Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնախավի «մկրտությունը»

Հունիս 27,2017 10:10

Ժամանակ առ ժամանակ, սովորաբար` շաբաթը մեկ-երկու անգամ, տեղեկատվություն է հայտնվում փոխհրաձգության, կրակոցների, փողոցային խուլիգանության, ծեծկռտուքի, քաշքշուկի մասին: Բնականաբար, նման միջադեպեր տեղի են ունենում նաեւ այլ երկրներում, այդ թվում՝ շատ զարգացած: Բայց հետխորհրդային երկրներում կատարվող նման դեպքերն ունեն մի առանձնահատկություն. դրանց, որպես կանոն, խառնված են լինում կա՛մ պաշտոնյաները (նույն իրենք՝ բիզնեսմենները), կա՛մ նրանց հարազատները: Պատճառն, ինձ թվում է, շատ պարզ է. անպատժելիությունը, «հաբռգածությունը», ցինիզմը համարվում են «հաջողության բաղադրիչներից» մեկը: Ինչի՞ համար է մարդը ձգտում պաշտոնի. Հայաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում այդ հարցի պատասխանը միանշանակ է՝ փողի: Բայց կա նաեւ հաջորդ հարցը՝ իսկ նրա ինչի՞ն է պետք փողը: Միաժամանակ երկու ննջարանում քնել հնարավոր չէ, ժամը մեկ քյաբաբ ուտելը նույնպես չի տեղավորվում բնական կարիքների բավարարման շրջանակներում: Ուրեմն կա ավելի «վեհ» նպատակ. մարդկանց վրա «վերխ վերցնել», ապացուցել, որ դու «վերնախավին» ես պատկանում: Ինչո՞վ, ինչպե՞ս. նախեւառաջ՝ անպատժելի կրիմինալ վարքով:

Ապօրինությամբ ինքնահաստատվելն ընդհանրապես հատուկ է հայաստանյան մշակույթին: Եթե դու այն աստիճանի «լավ տղա» ես, որ շրջադարձ կատարելիս երկու հոծ գիծ ես անցնում եւ խցանում ստեղծում (եթե, իհարկե, տեսախցիկ չկա), կամ՝ եթե այդքան «շուստրի» ես, որ կարողանում ես հարկերը թաքցնել, դա, ինչ խոսք, արդեն ինքնին խոսում է քո «արժանիքների» մասին եւ մոտեցնում է քեզ «վերնախավին»: Բայց բուն «վերնախավ» լինելու համար նման բաներն ակնհայտորեն քիչ են: Վերնախավի «մարտական մկրտությունն» է ատրճանակ (ցանկալի է, իհարկե, ինքնաձիգ) վերցնելը, Երեւանի, Գյումրիի կամ որեւէ այլ քաղաքի փողոց դուրս գալն ու աջուձախ կրակելը: Այս պարագայում դու յուրային ես դառնում «վերնախավում»: Բա էլ ինչի համար է «պապան» պաշտոն եւ փող ձեռք բերել, եթե «լավ տղեն» չկարողանա «պատժել իրեն նեղացնողներին»:

Դա մի կողմից, իհարկե, պետության թուլությունն է, որ չի կարողանում սաստել այս միջավայրի երիտասարդներին, մյուս կողմից էլ՝ պաշտոնյաներն ու մեծահարուստներն իրենց զավակներին դաստիարակում են կրիմինալ արժեքային համակարգի ոգով: Ինքնին պաշտոն ունենալն ու հարուստ լինելը ամոթ բան չէ: Աննորմալ է, երբ դրանք ծառայում են ոչ թե մարդկանց օգտակար լինելու, այլ «գողական մեթոդներով» ինքնահաստատվելու համար: Եվ շատ բնական է, որ այդ ինքնահաստատումը ժամանակի ընթացքում բումերանգի էֆեկտ է տալիս: Դեռ լավ է, երբ բումերանգը խփում է հենց «հաբռգածներին», ոչ թե նրանց երեխաներին եւ թոռներին:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անհերքելի է որ Հայաստանում, բացառապէս տղամարդոց մօտ (եւ սա մէկը ողջունելի իւրայատկութիւն է, շատ մը այլ երկիրների բաղդատած – նոյնիսկ հայերի պարագային, այլ երկիրներում… -), առկայ է, ասենք, կոշտ-ու-կոպիտութեան մշակոյթ:

