Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ու երեխաներիս ճակատագրի հետ ես խաղում». Իշխան Բարսեղյանն ու դատավորը վիճեցին

Մարտ 22,2018 17:33

Կաշառք վերցնելու համար մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստում այսօր վերջինիս համար շտապօգնություն հրավիրվեց, քանի որ դատավոր Վաչե Մարգարյանի հետ բանավիճելու ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացավ: Ընդմիջումից հետո Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ կրկին ինքնաբացարկի միջնորդություն է հայտնում դատավոր Վաչե Մարգարյանին: Վերջինս թույլ չտվեց այն ներկայացնել՝ պատճառաբանելով, որ այն չի վերաբերում դատաքննությունը լրացնելու ներկայիս փուլին: Դատավորն ու մեղադրյալը կրկին վիճեցին: Իշխան Բարսեղյանը մեկ այլ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավորին:

Նա նշեց, որ նախորդ նիստերում, երբ ինքն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ, դատավորն ասել է, որ նրան ուժով դահլիճ բերելը չի բացառվում: Այս միջնորդությունը եւս Վաչե Մարգարյանը մերժեց, ինչից հետո նա եւ Իշխան Բարսեղյանը կրկին վիճեցին: «Իմ ու երեխաներիս ճակատագրի հետ ես խաղում»,-դիմելով դատավորին՝ բղավեց Իշխան Բարսեղյանը: Դատավոր Վաչե Մարգարյանը գտավ, որ Իշխան Բարսեղյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի հանդեպ եւ սանկցիա կիրառեց՝ Բարսեղյանին նիստերի դահլիճից հեռացնելով:

Թեեւ Իշխան Բարսեղյանն իր պաշտպաններին հրահանգել էր առանց իր ներկայության նիստերին չմասնակցել(սակայն դահլիճից հեռացվելիս չէր հայտարարել պաշտպաններից հրաժարվելու մասին), դատավորը որոշեց գրությամբ դիմել ՀՀ փաստաբանների պալատին, որպեսզի վերջինս Իշխան Բարսեղյանի համար հանրային պաշտպան նշանակի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031