Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գոտու ուսուցիչներին՝ ապահովագրական փաթեթի տրամադրում, երիտասարդ ուսուցիչների խրախուսում, կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին մարզերում աշխատելու առաջարկ, ուսուցիչների տների վերականգնում, հողահատկացում

Սեպտեմբեր 07,2017 15:43

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Խորհուրդը հաստատել է օրակարգում ընդգրկված երկու հարցերը, ապա Լևոն Մկրտչյանը հասարակական խորհրդի անդամներին ներկայացրել է ԿԳՆ-ի կողմից վերջերս ազդարարված «Ուսուցիչ» նախաձեռնությունը:

Նախարարի խոոսքով պայմանականորեն «Ուսուցիչ» անվանումը կրող ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ, ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ապահովել երկու հարթությունում՝ նրան արժևորելով որպես մասնագետ և հասարակության ամենաակտիվ և նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը և ապրելաձևը պետք է համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել: Առաջիկայում նախատեսված են հանրային լայն քննարկումներ նախաձեռնության վերաբերյալ և այստեղ հասարակական խորհրդի դիրքորոշումը ևս կարևոր է:

«Բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե չկարողանանք արմատապես փոխել վերաբերմունքը մեր կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: Վստահաբար մեր երկրի ամենակազմակերպված և գիտակից հատվածը շարունակում է մնալ ուսուցչական համակազմը: Շուրջ 37 հազար ուսուցիչ այսօր կատարում է իր պարտականությունները՝ մի մասն ամբողջական նվիրումով, մի մասը` դժգոհությամբ, բայց գործի կարևորության գիտակցումով, և միայն շատ փոքրաթիվ հատվածի համար է, որ կրթության բնագավառը պարզապես աշխատատեղ է: Ուսուցիչ ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ուսերին են վերցրել սերունդ դաստիարակելու պատասխանատվությունը և ծանրությունը: Ավելին` մինչև չկարողանանք ուղիղ և հասցեական դիտարկել այս հիմնախնդիրը և գտնել համապատասխան լուծումներ, որոնք կօգնեն բարձրացնել ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ, մեր բոլոր ծրագրերը մեծ վտանգի տակ կլինեն»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչ են դիտարկվում դպրոցի աշխատողներն՝ սկսած տնօրենից: ԿԳ նախարարի խոսքով՝ ուսուցչական անձնակազմի սոցիալական վիճակն այսօր մտահոգիչ է և պետությունը պետք է այս հարցին մոտեցում ցուցաբերի և համապարփակ փոփոխություն իրականացնի: «Ուսուցիչ» ծրագրի մեջ երեք կարևոր կոմպոնենտ եմ առանձնացնում. առաջին կարևոր փուլը դպրոցի կառավարման համակարգի փոփոխություններն են՝ սկսած կառավարման խորհուրդների ձևավորումից, վերջացրած տնօրենի և ուսուցչի ընտրություններ:

Մյուս կարևոր խնդիրը վերապատրաստումների հատվածի վերանայումն ու դասագրքաստեղծ նոր մոտեցումների ներդնումն է: Այս հարցի կարգավորումը մենք պատկերացնում ենք Կրթության ազգային ինստիտուտի արմատական բարեփոխումների համատեքստում, որտեղ պատկերացնում ենք նաև առարկայական ծրագրերի և կրթական չափորոշիչների վերանայումն ու առարկայախմբերի հավասարակշռումը: Մենք գտնում ենք, որ առարկայական ծրագրերն ու դասացուցակները պետք է բեռնաթափվեն, մյուս կողմից ուժեղացվի բնագիտական ուղղվածությունն ու լեզուների ուսուցումը, իսկ առարկայախմբերի դասավանդումն ապահովվի ժամանակակից չափանիշներով: Երրորդ և ամենակարևոր կոմպոնոնենտը սոցիալականն է. հանրակրթության ոլորտում մենք ունենք տղամարդ ուսուցիչների համարյա իսպառ բացակայություն, երիտասարդ մասնագետների համակարգ մտնելու մոտիվացիայի բացակայություն, ցածր վարձատրություն: Սոցիալական քաղաքականության վերանայումը սկսելու ենք տարակարգերից. այս պահին ունենք 1-4 աստիճանի տարակարգերի համակարգ, որն արդյունավետ չէ, քանի որ անցումը տարակարգի մի աստիճանից հաջորդը բավականին բարդ է, ուսուցչի համար գրեթե անհնար: Բացի այդ տարակարգի համապատասխան աստիճանների համար սահմանված հավելավճարներն այնքան չնչին են, որ տարակարգի առկայությունը լավագույն դեպքում լուծում է ինչ-որ հավակնության, ոչ թե վարձատրության հարց: Ունենք նաև Արարատյան բակալավրիատի ծրագիրը, որը միջազգային չափանիշներին համարժեք նշաձող է սահմանում՝ բոլոր իմաստներով: Այսինքն՝ մենք սահմանել ենք բարձր շեմ, որի ներքևի հատվածում կան 60-120 հազար դրամով վարձատրվող ուսուցիչների մեծ խումբ, որը ավելի լավ աշխատելու մոտիվացիա չունի: Մենք պետք է տարակարգերի համակարգն ավելի ճկուն և հասանելի դարձնենք:

