Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկվել է երթևեկության հետ կապված խնդիրները

Հուլիս 07,2017 13:40

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերով:

Օրակարգում ներառված առաջին հարցը, որը բարձրացրել է Հանրային խորհրդի անդամ Արթուր Գրիգորյանը, վերաբերել է ճանապարհային ոստիկանությանն ու երթևեկության կազմակերպմանը մայրաքաղաքում ու մարզերում: Հարցի քննարկմանը հրավիրված են եղել մասնակցելու նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՃՈ ծառայության գծով պետի տեղակալ, գնդապետ Հովիկ Սարգսյանը, ՃՈ տեսանկարահանող և լուսանկարահանող խախտումների արձանագրման վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը և ՃՈ իրավաբանական ծառայության ղեկավար, գնդապետ Արման Չիլինգարյանը:

ՀԽ անդամ Արթուր Գրիգորյանը ներկայացրել է ճանապարհային ոստիկանության համակարգին առնչվող այն մտահոգություններն ու խնդիրները, որոնք բարձրաձայնում է հասարակությունը, մասնավորապես՝ Երևանում և մարզերում ճանապարհային նշանների վիճակը, ոչ արդյունավետ տեղադրվածությունը, արհեստական խոչընդոտների (այսպես կոչված «պառկած ոստիկանների») տեղադրման չափորոշիչները՝ հաճախ անօրինական ձևով կառուցված, որոնք մշտապես խնդիրներ են ստեղծում վարորդների համար, որոշ ավտոմեքենաների վրա տեղադրված քսենոնային լամպերի հարցը, ինչն անթույլատրելի է և վտանգավոր երթևեկության համար, մայրուղիներում բնակավայրերի ցուցանակների ոչ ճիշտ վայրում տեղադրված լինելու հարցը, ՃՈ աշխատակիցների՝ հատկապես մայրուղիներում ծառայություն կրելու խնդիրները, երբ վերջիններս «թաքնվում» են՝ փորձելով «դարանակալել» վարորդին, ոչ հարմար վայրերում կարմիր նշագծումների առկայությունը, ինչը խոչընդոտում է երթևեկությանը, ասֆալտի նշագծումների վատ վիճակը, լուսացույցների հետ կապված խնդիրները, խցանումների պատճառներն ու դրանց լուծման ուղիները և այլ հարցեր:

Բարձրացվել է նաև ռուսական պետհամարանիշներով մեքենաների վարորդների՝ երթևեկության կանոնների բացահայտ խախտման և արտոնյալ վիճակում գտնվելու խնդիրը, ինչը ոչ միայն վտանգավոր է երթևեկության համար, այլև անպատժելիության և խտրականության մթնոլորտ է ստեղծում հանրության շրջանում: Ոստիկանության պետի տեղակալը հայտնել է, որ այդ խնդիրը նաև ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում է: Նա նշել է, որ այս պահին, երբ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենայի իրավախախտում կատարած վարորդին, վերցնում է վարորդական իրավունքի վկայականը, արձանագրում խախտումը, և վարորդն իր վկայականը կարող է ստանալ միայն այն ժամանակ, երբ ՃՈ ներկայացնի վարչական իրավախախտման տուգանքի վճարման անդորրագիրը: Սակայն ոստիկանությունը արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների իրավախախտումների դեմ պայքարելու մեկ այլ համակարգ է պատրաստվում ներդնել. ՀՀ մտած արտասահմանյան տրանսպորտային միջոցները կֆիքսվեն, և եթե դրանց վարորդները որևէ խախտում արձանագրած կլինեն ու պետության նկատմամբ կունենան պարտավորություն, ապա տուգանքը կվճարեն սահմանին, միաժամանակ կզգուշացվեն, որ հաջորդ անգամ իրենց մուտքը ՀՀ արգելվելու է: Նշենք, որ ԵՏՄ երկրներում ցանկացած տրանսպորտային միջոց 2 տարի կարող է առանց վերաձևակերպման օգտագործվել, իսկ տեսանկարահանող սարքերը արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների խախտումները չեն արձանագրում, քանի որ հնարավոր չէ իրավախախտ վարորդի հասցեով ծանուցում ուղարկել:

Քննարկվել է նաև երթևեկության կանոնների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման հարցը: Սամվել Հովհաննիսյանը հայտնել է, որ Կրթության և գիտության նախարարության հետ քննարկում են երրորդ, չորրորդ և հինգերորդ դասարաններում ճանապարհային երթևեկության կանոններին նվիրված դասընթացներ, և ոստիկանությունն իր վրա է վերցրել մանկավարժական կազմի վերապատրաստման ու թեմաների տրամադրման հարցը:

Նիստի ընթացքում բարձրացված շատ հարցեր, ըստ ոստիկանության ներկայացուցիչների, իրենց իրավասությունից դուրս են և գտնվում են Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Տրանսպորտի և կապի նախարարությունների իրավասության տակ: ՀԽ անդամները եզրակացրել են, որ այդ կառույցների՝ մասնավորապես Երևանի քաղաքապետարանի հետ ճանապարհային ոստիկանության համագործակցությունը լիարժեք չէ, և անհրաժեշտ է ստեղծել գործառույթների վերաբաշխման առավել արդյունավետ համակարգ: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է այդ հարցը լրացուցիչ քննարկել:

Այնուհետև Հանրային խորհուրդն անցել է նիստի օրակարգի հաջորդ հարցերին: Խորհրդի անդամները լսել են ՀԽ անդամ Հայկ Դեմոյանի հակիրճ հաղորդագրությունը վերջերս հրատարակված «Հայոց Պատմություն» բազմահատորյակի վերաբերյալ, որտեղ, ըստ Դեմոյանի, մեր պատմությունը ներկայացվում է ոչ շահեկան դիրքերից:

Հանրային խորհուրդն ի գիտություն է ընդունել Դեմոյանի հաղորդագրությունը, սակայն չի քննարկել հարցը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է այս և առհասարակ Հայոց պատմության մեկնաբանության և լուսաբանման հարցերը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և, հրավիրելով բոլոր կողմերին, ծավալել համակողմանի քննարկում:

Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է «Նոյան տապան» համալիրի կառուցման վերաբերյալ ստացած առաջարկությունը: Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել հարցը քննարկել ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում՝ հրավիրելով նախագծի հեղինակներին, համապատասխան պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներին:

Նիստի ավարտին ՀԽ անդամներ Հայրապետ Գալստյանը և Սմբատ Լպուտյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն են ներկայացրել ս.թ. հունիսի 14-ին Հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկման վերաբերյալ՝ կապված մի շարք բուժհաստատությունների մասնավորեցման և «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (ուսանողական պոլիկլինիկա) լուծարման հարցերի հետ: Հանրային խորհուրդը գտել է, որ մտահոգություններն այդ առումով չեն վերացել, ուստի պետք է շարունակել տարբեր հարթակներում դրանք բարձրացնել և լուծման արդյունավետ ուղիներ փնտրել:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31