Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Պետրոսյանը նախ՝ ձեռքով, ապա՝ իր մոտ եղած ինքնաձիգի խզակոթով հարվածել է Վալերի Օսիպյանի ծոծրակին եւ ուսերի շրջանին. «Հայոց աշխարհ»

Հուլիս 11,2017 13:14

Հետաքրքիր է, թե ինչպես է զինված խումբը պատանդ վերցրել ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին: Մեղադրականներում արձանագրված մանրամասնությունները, ի վերջո, ցրում են տվյալ զինված խմբի առասպելականացման մշուշի մի բավական խոշոր ամպ եւս:

Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 10-ի սահմաններում, գնդի տարածքից դուրս գալով՝ Պավել Մանուկյանն ու կազմակերպված խմբի մյուս անդամներ Սեդրակ Նազարյանը եւ Աշոտ Պետրոսյանը գնացել են պատանդներին ու զավթած շենք, շինություններն ազատելու շուրջ բանակցություն վարելու նպատակով ներկայացած ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ հանդիպման (ուշադրություն դարձնենք «բանակցություն վարելու նպատակով ներկայացած» արտահայտությանը- Ս.Պ.):

Սակայն առանց բանակցելու, Աշոտ Պետրոսյանը պոկել է Վալերի Օսիպյանի ուսադիրները, որից հետո նա Սեդրակ Նազարյանի, Մարտիրոս Հակոբյանի, Պավել Մանուկյանի հետ, իրենց մոտ կրած ինքնաձիգների գործադրմամբ, Վալերի Օսիպյանի եւ Վարդան Եղիազարյանի կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով (սպառնացել են՝ չենթարկվելու դեպքում «գյուլլել») նրանց եւս պատանդ են վերցրել, հրմշտելով՝ ուղեկցել են հսկիչ-անցագրային կետ եւ պահել:

Հսկիչ-անցագրային կետում Աշոտ Պետրոսյանը նախ՝ ձեռքով, ապա՝ իր մոտ եղած ինքնաձիգի խզակոթով հարվածել է Վալերի Օսիպյանի ծոծրակին եւ ուսերի շրջանին, ինչին հաջորդել են այլ զինյալների հարվածները վերջինիս մարմնի տարբեր մասերին: Էդվարդ Գրիգորյանը ոստիկանության պատանդառված պաշտոնյաներին կրկին ներկայացրել է իրենց պահանջները, իր մոտ եղած ինքնաձիգի ցուցադրմամբ սպառնացել, որ պետության կողմից իրենց պահանջները չկատարելու դեպքում պատանդներին կգնդակահարեն»:

Այն, որ զինված խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանը հարվածներ է հասցրել Վ.Օսիպյանին, պոկել է նրա ուսադիրները, մեղադրական եզրակացությունների եւ գործերի մեջ արտացոլված է մի շարք վկայություններով ու ցուցմունքներով: Դրա իրավական գնահատականը դատարանի խնդիրն է:

Սակայն ոչ իրավական եւ ընդհանուր վերաբերմունքի տեսանկյունից էական է մի քանի հանգամանք:

Ամենից առաջ այն, որ Երեւանի փոխոստիկանապետը պայմանավորվել է հանդիպել բանակցության համար եւ որպես բանակցող է մոտեցել զինված խմբի կոնկրետ անդամներին: Իսկ վերջիններս ուղղակի բռնել եւ պատանդ են վերցրել իրենց հետ պայմանավորվածությամբ բանակցելու եկած բարձրաստիճան ոստիկանին:

Երկրորդ՝ նա, ինչպես կարելի է ենթադրել, անզեն է եղել, ամեն դեպքում՝ ակտիվ դիմադրություն կամ որեւէ դիմադրություն ցույց չի տվել, զինված խմբի անդամներին կամ նրանց անվտանգությանը տվյալ պահին չի սպառնացել կամ վտանգ չի ներկայացրել, սակայն նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրվել, վիրավորական բնույթի գործողություն է կատարվել: Ու դրանից հետո զինված խմբի անդամներից մեկն ասել է, թե՝ «իրենց կռիվը նրանց հետ չէ»:

«Կռիվը նրա հետ չէ», բայց Վալերի Օսիպյանին խաբեությամբ պատանդ են վերցրել, նրա նկատմամբ բռնության դիմել, շարունակ սպառնացել, որ կոնկրետ իրեն կսպանեն:

 

Ստեփան ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ահա թէ ինչու մեռադրեալները, դատարանում իրենց իբրեւ թէ «հանդիսատես» մեղսակիցները, եւ իրենց փաստաբաններից ոմանք, ամէն ջանք թափում են որպէսզի դատավարութիւնը ձգձգուի, ընդհատուի… որպէսզի մէջտեղ չելլեն այս տեսակի հետաքրքրական բացայայտումներ, որոնց լոյսին տակ՝ Սասունը ամօթից երեւի իր անունը փոխել պիտի ուզէ…

    ընդգծենք նաեւ որ այդ գնդապետը, ազատութիւնը վերագտնելէ ետք, մի քանի օր իսկ արձակուրդ չառաւ, եւ արդէն անմիջապէս իր գործին վերադարձաւ, մինչեւս իսկ – անսահման համբերութեամբ – զսպելու համար զինք այդպէս խոշտանգած – եւ իր գործեղբայրները սպանած – այդ անձինքը փառաբանող ցուցարարների պոռթկումները…

    յարգանք

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31