Կրթական համակարգում մենք պետք է կարողանանք հաստատել նաև որոշակի արդարություն. խոսքը նախ և առաջ հավասար հնարավորությունների և իրավունքների մասին է: Նույն ծանրաբեռնվածությամբ և նույն մասնագիտությամբ ուսուցիչները չեն կարող տարբեր աշխատավարձ ստանալ միայն այն պատճառով, որ մի տեղ աշակերտների թիվը շատ է, մեկ այլ տեղ` քիչ: Հետևաբար, կարիք կա արմատապես փոխել ֆինանսավորման բանաձևը, որով կոնկրետ կգնահատենք մեկ դրույք բազային արժեքը: Եվ անկախ այն հանգամանքից, թե դասարանում քանի աշակերտ է, եթե ուսուցիչն այդ ծանրաբեռնվածությամբ աշխատում է, ուրեմն նա պետք է ստանա առնվազն բազային արժեքը: Ուսուցիչը պետք է հստակ հասկանա, թե ինչ սկզբունքով է աշխատում վարձատրության համակարգը, հետևաբար մենք պարտավոր ենք տարիֆիկացիաները մոտեցնել աշխատավարձերի քաղաքականությանը: Ուսուցիչը պետք է իր գործունեության ընթացքում ստանա կատարելագործման մոտիվացիա, այն է` որոշակի չափանիշներ ապահովելուց հետո տարիներ չսպասի` տարակարգը փոխելու և չնչին հավելավճար ստանալու համար, այլ համոզված լինի, որ ունի աշխատանքային առաջընթացի ոչ միայն բարոյական, այլ նաև նյութական խրախուսման մեթոդոլոգիա: Մենք պարտավոր ենք ընդլայնել նաև ուսուցչին տրամադրվող սոցիալական երաշխիքները: Օրինակ, այս համատեքստում դիտարկում ենք սահմանամերձ գոտու ուսուցիչներին ապահովագրական այլ փաթեթի տրամադրում, երիտասարդ ուսուցիչների խրախուսում, կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին մարզերում աշխատելու առաջարկ, ուսուցիչների տների վերականգնում, հողահատկացում. այսինքն` ճկուն սոցիալական փաթեթ, որը կօգնի ուսուցչի մասնագիտությունը դարձնել առավել հրապուրիչ: Չի կարող կրթության որակի պահանջ դրվել, եթե չհստակեցնենք ուսուցչին առաջարկվող սոցիալական փաթեթը և չմոտիվացնենք երիտասարդ մասնագետին»,- նշել է ԿԳ նախարարը:

Հասարակական խորհրդի անդամները հարցեր են ուղղել ԿԳ նախարարին՝ «Ուսուցիչ» նախաձեռնության և հանրակրթության ոլորտի խնդիրների մասին, ինչպես նաև հանդես եկել սեփական առաջարկություններով:Նիստի ավարտին խորհուրդն հավանության է տվել «Ուսուցիչ» նախաձեռնությանը.  նախարարն առաջարկել է նախարարություն ներկայացնել առաջարկներ, որոնք կարող են նպաստել ծրագրի բարելավմանը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930