Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյան. «Լավ դպրոցին դեմ չենք, դեմ ենք մյուսների հաշվին լավ դպրոց ունենալուն» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2017 15:24

Սեպտեմբերի 25-ին «Հոդված 3» ակումբում կայացավ «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի» «Կրթության իրավունքի իրացման հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության զեկույցի նախնական արդյունքների ներկայացումը եւ քննարկումը:

«Բաց Հասարակության Հիմնադրամներ– Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ աշխատում են կրթության քաղաքականության փոփոխությունների բնագավառում, եւ ուսումնասիրություններ իրականացնելու ճանապարհին բազմիցս հանդիպել են համակարգային խնդիրների, վարչարարության հարցերի հետ կապված կոռուպցիոն դրսեւորումների:

Նա կարեւորեց Կրթության իրավունքի իրացման հասանելիության և հավասարության հիմնախնդիրների բարձրաձայնումը, կրթության հասանելիությունը տարբեր սոցիալական խմբերի համար:

Նշվեց, որ հետազոտությունը արվել է ԱՎԾ-ի, ԿՏԱԿ-ի հրապարակած տվյալների հիման վրա:

«Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի» կրթական ծրագրերի համակարգող Լիլիթ Նազարյանը, ի թիվս այլ տվյալների, անդրադարձավ կրթության համակարգի ճգնաժամին` արտագաղթի եւ ներքին միգրացիայի համատեքստում:

Հետազոտությունն իրականացվելու համար ընտրվել է 57 դպրոց, հարցազրույցներ են արվել տվյալ դպրոցների ուսուցիչների, աշակերտների, ծնողների, նաեւ 12 բուհերի 1-4-րդ կուրսերի ուսանողների հետ:

Ուսումնասիրությունն իրականացնողները վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը եւ Հանրակրթության մասին օրենքը, փաստում են, որ չեն ապահովվում այնտեղ ամրագրված դրույթները, այդ թվում` հավասար հնարավորությունները, կրթության շարունակականությունն ու մատչելիությունը:

Անդրադարձ եղավ PISA (Programme for International Student Assessment – Ուսանողների միջազգային գնահատման ծրագիր)-ին Հայաստանի չմասնակցելուն եւ ԹԻՄՍ-ի ( (Trends in International Mathematics and Science Study) մեր ցածր արդյունքներին: Լիլիթ Նազարյանը նշեց, որ մինչ այժմ հրապարակված չեն 2015-ի արդյունքները եւ իրենց ոչ մի կերպ չի հաջողվում դա ստանալ ԿԳ նախարարությունից: Գերատեսչությունում անընդհատ խոստանում են հրապարակել ու չեն կատարում խոստումը:
Նազարյանի ձեւակերպմամբ, կրթության քաղաքականությունը գնում է էլիտարացման ուղղությամբ` առաջնությունը տալով գերազանցության կենտրոններին, մինչդեռ դա հակասում է օրենսդրության դրույթներին:

Քննարկման ժամանակ անարդյունավետ որակվեց Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցների կառավարումը: Լիլիթ Նազարյանը փաստեց, որ վարկի 70%-ը նախատեսված էր 17 դպրոցների վերանորոգման համար, սակայն այժմ խոսք է գնում ընդամենը 5 դպրոցի մասին:
Խոսվեց նաեւ այլ երկրների համեմատությամբ հայաստանցի երեխաների դասապատրաստման վրա ծախսված քիչ ժամանակից, ի տարբերություն ապահոված ընտանիքների, աղքատ եւ ծայրահեղ աղքատ ընտանիքների զավակների` կրկնուսույցների մոտ չպարապելուց կամ մարզերում` պարապելու ցածր ցուցանիշներից, ստացած գնահատականներից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ամենաշատը կրկնուսույցների մոտ պարապում են հայոց լեզու, օտար լեզու եւ մաթեմատիկա առարկաները, ընդ որում` ավագ դպրոցից բուհ ընդունվածները կրկնակի անգամ շատ են դիմում կրկնուսույցի օգնությանը:
Նշվեց նաեւ, որ վերջին 3 տարիների ընթացքում գյուղական շրջանի ոչ մի երեխա չի մասնակցել հանրապետական օլիմպիադայի, իսկ միջազգային օլիմպիադաներին մասնակցել են միայն մասնագիտացված դպրոցների սաները:
Դպրոցների շենքերից էլ խոսք գնաց: Պարզվում է՝ կոյուղին բացակայում է դպրոցների 12,1%-ի (153 դպրոց), գազամատակարարումը` 33,4 %-ի մոտ (419 դպրոց):
Լարիսա Մինասյանը շեշտեց. «Հաճախ հարցնում են` դե՞մ եք, որ մասնավոր լավ դպրոցներ շատ լինեն: Ես պատասխանում եմ` լավ դպրոցին դեմ չենք, դեմ ենք մյուսների հաշվին լավ դպրոց ունենալուն»
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հետաքրքիր, բայց տխուր որակեց «Կրթության իրավունքի իրացման հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության զեկույցը: Նաեւ հավելեց, որ դպրոցական տղաները հիմնականում արտագաղթում են նախազինակոչային եւ զինակոչային տարիքից, ինչը մտահոգության տեղիք է տալիս:

Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հովհաննիսյանը նկատեց, որ հեռուստատեսային խաղերի ժամանակ հիմնականում հաղթում են մարզային դպրոցների երեխաները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Մանրամասները տեսանյութերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    Կներեք, բայց ի՞նչ է շահել մինչև այսօր Հայաստանի կրթությունը Բաց հասարակության ինստիտուտի կրթական ծրագրերից։ 20 տարի է Ծաղկաձորում ու այլ վայրերում մի քանի անգամ մասնակցել ենք իրենց թրեյնինգներին։ Խորքային փոփոխությունների ոչ մի մոտեցում, տարբեր երկրներից եկած մարդիկ, որոնք հեծանիվ են հայտնաբերում։ Մանավանդ որ այս հիմնադրամը դեմ է ամեն ազգայինին, ի՞նչ կարելի է սպասել ապազգային կրթություն քարոզողներից։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930