Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Հայրապետյան. «Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիան ամենակազմակերպվածներից մեկն է Հայաստանում»

Նոյեմբեր 13,2017 13:43

«Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում քիկբոքսինգի Հայաստանի ակումբային առաջնությունն անցկացվեց Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակի տարում:

Մասնակցեցին մայրաքաղաքի, հանրապետության մարզերի եւ Արցախի 20 ակումբների 240 մարզիկներ:

Հայաստանի քիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ոստիկանության ֆիզիկական եւ մարտական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գործունեության 25 տարիների ընթացքում Հայաստանի քիկբոքսինգի վարպետները աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնություններում, ընդհանուր առմամբ, նվաճել են 38 ոսկե, 36 արծաթե եւ 45 բրոնզե մեդալ: Տասնյակներով են հաշվվում նաեւ միջազգային հեղինակավոր մրցաշարերում նվաճված մեդալներն ու մրցանակները:

«Մենք քիկբոքսինդը համաչափ զարգացնում ենք հանրապետության բոլոր մարզերում եւ Արցախում: Դրա ապացույցն է, որ այսօր Հայաստանի ակումբային առաջնությանը, նախորդ տարիների հետ համեմատած, մասնակցում են անհամեմատ մեծ թվով ակումբներ ու մարզիկներ: Մեր ֆեդերացիան չափազանց կարեւոր աշխատանք է կատարում մատաղ սերնդին սպորտի ոլորտ ներգրավելու գործում: Անապահով ընտանիքների, ոստիկանության համապատասխան բաժիններում հաշվառված անչափահաս երեխաները մարզվում են անվճար: Նմանապես, այդ խմբերում ընդգրկված են նաեւ Սիրիայից ներգաղթած ընտանիքների երեխաները:

Ֆեդերացիայի առաջնային խնդիրներից է մարզիչների ինչպես մասնագիտական, այնպես էլ մանկավարժական որակավորումը: Մարզիկը որքան էլ տիտղոսներ նվաճած լինի մարզական կարիերայի ընթացքում, մարզիչ աշխատելու համար նաեւ պիտի մանկավարժ լինի: Դրա համար մենք պարբերաբար քննություններ ենք անցկացնում մարզիչների համար եւ միայն դրանից հետո նրանց համապատասխան հավաստագիր տալիս:

Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիան յոթ տարի մարզաձեւի աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպության՝ WAKO- անդամ է եւ սերտ համագործակցություն ունի նրա հետ, որի արդյունքում ամենայն հավանականությամբ 2018 թվականի քիկբոքսւնգի աշխարհի գավաթը կանցկացվի Երեւանում:

Այս ամենը հաշվի առնելով եւ գնահատելով, բոլորովին վերջերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեզ ճանաչեց որպես ամենակազմակերպված ֆեդերացիաներից մեկը, քիկբոքսինգն ընդգրկեց պետական մարզաձեւերի ցանկ: 2018 թվականից մեր ֆեդերացիան նույնպես պետական աջակցություն կստանա, ինչի համար շնորհակալենք», – ասաց Գառնիկ Հայրապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Գառնիկ Հայրապետյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930