Լրահոս
Օրվա լրահոսը

Սվետլանա Գուլյան. «Մամուլյանի մասին մի տողի համար մի ամբողջ գիրք եմ ուսումնասիրել»

Հոկտեմբեր 10,2017 16:44 Share

Հոկտեմբերի 9-ից Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում մեկնարկել է մամուլյանական շաբաթը՝ նվիրված 20-րդ դարի խոշորագույն ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի ծննդյան 120-ամյակին: Կայացել են մամուլյանական ֆիլմերի դիտումներ եւ քննարկումներ, նաեւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սվետլանա Գուլյանի «Մամուլյանի նշանը» գրքի շնորհանդեսը:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Գուլյանը նշեց, որ մասնագետների շրջանում գիրքը բարձր գնահատականի է արժանացել: Հեղինակը գրքի վրա աշխատել է շուրջ 10 տարի: «Գիրքը նվիրված է Մամուլյանի կյանքին, ֆիլմերին….Ես չեմ կարող իմ գիրքը գովել, բայց ուրիշներն ասում են, որ կինոյի մասին նման աշխատություն չի եղել, գիրք, որտեղ եւ կինոգիտություն կա, եւ բացառիկ լուսանկարներ, գիրքը նաեւ շատ լավ է ընթերցվում»,-ասաց տիկին Գուլյանը:

Նրան խնդրեցինք մի փոքր մանրամասնել, թե ինչպես է հայթայթել նյութերը: «Նյութերը անընդհատ գալիս էին, հույս ունեի մի բան էլ ավելի գտնել, եւս մեկ տող կամ փաստաթուղթ ու այդպես 10 տարի: Եկավ մի պահ, որ վերջակետ դրեցի, ու այդպես ծնվեց գիրքը»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ նյութերի 90 տոկոսը հայթայթել է ԱՄՆ-ից: «Այցելել եմ տեղի բոլոր գրադարանները, կինոկենտրոնները, հավաքել այն ամենը, ինչ կար Մամուլյանի մասին, որոշ բաներ էլ համացանցից եմ վերցրել: Նաեւ խոսել եմ այն մարդկանց հետ, որոնք մոտ են եղել նրա ընտանիքին, այն կնոջ հետ, որը վերջին օրերին Մամուլյանի հետ է անցկացրել…Եղել է` ժամերով աշխատել եմ գրադարանում ու ընդամենը մեկ տող եմ վերցրել»,-պատմեց հեղինակը:

Սվետլանա Գուլյանը մի հուզիչ դրվագ պատմեց Ռուբեն Մամուլյանից. «Նա ծնվել է Թիֆլիսում: Մի անգամ Թիֆլիս գալով` Մամուլյանն իրենց բակից ծառի մի շիվ է տանում ի հետ Ամերիկա ու այնտեղ տնկում իր բակում: Անշուշտ, դա հուզիչ է»:

Հիշեցնենք, որ Մամուլյանն է առաջին անգամ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը եւ մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա է առաջին անգամ նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։ «Քաղաքի փողոցները» ֆիլմում է առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս, իսկ «Բեքքի Շարփ» կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։

Նրա «Ուրախ ավազակը» 1936 թ Նյու Յորքի կինոքննադատների կողմից համարվել է տարվա լավագույն կինոնկար, «Արյուն և ավազը» 1940 թ Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի` որպես լավագույն գունավոր կինոնկար, 1980 թ. Մամուլյանի անունը մտել է «Բրոդվեյի փառքի դահլիճ»: 1983 թ. Ռուբեն Մամուլյանը ստացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն՝ Գրիֆֆիթի մրցանակը կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար։ Մամուլյանի անունով նաեւ աստղ է տեղադրվել Հոլիվուդի փառքի ծառուղում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Մամուլյանի լուսանկարը`  www.magaghat.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031