Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ճեպազրույցը` Բրյուսելի օդանավակայանում. «Ժողովրդավարությունը մեզ համար սակարկության առարկա չէ»

Հուլիս 12,2018 23:25

Բրյուսելից Երեւան վերադարձին` Զավենտիմ օդանավակայանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց իրեն այդ այցի ժամանակ ուղեկցող լրագրողների հարցերին: Անդրադառնալով որպես վարչապետ իր առաջին այցին` Եվրոպա, պարոն Փաշինյանը նկատեց, որ «Այս այցը կարելի է համարել ծանոթությունների հաստատման, անձնական կոնտակտների հաստատման այց, եւ այդ առումով կարող ենք այցի նպատակը իրագործված համարել: Իրենք մեզ համար առայժմ միայն շնորհավորանքներ եւ կոմպլիմենտներ ունեին, հաճելի էր լսելը, բայց նաեւ իրենք հասկացան, որ էդ վիճակում չենք մենք, որ կոմպլիմենտներից եւ հաճոյախոսություններից հալվենք: Ես նրանց ասացի, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչեւ վերջ կտանենք, իհարկե, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող ենք իրականացնել այդ բարեփոխումները, բայց նաեւ հայցորդի կարգավիճակում չենք: Ասացի, որ հեղափոխությունից հետո ԵՄ-ից բազմաթիվ ողջունող հայտարարություններ ենք լսել, բայց քաղաքականության մեջ ոչ մի լուրջ փոփոխություն չկա, նույնն է, ինչ 3-4 ամիս առաջ, կամ պետք է հայտարարությունների ոգեւորվածության մակարդակն իջեցնել, կամ քաղաքականությունը փոխել»:

Նա նշեց, որ տարբեր հանդիպումներում շեշտել է կարեւոր ուղերձը` «ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ` արժեքային համակարգ է, մեր հավատամքն է»: Ըստ Փաշինյանի` կան երկրներ, որտեղ ժողովրդավարության պահանջը դրսից է դրվում, մեզ մոտ դա դրվել է ներսից` ժողովրդի պահանջով, հետեւաբար ոչնչով կախված չէ դրսի օժանդակությունից. «Ես ուղիղ տեքստով ասել եմ իրենց` մենք այդ փոփոխությունները միեւնույն է, կանենք` կա’մ ձեր աջակցությամբ կամ առանց դրա, մեզ համար չկա թեմա` եթե չաջակցեք, փոփոխություն չի լինի: Ժողովրդավարությունն ու այս փոփոխությունները չենք պատրաստվում դարձնել սակարկության առարկա, կոռուպցիայի դեմ պայքարում ենք ոչ թե նրա համար, որ ԵՄ-ն է պահանջում, որ պայքարենք, այլ ընդհակառակը` մեր ժողովուրդն է պահանջել: Ես նրանց շատ պարզ ասացի, որ մենք այստեղ հայցորդի կարգավիճակով չենք եկել, միեւնույն է, անելու ենք մեր փոփոխություններ, այդ դո’ւք կարող եք բաց թողնել ձեր շանսը` ձեր աջակցությունն ունենալու այդ փոփոխություններում: Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար արտաքին քաղաքական սակարկության առարկա չի կարող դառնալ»:

Այս համատեքստում Փաշինյանը պատմեց, որ վերջերս մի շփման ժամանակ ԵՄ ներկայացուցիչներից մեկը զարմացած ասել է` ո՞նց էր Հայաստանում այսքան թաքնված կոռուպցիա, եւ Փաշինյանը նրան պատասխանել է` «Մեզ ձեռք մի առեք, թե տեղյակ չէիք, շատ լավ էլ գիտեիք, ամեն ինչից տեղյակ էիք, տեղ կար, որ որոշում էիք չնկատել, հույս ունենալով աշխարհաքաղաքական առավելություններ ստանալ, հիմա չունեք, որովհետեւ ձախողվել է, հիմա շոկային վիճակում եք»: Երբ ինչ-որ եվրոպական չինովնիկ վարչապետին ասել ա, որ պատրաստ են ինչ-որ մի ծրագրի շրջանակում ինչ-որ մի գումարի աջակցություն հատկացնել Հայաստանին, ես նրան տվեցի մի հայտնի կոռուպցիոների անուն, ասացի, որ նրան մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումարը կթափվի, էնպես որ, էդ գումարը, եթե ուզում եք, դուք նեղ վիճակում եք, ձեզ պահեք, կծախսեք, մենք կգտնենք ներքին բարեփոխումների արդյունքում»:

Ընդհանուր առմամբ` այս հանդիպումներից ՀՀ վարչապետն ունի «տարբեր զգացողություններ»: Նա նկատեց, որ տարբեր հանդիպումների ժամանակ եղել են ինչպես ջերմ բարեկամական, այնպես էլ` գործնական, դիվանագիտական եւ նույնիսկ` սուր խոսակցություններ.«Կարող եմ ասել, որ շփումներում ես եղել եմ ուղիղ, անկեղծ, բաց, ինձ համար կարեւոր է եղել, որ մեր դիրքորոշումներն ընկալեն առանց տարընթերցումների», ընդհանուր առմբամբ եղել են «սովորական աշխատանքային հանդիպումներ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, ինչի վերաբերյալ լուսանկարն այս օրերին լայնորեն տարածվեց հայաստանյան սոցիալական ցանցերում, ապա, ըստ Փաշինյանի, եղել է պարզապես ձեռքսեղմում, որեւէ այլ զրույց, քննարկում, խոսակցություն չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031