում եմ, ձախողվել է ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, այլև անվճռականության ու հարմարվողականության պատճառով:

Գործով, առանց աջուձախ նայելու առաջ գնալը, համոզված եմ, այլընտրանք չունի: Այդ դեպքում ա՛յս կառավարությունը կշարունակի վայելել Դաշնակցության ամբողջական աջակցությունը:

Հիմա էլ խանգարողներ լինելու են, անցյալի անցքերից մտնել փորձողներ լինելու են, քաղաքական կյանքի սև խոռոչը ինքնաբավարարմամբ հինգ տարում էլ նոր բան չի ծնելու: 2018-ի քաղաքական կեղծ օրակարգը թեժացնողներ լինելու են:

Ներեցեք, որ հարցնում եմ, բայց ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ: Ձեր մոտեցումները դրանից փոխվելո՞ւ են: Արտակ Զեյնալյանը սոցիալիստ-պահպանողակա՞ն է դառնալու: Ինն ամիս համբերեք, հարցեր չեն մնա:

Հարգելի գործընկերներ,

Սա մեր կառավարությունն է, մեր ծրագիրն է, և մենք հետևողականորեն գնալու ենք երկիրը արմատական, որակական փոփոխությունների տանող ճանապարհով:

Իմ համոզմամբ, նոր սկիզբը դրված է: Մնում է աշխատանքով քայլ առ քայլ Հայաստանը դարձնել արդար, անվտանգ, զարգացող պետություն:

Զուտ հայկական պետություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930