Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում միաժամանակ կազմակերպվեց համայնքի զարգացմանն ուղղված 3 ցուցահանդես. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2017 17:33

Այսօր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում կազմակերպվել էր լոռեցի կանանց ներուժի զարգացմանն ուղղված ձեռքի աշխատանքների ցուցահանդես, Հայաստանում ընտանիքի խնդիրների վերհանմանն ու մասնագիտության ընտրությանն ուղղված 2 ֆոտոցուցահանդես:

-Նախապես երիտասարդները հավաքվել են, փորձել են վերհանել իրենց համայնքներում առկա խնդիրներն ու փորձում լուծումներ գտնել խնդիրների համար: Մարդիկ փորձում են իրենք իրենց ուժերով փոփոխություն կատարել, չսպասել, որ դա մեկ ուրիշն անի:

Ցուցահանդեսի շնորհիվ նաեւ ստեղծվում է սոցիալական կապերի հարթակ, որ մարդիկ իրար հետ ծանոթանան, շփվեն եւ հնարավորության դեպքում նաեւ շարունակեն այսպիսի միջոցառումների իրականացումը,-ասում է «Համայնքային հզորացման նախաձեռնությունների» շարքի կազմակերպիչ Մանե Թորոսյանը:

Ցուցահանդեսին ներկայացվեցին թվով 39 լուսանկարներ եւ մարզի ստեղծարար 10 կանանց ու աղջիկների ձեռքի աշխատանքներ:

Լուսանկարների համահեղինակ Լուսինե Մարկոսյանը փորձել է նկարների միջոցով ներկայացնել հայկական ընտանիքներում տիրող իրավիճակը. «Միտքն այն է, որ ներկայացնենք հայ ընտանիքները եւ կարեւորը, որ մենակ լավ կողմից դա չանենք: Այլ այսօր ունենք նաեւ խնդիրներ, դրանք էլ լուսաբանենք: Մեր նկարները վերնագրեր չունեն: Մենք թողել ենք, որ դիտողը տեսնի, ինքը դրական ու բացասական կողմերը նկատի ու ինքը բարձրաձայնի: Նկարներում հիմնականում պատկերել ենք՝ երեխաների դաստիարակություն, ընտանեկան բռնություն, ընտանիքում դերերի անհավասար բաշում եւ այլն»:

Իսկ Արտակը 25 լուսանկարներում պատկերել է ամենատարբեր մասնագիտություններ, որոնք դարձել են ապրելակերպ. «Ներկայումս մասնագիտության ընտրությունը կախված է տարաբնույթ խնդիրներից: Նախաձեռնության նպատակը ոգեշնչումն է, որպեսզի մարդիկ լինեն նախաձեռնող, ստանան նոր մասնագիտություններ եւ այլն: Այն ուղղված է նաեւ կարծրատիպերի կոտրմանը»:

Ցուցահանդեսի բաղկացուցիչ մաս է կազմում նաեւ կանանց ներուժի զարգացմանը նվիրված հատվածը: Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները, որոնց մեջ հոգի ու սեր են դրել:

-Այս ցուցահանդեսի նպատակն է, որպեսզի կանայք հավատան իրենց ուժերին, դուրս գան հարթակ եւ կարողանան իրենց շնորհքը նպատակին արժանացնեն: Փորձենք նաեւ նրանց ոգեշնչենք, որպեսզի հավատան իրենց ուժերին եւ նաեւ կարողանան ընդլայնվել իրենց հմտությունների մեջ,-ասում է Ստեղծարար կանանց ակումբի կազմակերպիչ Գայանե Գալստյանը:

Միջոցառման մասնակից Աննան ցուցահանդեսին ներկայացրել էր մոմից պատրաստած իր աշխատանքները: Արդեն մոտ մեկ տարի է ինչ Աննայի ու ընտանիքի առօրյայի բաղկացուցիչ մասը դարձել է մոմագործությունը: Մասնագիտությամբ բուժքույր Աննան, 16 տարի աշխատել է իր մասնագիտությամբ, սակայն ձեռքի աշխատանքն ավելի հոգեհարազատ է համարում: Բացել են ընտանեկան խանութ, չի դժգոհում, ասում է մարդիկ արդեն տեղյակ են իրենց գործունեության մասին. «Հեռուստացույցով տեսա ոնց են պատրաստվում, սիրահարվեցի էս գործին ու նպատակ դրեցի եւ իրականացրեցի: Հիմա իմ ոճով բոլորից տարբերվում եմ: Մոմերին հայկականացրել եմ, ոչ մի տեղ նման բան չկա: Մոմերի վրա հայկական նախշեր եմ ավելացնում, տարբեր նկարներ, մեր լեռների ու հայկական զարդանախշերի մոտիվներով եմ մոմեր սարքել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930