Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ‹‹Ժողովրդավարություն›› խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ պատահական չէ խորհրդարանի երեք ուժերի (‹‹Ազատ հայրենիք››, ‹‹Դաշնակցություն›› և ‹‹Արցախի ժողովրդավարական կուսակցություն››) որոշումը՝ առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:
‹‹Այս երեք ուժերը եղել են այն հենարանը, որի միջոցով այս 10 տարիների ընթացքում իրականացվել են Բակո Սահակյանի քաղաքական և տնտեսական ծրագրերը՝ կապված երկրի զարգացման հետ: Այնպես որ ես պատահական չեմ համարում այս որոշումը: Գտնում ենք, որ Բակո Սահակյանը այն քաղաքական գործիչն է, ով համախմբող ուժ է հանդիսանում ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական քաղաքական շրջանակներում: Այդ իսկ պատճառով մեր կուսակցության համագումարում միաձայն որոշվել է առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը: Մենք նրա թեկնածությունը պաշտպանել ենք նաև 2007 և 2012 թվականներին››,-նշել է Վարդգես Բաղրյանը:
Նա ընդգծում է, որ Արցախում առաջին անգամը չէ, երբ պետք Ազգային ժողովն ընտրի երկրի նախագահին: Նման իրավիճակ եղել է 1994թ., երբ խորհրդարանի ընտրությունների արդյունքում նախագահ էր ընտրվել Ռոբերտ Քոչարյանը:
Ազգային ժողովի պատգամավորը նշում է, որ թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ երկրի անվտանգությունը. ‹‹Իմ կարծիքով այսօր մենք չենք կարող թույլ տալ մեզ գնալ երկատման, որը կարող է լինել այն դեպքում, երբ խորհրդարանի քաղաքական ուժերը առաջադրեն տարբեր թեկնածուներ: Այսօր քաղաքական ուժերի մասնատում մեր երկրի պարագայում անցանկալի է››:
Նրա խոսքով հուլիսի 13-ին հայտնի կդառնա է ընտրությունների օրը, որը կլինի հուլիսի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