    Այս հաւաքական բնաւորութեան ափսոսալի գիծը երբեմն ալ արտայայտւում է զէնքով, կրակոցներով: Անվայել վարքագիծ, որ վնասում է ամբողջ երկրի թէ ներազգային պատկերացման եւ թէ համաշխարհային համբաւին:

    Քաղաքա-տնտեսական վերնախաւի կարգ մը շփացած լակոտները յաճախ դերակատարներ են, այս անճոռնի դէպքերում – որոնք ողբերգական կը դառնան , երբ որ լուրջ զոհ կայ -:

    Սակայն չկա՞ն արդեօք ղեկավար դասակարգի զաւակներ, որոնք երբեւիցէ եւ որեւէ կերպով չունեն այդպիսի փողոցային վարքագիծ: Երեւի կան, թէ ոչ այդպիսի դէպքեր տեղի կ’ունենային ոչ թէ պարբերաբար, միջին հաշւով թերեւս ամիսը մէկ, այլ առօրեայ յաճախակիութիւն:

    Միւս տեսանկիւնից՝ եթէ շատ մը տղամարդոց, որոնք կապ չունեն վերնախաւին հետ, շնորհուի անպատժելիութիւն, անոնք ալ վստահաբար կը գործադրէին բռնութեան անմիտ արարքներ:

    Այստեղ եւս, խնդիրը ուրեմն լայնատարած է, եւ այդ հետամնաց, նախնական եւ ոչ-հայավայել machismo-ի մշակոյթն է որ հարկաւոր է սրբագրել յատկապէս Հայաստանում: (Զգուշանալով սակայն կարգ մը ֆեմինիստ գործիչներից, որոնք կամ քաղաքական յետին նպատակներ ունեն, կամ ել ուզում են հակառակ ծայրահեղութեան երթալ, եւ տղամարդը դատարկել իր սեռային տարրական ինքնութիւնից – աւելի… պատկերով ձեւով չբանաձեւելու համար սոյն վայրագ միտումը – ) :

  2. henri says:

    Ամէն լեզուներով նոյն բացատրութիւնը կը հնչէ այս մասին -ՁՈՒԿԸ ԳԼՈՒԽԷՆ ԿԸ ՀՈՏԻ — չեմ կարծեր որ մեր ամենակարող-միահեծան նախագահը որ զարմանալի ճշգրտութեամբ կը հասնի
    երկրին ամենախրթին հարցերը լուծելու և նոյն օրը Բրիւքսէլ-Ստրասպուրկ-կամ Աստանա մեկնելու
    աշխարհի մեծերուն հետ ջերմօրէն ձեռնոտուելու, չգիտնայ թէ Գումայրիում կամ Գորիսում իր խրտուիլակները ինչ գործի վրայ են և ովքեր կը խուսափին հարկերը վճարելէն…Մէկ էլ տեսար երեկոյեան տուն վերադարձին ,Արցախի յառաջացեալ դիրքերու վրայ է զինուորական արդուկուած
    տարազով նորակոչիկներուն հայրենասիրութեան քարոզ կարդալու և հուռռաներ խլելու,մինչ պատերազմի արհաւիրք տեսած տարեց զինակիցներ ճաղերու ետեւ կը գտնուին առանց բաւարար
    պատճառի – կը շշմիս,չես հասկնար թէ ինչ ՞ կը պատահի մեր հայրենիքի մէջ;…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930