Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ստորագրությունն իմը չէ». նախկին դատավորի ենթադրությամբ՝ կեղծիք է եղել (Տեսանյութ)

Հունվար 11,2018 17:37

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական  դատական նիստում, որը նախագահում է դատավոր Վաչե Մարգարյանը, այսօր ամբաստանյալ Իշխան Բարսեղյանն ինքը միջնորդություն ներկայացրեց՝ կաշառքի ահազանգի հետքերով ԱԱԾ կողմից կատարած օպերատիվ-հետախուզական միջոցառման արձանագրության առնչությամբ նշանակել դատաձեռագրաբանական հետազոտություն՝ պարզելու համար՝ այդ փաստաթղթի էջերից մեկում առկա Իշխան Բարսեղյանի ստորագրությունն արդյոք դրվել է անձամբ նրա՞ կողմից, թե՝ ոչ:

«Այդ ստորագրությունն իմը չէ, ես այդպես չեմ ստորագրում: Ինձ նման բովանդակության արձանագրություն չի էլ ներկայացվել: Եթե ես ստորագրած լինեի, բնականաբար, պետք է ծանոթացած լինեի արձանագրության բովանդակությանը»,-հայտարարեց նախկին դատավորը: Նա նշեց, որ այդ արձանագրությունը կազմելուն ներկա չի եղել կաշառքի մասին հաղորդում տված Նորիկ Հակոբյանը, ինչը նա հաստատել է դատարանում տրված ցուցմունքում: «Փաստաթղթի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Բարսեղյանը: Նա ասաց՝ ենթադրում է, որ կեղծիք է եղել:

Այս գործով մեղադրող-դատախազ Կարեն Չիլինգարյանը միջնորդության դեմ առարկեց՝ նկատելով, որ նշյալ արձանագրության փաստաթուղթն իրենից ներկայացնում է ոչ թե դատավարական գործողություն, այլ օպերատիվ-հետախուզական գործողություն. «Անգամ եթե այդ գործողությունն իրականացող անձը միայն ստորագրած լիներ, արձանագրությունը վիճարկելու հիմք, ըստ օրենքի, միեւնույնն է՝ չէինք ունենա»:

Դատավոր Վաչե Մարգարյանն ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի նշյալ միջնորդության քննությանը կանդրադառնա հաջորդ նիստում՝ հունվարի 18-ին, 14:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031