«Իգլա»-ի գործով մեղավոր ճանաչվածներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի եւ գործով մեկ այլ մեղադրյալ Արմեն Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր Պողոսյանը եւս կարծիք արտահայտեց: Նա բողոքը քննող երեք դատավորներին հայտնեց՝ գործին իր առնչությունը կայանում է միայն նրանում, որ լուսանկարել է «Իգլա»-ն, փոխանցել լուսանկարները Սանասար Գաբրիելյանին, վերջինս էլ դրանք ցույց է տվել Սամվել Բաբայանին:
Նշենք, որ Արմեն Պողոսյանը եւս իրեն մեղավոր չի ճանաչում, ինչպես Բաբայանն ու Գաբրիելյանը:
Դատավորները հարցեր ուղղեցին Արմեն Պողոսյանին.
-Ինչո՞ւ էիք նման ռիսկի դիմել, ինչո՞ւ էինք ձեր վրա վերցրել ՊՆ համապատասխան ստորաբաժանման գործառույթը եւ բանակի համար այդ «խողովակը» հայթայթել,-հետաքրքրվեցին նրանք:
-Սանասարի նպատակն էր՝ օգնել բանակին: Մտածում էի, որ դա նվիրաբերություն է, ուստի հանցանքի մասին խոսք չէր կարող լինել:
-Դուք զրկվա՞ծ էիք բանակի հետ գործակցելու հնարավորություններից: Ինչո՞ւ չեք ճշտել, թե ինչպես կարող էիք օգնել բանակին:
-Դե ես ինչ իմանայի, թե նա ում էր նվիրելու եւ ինչպես: Գիտեմ, որ Սանասարը մեծ հնարավորություններ ուներ բանակում, ընկերներ…
-Բայց անցել են, չէ,՞ ժամանակները, երբ 90-ականներին բանակի համար փորձում էին տարբեր ճանապարհներով զենք հայթայթել եւ օգնել: Հիմա դրա համար համապատասխան մարմին կա: Դուք ինչո՞ւ նման գործառույթ վերցրիք, որ հիմա էլ այստեղ նստած եք…
-Դե հիմա նման խոսակցություն եղավ…Սանասարն ասաց՝ «ես 90-ականներին իմ ավտոյով եմ բերել, հիմա ինչո՞ւ չբերենք»:
-Այսինքն, ուզում եք ասել, որ այն ժամանակվանից մինչ օրս ոչինչ չի՞ փոխվել:
-Դե հիմա, որ փոխված չլիներ, այդպես չէր ասի…
Ապա դատավորները հետաքրքրվեցին՝ իսկ ինչո՞ւ է «Իգլա»-ն լուսանկարել «ՕՐՕ» դաշինքի նախընտրական բացիկի հետ միասին: Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Որ Սանասարը չմտածի, թե լուսանկարն ինտերնետից է ներբեռնվել»:
Հավելենք, որ «Իգլա»-ի գործով բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի փետրվարի 9-ին՝ 12 00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































