Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տատիկներն այդքան երեխաներ են ծննդաբերել, ո՞վ է խմել վիտամին B9» (Տեսանյութ)

Օգոստոս 07,2017 14:21

«Ձեր տատիկը որ այդ վիտամինները չի օգտագործել, առողջ չի՞ եղել»,- այսպիսի հարց ուղղեց կենսաբան Վարդուհի Մելիքյանը, որն այսօր «Հայելի» ակումբում ասուլիս էր հրավիրել` ընդդեմ ալյուրը վիտամիններով հարստացնելու առողջապահության նախարարության նախագծի:

Տիկին Մելիքյանը համոզված է, որ առանց այդ վիտամինների էլ մարդիկ սնունդով այդ ամենը ստանում են եւ հավելյալ վիտամիններով հարստացնելու կարիք ամենեւին էլ չկա` հատկապես, որ Հայաստանում սննդամթերքը հագեցած է այդ վիտամիններով:

Aravot.am-ի այն հարցին, թե աղքատության այսպիսի բարձր տոկոսի պայմաններում մարդիկ կարո՞ղ են վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել, Վարդուհի Մելիքյանը պատասխանեց. «Պետությունը թող պայմաններ ստեղծի մարդիկ աշխատեն, ունենան բավարար սոցիալական պայմաններ` վիտամիններով հարուստ սնունդ ընդունելու: Սա ավելի կարեւոր խնդիր է, քան այդ օրենքի ընդունումը»:

Ըստ նրա, Խորհրդային տարիներին վիտամինացված ալյուր արտադրվել է միայն երեխաների համար, բայց դա նույնպես գործածության մեջ չի մտել:

Մանրամասները` տեսանյութում

Վարդուհի Մելիքյանի խոսքով, օրենքը պահանջում է, որպեսզի երեխաների սննդին ուշադրություն դարձնեն, որպեսզի այն բնական վիտամիններով հարստացված լինի. «Այսինքն` հումքատեսակները, որոնք օգտագործվում են հատկապես կրծքով կերակրվող երեխաների համար, դրանց նկատմամբ պահանջները շատ մեծ են: Պետք է լինեն բնական հումքով պատրաստված»:

Մեր այն հարցին, թե առողջապահության նախարարությունը մի շարք զարգացած երկրների օրինակներով հավաստիացնում է, որ հացը վիտամիններով հարստացնելը կբերի մի շարք հիվանդությունների ցուցանիշների նվազմանը, Վարդուհի Մելիքյանը պատասխանեց. «Մենք մեր երկրի փորձն ունենք, մենք, եթե այդքան գոյատեւել ենք, գոյատեւել ենք առողջ կենսակերպի, բնական սննդի հաշվին, մեր տատիկներն այդքան երեխաներ են ծննդաբերել, ո՞վ է խմել վիտամին B 9: Եկեք պահպանենք մեր ավանդույթները»:
Կենսաբանը պնդում է, որ այդ վիտամինների, մասնավորապես` երկաթով հարստացնելը կբերի մի շարք հիվանդությունների. «Այդ բոլոր նյութերի քանակի ավելացումը կբերի առողջական խնդիրների, սննդամթերքը որը մենք օգտագործում ենք, այդ բոլորի մեջ կան այդ վիտամինները եւ այն մեզ բավարարում է, կարիք չկա դրա ավելցուկի: Վիտամինների ավելացումը հիպեվիտամինների կբերի, իսկ օրգանիզմն այնքան պետք է ստանա, որ կարողանա յուրացնել, եթե չծախսի իր ավելցուկը, կբերի բացասական հետեւանքների: Ամեն ինչի ավելցուկը օրգանիզմին վնաս է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031