Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամ Շիֆի նվերը` Չարենցավանի թիվ 3 դպրոցին

Մայիս 27,2018 20:30

Չարենցավանի թիվ 3 դպրոցի գրադարանի մի անկյունում դրված է ԱՄՆ ֊ի դրոշն ու սերտիֆիկատ` ի նշան հայ-ամերիկյան բարեկամության: Դրանք նվիրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ծնունդով չարենցավանցի Խալաֆյանների ընտանիքը 20 տարուց ի վեր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, սակայն հայրենիքի հետ կապը երբեք չեն կտրել։ Հերթական անգամ Հայաստանից վերադառնալուց հետո՝ Խալաֆյանների որդին՝ 13-ամյա Նորայրը, ով ծնվել է Ամերիկայում որոշել է Չարենցավանի դպրոցների միջև անգլերեն լեզվի իմացության մրցույթ անցկացնել: Իր մտադրության մասին հորն է հայտնել: «Ես միշտ գալիս եմ Հայաստան ու հաճախ էինք ընկերներիս հետ խոսում անգլերեն լեզուն ուսումնասիրելու ու սովորելու մասին։ Ծնողներս շատ զարմացան իմ այդ առաջարկից: Բայց, շատ արագ, հայրս սկսեց զբաղվել նախապատրաստական աշխատանքներով»,- պատմում է Նորայրը։

Հայրը՝ Համլետ Խալաֆյանն էլ, պատմում է, որ որդու առաջարկից սկզբում շատ զարմացել է, սակայն անմիջապես սկսել է մտածել`ի՞նչպես առաջարկը կյանքի կոչել: Խորհրդակցում են տեղի մասնագետների հետ, կազմում են թեստեր: Մրցույթն անցկացնում են Չարենցավանի հինգ դպրոցների միջև: Պայքարը թեժ է լինում: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում Չարենցավանի թիվ 3 դպրոցի 13- ամյա աշակերտուհի Օֆելյա Սարգսյանը: «Ես ամեն օր պարապում էի, թեստերը բավականին բարդ էին, բայց ես հաղթահարեցի ու արդյունքում գրավեցի առաջին տեղը»,- պատմում է Օֆելյան:

Մրցույթը պայման ուներ. այն աշակերտը, ով հաղթող կճանաչվի, նրա դպրոցում կբացվի գրադարան: Օֆելյայի հաղթանակի շնորհիվ թիվ 3 դպրոցում բացվեց մի մեծ գրադարան, որտեղ կան մոտ 300 անուն ուսուցողական, գեղարվեստական, պատմական գրքեր: Բոլորը անգլերեն լեզվով են: Գրքերն էլ, Խալաֆյանների անձնական գրադարան-հավաքածու մի մասն է:

Գրադարանի բացմանը ներկա էին ներկայացուցիչներ ԱՄՆ դեսպանատնից, տեղական իշխանությունից: Կոտայքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանը գոհ է. 13 ամյա Նորայրը` ծնված չլինելով Հայաստանում, իր արմատներից չի կտրվում, ավելին, մտածում է իր տարեկիցների մասին: Իսկ ԱՄՆ դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը ասում է, որ նման գրադարանների բացումը դպրոցներում միայն դրական ազդակներ ունի. «Անգլերենը թևեր է տալիս, ու որքան դպրոցներում հնարավորությունները ավելանան, այնքան լավ սերունդ կաճի, որոնք էլ կկերտեն վաղվա մեր նոր Հայաստանը»:

Իսկ ի՞նչ կապ ունի այս պատմության հետ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Համլետ Խալաֆյանը պատմում է`մայիսի մեկի գործնական հանդիպման է հրավիրված եղել Ադամ Շիֆի օգնական Ան Փիֆրի հետ: Հանդիպմանը Համլետը գնում է որդու հետ: Այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ կոնգրեսականի գրասենյակում տեղեկանում են 13 ամյա Նորայրի նախաձեռնության մասին: Նախ շատ զարմանում են։ Ապա` անակնկալ են խոստանում: Մեկ շաբաթ անց կոնգրեսականի գրասենյակից զանգահարում են: «Զանգեցին ասեցին, որ նվեր ունեն Նորայրի համար, որպեսզի նա իր հետ տանի Հայաստան: Գնացի այնտեղ: Ես շոկի մեջ էի: Ադամ Շիֆը նվիրել էր ԱՄՆ –ի դրոշը սերտիֆիկատով ՝ի նշան հայ -ամերիկյան բարեկամության, որ բերվել էր հենց Կոնգրեսից»,- պատմում է Համլետը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Խալաֆյանների ընտանիքի նախաձեռնություններն այսքանով չեն սահմանափակվելու: Նրանք պատրաստվում են երկու տարին մեկ անգամ անցկացնել նման մրցույթներ՝ Չարենցավանում, հետո արդեն ՀՀ այլ դպրոցներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031