Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհիմն է պնդումը, թե Սամվել Բաբայանն իմացել է ներկոտված «եվրոների» հանցավոր ծագման մասին». փաստաբան

Փետրվար 02,2018 16:43 Share

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Արտաշես Քալաշյանը հայտարարությամբ անդրադարձավ նաեւ փողերի լվացման մեղադրանքին:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր շարունակում էր քննել Բաբայանի վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում է բեկանել իր հանդեպ առաջին ատյանի դատարանի  դատավճիռը եւ արդարացնել իրեն:

Ըստ Արտաշես Քալաշյանի՝ քննության ընթացքում ձեռք բերված տվյալները որեւէ հիմք չեն պարունակում՝ Բաբայանին մեղսագրված արարքը հաստատելու համար. «Նախաքննությունը պետք է ապացուցեր, որ ներկոտված «եվրո» թղթադրամները ձեռք էին բերվել հանցավոր գործունեության արդյունքում, բայց նման ապացույց չկա քրեական գործի նյութերում»:

Փաստաբանը նշեց. «Նախաքննական մարմնի հարցումներին ի պատասխան՝ գործում առկա են «Ինտերպոլի» մի քանի գրավոր պատասխաններ: Դրանց համաձայն՝ ներկայացված թղթադրամները հանված են պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից, իսկ ներկն արտադրվել է շվեյցարական ընկերության կողմից: Այս տվյալները, սակայն, հանցանքը հիմնավորող ապացույց չեն կարող հանդիսանալ: Իհարկե, դրանք ինչ-որ նշանակություն ունեն, բայց հիմնական նշանակություն ունի «Ինտերպոլի» այն գրությունը, որ այդ թղթադրամները «Եվրոպոլի» պահոց են մուտքագրվել, ու ստուգումների արդյունքում համընկնում չի գրանցվել»:

Արտաշես Քալաշյանի փոխանցմամբ՝ թղթադրամների ներկոտված լինելու առնչությամբ երեք վարկած է առաջադրվել.

-Դրանք բանկոմատից հափշտակվել են

-Ներկոտվել են բանկոմատի տեղափոխության ժամանակ՝ տեխնիկական կամ մարդկային գործոնից առաջացած խնդրի պատճառով

-Ներկանյութերի կոնտեյներները խնամքով չեն տեղադրվել եւ սխալ են գործարկվել:

Արտաշես Քալաշյանը նկատեց. «Նախաքննությունն այս երեք վարկածներից ներկայացրել է միայն առաջինը, իսկ մյուս երկու վարկածներին ուշադրություն չի դարձրել: «Ինտերպոլին» եւս մեկ հարց է ուղղվել, թե՝ եթե թղթադրամները ներկոտվեին այլ հանգամանքներում, այդ թվում՝ բանկոմատի տեղափոխության ընթացքում՝ տեխնիկական կամ մարդկային գործոնի հետեւանքով, ապա ինչպե՞ս պետք է դրանք տնօրինվեին կամ կարո՞ղ էին հայտնվել որեւէ պատահական անձի մոտ: Այս հարցման պատասխանը քրեական գործում առկա չէ: Իսկ դա նշանակում է, որ նախաքննության մարմինն իր տրամադրության տակ չի ունեցել հավաստի տվյալ առ այն, որ թղթադրամները հափշտակվել են»:

Քալաշյանի խոսքով՝ անհիմն են նախաքննական մարմնի պնդումները, թե Բաբայանն իմացել էր, որ իրեն ուղարկված թղթադրամները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը դատարանում իր  ցուցմունքում ավելի վաղ հայտնել էր՝ ինքը կասկածել է, որ ներկոտված թղթադրամները կեղծ են, այդ պատճառով է փորձել ստուգել դրանց իսկությունը: Տեղեկանալով արդեն, որ դրանք իսկական են, նա որոշել է փորձել՝ հնարավո՞ր է անհայտ ծագման ներկը մաքրել: Ըստ Բաբայանի՝ այդ 5000 եվրոն իրեն պարտք է եղել ոմն Ռուսաստանի «Վասիլ», որի մասին, ինչպես Արտաշես Քալաշյանը նշեց, նախաքննական մարմինը չի աշխատել տեղեկություններ ձեռք բերել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728