Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Դրա արձագանքը կլինի շատ կոշտ». Դավիթ Հարությունյանը՝ թավշյա հեղափոխության մասին (Տեսանյութ)

Հունիս 28,2017 13:21

Ընդդիմադիրները նշում են, որ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր հայտարարությունների, որ չի պաշտոնավարելու, վարչապետի պաշտոնում շարունակի պաշտոնավարել, սա կարող է հանգեցնել թավշյա հեղափոխության:

Այս մասին լրագրողների հարցին այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Իմ ուրախությունը պետք է հայտնեմ, որովհետեւ տարիներ շարունակ թավշյա հեղափոխության մասին խոսողները ասում էին՝ վաղը, վաղը, հիմա գոնե մի քանի ամիս հետաձգում են, դա ողջունելի է»:

Հարցին՝ այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի ծրագրում կա՞ 2018-ից հետո պաշտոնավարել, կառավարությունը ղեկավարել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դուք շփոթել եք, ես Դավիթ Հարությունյանն եմ, սխալ հասցեատիրոջ եք հարցը տալիս»:

Թավշյա հեղափոխությանը Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների մասին չե՞ք մտահոգվում հարցին՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր էր լսել մեր ընդդիմադիր գործիչներին: Եթե խոսքը վերաբերում է հեղափոխությանը, դրա արձագանքը կլինի շատ կոշտ, իսկ ընդդիմադիրների խոսքը եթե պարունակում է առողջ քննադատություն եւ եթե կա միտք՝ դա ողջունելի է, շատ լավ է, նաեւ իշխանությանը ստիպում է ավելի ճկուն լինել, մտածել, բացթողումները տեսնել»:

Լրագրողները ճշտեցին՝ կոշտ արձագանք ասելով ի՞նչ նկատի ունեք՝ արյունահեղությո՞ւն կլինի՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հեղափոխություն, եթե խոսքը վերաբերում է բռնի ուժող տեղափոխությանը, ենթադրում է նաեւ համապատասխան ազդելու միջոցներ: Թավշյա հեղափոխությունը ինձ որեւէ բան չի ասում, որովհետեւ ես լավ չեմ պատկերացնում՝ ի՞նչ նկատի ունեն՝ ասելով թավշյա հեղափոխություն»:

Ինչ վերաբերում է 2018-ի ապրիլի վերաբերյալ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի անելիքներին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ վաղաժամ է նման կանխատեսում անել: 2018-ի ապրիլին կարող է լինել այլ իրավիճակ՝ քաղաքական, արտաքին մարտահրավերներ, որոնք հուշելու են, թե ինչ ճանապարհով պետք է գնալ առաջ:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը 2040-ի մասին էր խոսում, այդ դեպքում նա ինչո՞ւ է նման հեռահար կանխատեսում անում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած իշխող ուժ, բնականաբար, միշտ ծրագրում է, որ ինքը պետք է լինի իշխող ուժ, դա բնական է, քաղաքական տրամաբանություն է: Հակառակ դեպքում պարզ չէ՝ ինչո՞ւ պետք է մնան քաղաքականության մեջ: Պատկերացրեք, որ դուք որոշեք զբաղվել սպորտով, որպեսզի մի օր, լինելով առաջին տեղում, զբաղեցնեք 3-րդ տեղը: Դա կլիներ անհեթեթություն: Հիմա դուք մեղադրում եք, թե ինչու քաղաքական ուժը չի հայտարարում անհեթեթ բաներ»:

SAS-ի ժողովի ձայնագրության հետ կապված հարցին Դավիթ Հարությունյանը չպատասխանեց, նա ասաց, որ քրգործի ընթացքի մասին չգիտի: Բայց պետք է խստացնել պատասխանատվությունը՝ նման դեպքերի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930