Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը միշտ կհիշեն Պավելին, Սամսոնին և Մարատին, ովքեր զոհվեցին ականապատ տարածքներն ականազերծելիս. Ամերիկայի հայկական համագումար

Մարտ 30,2018 16:58

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ցավակցական ուղերձ է հղում The HALO Trust ընտանիքին` տեղեկանալով կազմակերպության երեք աշխատակիցների` Պավել Ակոպովի, Սամսոն Ավանեսյանի և Մարատ Պետրոսյանի ողբերգական մահվան մասին, ովքեր զոհվեցին Արցախում տարածքներն ականազերծելիս, ինչպես նաև Գարիկ Ղահիլյանի և Արամ Մկրտչյանի լուրջ վնասվածքներ ստանալու կապակցությամբ: Համագումարը նաև խորը երախտագիտություն է հայտնում The HALO Trust-ի կարևոր աշխատանքի և ծառայության համար: Հայերը միշտ կհիշեն Պավելին, Սամսոնին և Մարատին, ովքեր զոհվեցին ականապատ տարածքներն ականազերծելիս՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդներին անվտանգ պահելու համար և այս Ավագ շաբաթվա ընթացքում կաղոթեն Գարիկի և Արամի լիակատար վերականգնման համար:

The HALO Trust-ը, միջազգային ականազերծման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը, երեկ հրապարակեց հետևյալ պաշտոնական հայտարարությունը և ողբերգության նկարագրությունը՝ նկարագրելով միջադեպը: «Խորին վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 29-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Ղազանչի շրջանում հակատանկային ականի հանկարծակի պայթյունի հետևանքով մեր աշխատակիցներից երեքը սպանվել և երկուսը վիրավորվել են: Այդ ժամանակ աշխատակիցներն ականապատ տեղանքի զննում իրականացնող մեքենայի մեջ են եղել», – նշված է հայտարարության մեջ: «Ամեն օր աշխարհով մեկ HALO-ի ավելի քան 8,000 աշխատակից աշխատանքի է գնում այնպիսի վայրեր, որտեղ, նրանցից բացի, էլ ոչ ոք չի կարող քայլ անել, և այս ողբերգական միջադեպը ակնառու կերպով բացահայտում է, թե ինչ վտանգների հետ են բախվում նրանք, ինչպես նաև ընդգծում է այդ աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները զոհվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքն անվտանգ դարձնելու աշխատանքի ժամանակ»:

2000թ. ի վեր HALO-ն Արցախում ականազերծման և կլաստերային զինամթերքի վերացման աշխատանքներ իրականացնող միակ գործակալությունն է: HALO-ի կայքում նշվում է. «Ղարաբաղում տարածքների ականազերծումը ոչ միայն էապես նվազեցրել է դժբախտ պատահարների թիվը, այլ նաև հնարավոր է դարձրել, որ ճանապարհներ, դպրոցներ և տներ կառուցվեն, ջրատար խողովակներ անցկացվեն, դաշտերը մշակվեն, անասուններին ապահով արածեցնեն, և որ մարդիկ իրենց առօրյա գործերով զբաղվեն առանց վախի: Ականազերծման օգուտները շոշափելի են և ականազերծված հողերը կարող են հավերժ անվտանգ օգտագործվել»:

2000-2016թթ. ընթացքում The HALO Trust-ն Արցախում ոչնչացրել է 180,858 փոքր տրամաչափի զինամթերք, 48,572 «այլ պայթուցիկ նյութեր»-ի միավորում, 12,423 կլաստերային ռումբ, 8,733 հակահետևակային ական և 2,584 հակատանկային ականներ: HALO-ն այս տարածքի 88 տոկոսն ականազերծել է` նպատակադրվելով մինչև 2020թ. մաքրել Արցախում բոլոր ականապատ տարածքները: Ըստ HALO-ի, Արցախում «աշխարհում մեկ շնչի հաշվով ականային պատահարների թվով ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել, իսկ այդ զոհերից ամեն երրորդը՝ երեխա է»:

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031