Լրահոս
Օրվա լրահոսը

Ասեցի՝ չկրակես, չշարժվես, դու չլսեցիր, ես էլ կրակեցի. ի՞նչ հանգամանքներում են ՊՊԾ գնդում սպանվել ոստիկանները. Aysor.am

Հուլիս 07,2017 23:35

Aysor.am -ը հրապարակման առաջին հատվածում ներկայացրել էր, թե ինչպես են «Սասնա ծռեր» խմբի անդամները կազմակերպել ու շուրջ մեկ տարի առաջ գրավել Երևանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության պարեկապահակետային (ՊՊԾ) գունդը:

Ոստիկանության ՊՊԾ գունդ զինյալները մուտք են գործել Գիչյանին պատկանող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով, որը վարել է խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանը: Բեռնատարով նա կոտրել է գնդի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարսպի մի հատվածը: Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, հրազենի գործադրմամբ ներխուժել են գնդի տարածք, բաժանվել մի քանի ենթախմբերի ու տարբեր ուղղություններով առաջացել: Նրանք, ընդհանուր առմամբ, զավթած են պահել գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող 24 ոստիկանական ու 11 քաղաքացիական տրանսպորտի միջոցներ:

Խմբի անդամները առաջինը պատանդ են վերցրել գնդի հսկիչ-անցագրային կետում ծառայություն իրականացնող ոստիկաններ՝ Արթուր Հարությունյանին, Արամայիս Մարտիրոսյանին և գիշերային հանգստի ժամին գնդի տարածքում, անցագրային կետի մոտ իր «ՎԱԶ 2101» մակնիշի մեքենայում հանգստացող Վլադիմիր Սիրեկանյանին: Մասնավորապես, մեղադրական եզրակացությունում կարդում ենք, որ Աշոտ Պետրոսյանը հարձակվել է Արամայիս Մարտիրոսյանի վրա, կապել ձեռքերը և պահել հսկիչ-անցագրային կետի հանգստի սենյակում:

Պավել Մանուկյանը, Մխիթար Ավետիսյանը և Արայիկ Խանդոյանը հարձակվել են Արթուր Հարությունյանի վրա, սպառնալիքով հափշտակել են նրա «ԱԿՍՈՒ-74» տեսակի ինքնաձիգը և մեկ հատ «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով:

Խմբի մի քանի անդամները հսկել են գնդի հսկիչ-անցագրային կետը և հարակից տարածքները, ինչպես նաև հսկիչ-անցագրային կետի հանգստի համար նախատեսված սենյակում պահվող պատանդառված ոստիկաններին, իսկ խմբի մյուս անդամներն առաջացել են գնդի շարային հրապարակի ուղղությամբ:

Խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը իր 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74-Ս» տեսակի ինքնաձիգից կրակոցներ արձակելով, գնդի մուտքի դարպասների կողմից վազել է դեպի շարահրապարակին հարակից գնդի հրամանատարական վարչական շենքի ուղղությամբ, հետապնդել շենքից դուրս եկած գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն, Սմբատ Բարսեղյանին հետևել է խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը: Նշվում է, որ Սմբատ Բարսեղյանը մտել է ՊՊԾ գնդի շենք և թաքնվել միջանցքի՝ դեպի Արթուր Վանոյանի աշխատասենյակ տանող պատի հետևում, որտեղից կրակ է արձակել միջանցքի ուղղությամբ: Շարունակելով դիմադրել՝ Արթուր Վանոյանը միջանցքի իր աշխատասենյակի մոտից «Մակարով» տեսակի ատրճանակից կրակ է արձակել Սմբատ Բարսեղյանի ուղղությամբ:

Մեղադրական եզրակացության մեջ կարդում ենք.

«Հասկանալով, որ Խաչատուր Մուրադյանը հնարավորություն չունի բացել դուռը, իսկ ներսում գտնվող հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը չի կատարում իրենց պահանջը՝ Արմեն Բիլյանն իր մոտ եղած ինքնաձիգից արձակած կրակահերթով վնասել է այդ դռան փականը, բացել դուռը և մտել ներս: Նրան հետևել են Արայիկ Խանդոյանը, ապա՝ խմբի մյուս անդամները»:

Այնուհետև Արմեն Բիլյանը միջանցքի նախամուտքում կրակոցներ արձակելուց հետո գնացել է դեպի հերթապահ մասի մուտքի դռան մոտ, որտեղ ծառայություն է իրականացնելիս եղել ոստիկանության աշխատակից Գագիկ Մկրտչյանը և ինքնաձիգից մինչև 10 սմ հեռավորությունից կրակ է արձակել Մկրտչյանի վրա:

Ոստիկանը կրծքավանդակ-որովայնային շրջանում և ձախ վերին վերջույթին ստացել է հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորում՝ ներքին օրգանների տարբեր վնասվածքներով: Եվ վիրավոր վիճակում Գագիկ Մկրտչյանը դուրս է եկել հերթապահ մասից, հասել գնդի շարային հրապարակում գտնվող արձանի մոտ ընկած ոստիկան Տիգրան Դանիելյանին, ում օգնությամբ հասել է հսկիչ-անցագրային կետ:

Որոշ ժամանակ անց հսկիչ-անցագրային կետի մոտ Գագիկ Մկրտչյանին են մոտեցել խմբի անդամներից Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը, որը իր շապիկով վիրակապել է Գագիկ Մկրտչյանի վնասված վերջույթը: Քիչ անց նրանց է մոտեցել Արմեն Բիլյանը:

Գագիկ Մկրտչյանը, դիմելով վերջինիս, հարցրել է. «ինչո՞ւ կրակեցիր», ինչին Բիլյանը պատասխանել է. «ասեցի՝ չկրակես, չշարժվես, դու չլսեցիր, ես էլ կրակեցի»: Դրանից հետո կազմակերպված խմբի անդամների պահանջով ոստիկան Տիգրան Դանիելյանը Գագիկ Մկրտչյանին ուղեկցել է գնդի տարածքից դուրս, ապա վերադարձել գնդի տարածք, քանի որ խմբի անդամները սպառնացել են՝ չվերադառնալու դեպքում գնդակահարել մյուս ոստիկան պատանդներին:

Գագիկ Մկրտչյանը, հասնելով Սարի թաղ տանող կամրջի մոտ գտնվող իրավապահ մարմինների պատնեշին, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացած հրազենային վնասվածքներից 2016 թվականի օգոստոսի 13-ին մահացել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Aysor.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31