Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ լուրերը տարածում են, որ Նիկոլին փչացնեն»

Մարտ 15,2018 16:00

Լյուդմիլա Սարգսյանը՝ Փաշինյանի՝ թույլատրված ընդդիմություն
լինելու եւ իշխանական կարմիր գիծը չանցնելու մասին

«Այդ ընտրակաշառք վերցրած քաղաքացին գնալու է Ազատության հրապարա՞կ: Եթե իրեն 10 հազար դրամով տարել են ընտրատեղամաս, 10 հազար դրամով էլ հետ կտանեն իրենց տուն»,- խորհրդարանական ընտրություններից հետո հրավիրած ասուլիսում հետընտրական պայքարի մասին հարցին ի պատասխան՝ այսպես էր ասել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցնում էր, որ անիմաստ է հավաքներ անել եւ նախկին սխալները կրկնել, քանի որ փողոց դուրս եկած քաղաքացուն 10 հազար դրամով նորից կտանեն տներով:

Մինչդեռ հիմա Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փողոցային պայքարի: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր ընտանիքը պատրաստ է իրեն նորից գործուղել Ազատության հրապարակ:

Փաշինյանի այս հայտարարությունը եւ նորից փողոցային պայքարի դուրս գալու մտադրությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ոմանք կարծում են, որ սա «իշխանական խաղ է», ոմանք ասում են՝ Փաշինյանը ընդդիմադիրի իր կեցվածքն է ուզում պահել՝ շատ լավ իմանալով, որ վարչապետ ՀՀԿ-ն է ընտրելու:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Ես չեմ ուզում այդպես մտածել, որովհետեւ եթե մարդը ներքուստ ընդդիմադիր է, նրան որեւէ իշխանություն չի կարող փոխել: Նիկոլն իր տեսակով ըմբոստ, ընդդիմադիր մարդ է: Բայց կարող ենք նաեւ ճիշտ հակառակը մտածել, որ այդ լուրերը տարածում են, որ Նիկոլին փչացնեն ու դրանով ընդհանրապես վերջացնեն ընդդիմությունը: Չեն գիտակցում, թե այդ դեպքում ինչ ծանր վիճակում կհայտնվի երկիրը, դիմադրություն չի ունենա, դիմադրողականությունն ամբողջությամբ կկորցնի, եւ նրա հետ կվարվեն այնպես, ինչպես կցանկանան: Դիմակայող երկրում այլեւս չի լինի: Միգուցե Նիկոլենք վերանայել են իրենց մոտեցումը, միգուցե մեկ այլ հաշվարկ ունեն, փորձում են այդ հաշվարկի հիման վրա ինչ-որ քայլեր ձեռնարկել: Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ իրենք ներկայացված են ԱԺ-ում, եւ նրանց ժողովրդի կողմից 120 հազար ձայն է տրվել: Նրանք ուղղակի պարտավոր են արդարացնել իրենց ներկայությունը: Առնվազն 120 հազար մարդ պարտավոր է նրանց աջակցել: Եթե ձայն են տվել, ուրեմն փող չեն վերցրել, քաղաքացի են, գիտակցում են իրենց դերը երկրի քաղաքական պրոցեսներում: Միգուցե դրա վրա է հաշվարկը կառուցվում, համենայնդեպս, ես ողջունում եմ ընդդիմադիր քաղաքական դաշտում ամեն մի ակտիվություն, որովհետեւ դրա արդյունքում միգուցե ընդդիմությունը մի փոքր ավելի ուժեղանա»:

ԱԺ ամբիոնից, օրինակ, այն ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, թե ով է իրական ընդդիմություն հերթական բանավեճի ժամանակ հայտարարեց, որ իրականում ժողովուրդը շատ լավ գիտի ընդդիմադիր դաշտում գործելու բազարների գինը, բանակցությունների գինը, եւ ընդդիմադիրներն էլ ունեն իրենց կարմիր գիծը քննադատելու, որից այն կողմ չեն կարող անցնել, թույլատրված չէ: Ուստի Լյուդմիլա Սարգսյանին հարցրինք՝ չե՞ք կարծում, որ Փաշինյանն էլ ընդդիմադիր է այնքան, որքան իրեն թույլատրված է, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Նիկոլը խոսում է ամեն ինչի մասին, եւ իր համար ոնց որ թե կարմիր գիծ չկա: Միգուցե թիմի մեջ կան մարդիկ, որոնց համար այդ սահմանը կա, Նիկոլի դեպքում ինձ համար դա տեսանելի չէ: Եվ վերջին հաշվով՝ Նիկոլը Մարտի 1-ին է ցույց տվել, որ ինքը կարմիր գիծն անցնելու ունակություն ունի, այնպես որ՝ եկեք չնսեմացնենք այս կամ այն ընդդիմադիր քաղաքական գործչի դերակատարությունը, այ դա է հենց խանգարում ընդդիմադիր դաշտի միավորմանը, որովհետեւ բոլորն իրար կասկածում են, բայց ինչո՞ւ է նաեւ ընդդիմությունը երբեմն դիտարկվում իշխանության կողմից վերահսկելի, որովհետեւ թույլ է:

Երբ նույնիսկ վերահսկվող ընդդիմությունը համախմբվում է եւ ուժ է դառնում, այդ դեպքում որեւէ վերահսկողություն իշխանության կողմից իրականացնել հնարավոր չէ: Հետեւաբար պետք է տեսակավորումները, պիտակավորումները մի կողմ թողնեն եւ կարողանան միավորվել»:

Հարցին՝ որ ասում եք ընդդիմադիրները միավորվեն, ո՞ր ուժերին նկատի ունեք, Ծառուկյանը ժամանակին միավորվեց, տեսանք՝ ինչ եղավ, ՀՎԾ-ի հարցում էլ մարդկանց ամեն ինչ պարզ է, ՀԱԿ-ը գտնում է, որ միայն Ղարաբաղի հարցը կարող է միավորել ու համախմբել մարդկանց, էլ ո՞ր ուժերն են մնում՝ «Ժառանգություն», «Երկիր Ծիրանի» եւ «Ե՞լք»: Սարգսյանը պատասխանեց. «Դժբախտաբար, հզոր ձեւավորված ինստիտուցիոնալ քաղաքական ընդդիմադիր կուսակցություններ այլեւս Հայաստանում համարյա թե չկան: Տեսնում ենք՝ «Ժառանգությունը» փլատակների տակ է, ՀԱԿ-ն իր մոտեցումն ունի եւ դրանից կառչած այսօր դեռ լռում է: Ես չեմ տեսնում այլ ուժեղ, կայացած քաղաքական կուսակցություն, այդ թվում նաեւ մեզ, որը կարող է լոկոմոտիվ դառնալ համախմբման: Մեր դժբախտությունը դրա մեջ է»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

14.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031