Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարացի 70 երաժիշտներ «երաժշտական քայլերթ» կանցկացնեն Երեւանում

Հուլիս 14,2018 12:12

Հայաստանյան փառատոները՝ երաժշտական, թատերական, մշտապես տարաբնույթ խոսակցությունների առիթ են տալիս: Հետաքրքիրն այն է, որ դրանց զգալի մասը վերաբերում է փառատոների տեւողությանը, մինչդեռ կարելի է, նույնիսկ անհրաժեշտ, բանավիճել այդ միջոցառումների նպատակի, որակի շուրջ: Աշխարհում տարբեր ձեւաչափերի փառատոներ են անցկացվում՝ երեքօրյա տեւողությունից սկսած՝ վերջացրած տարվա կտրվածքով: Օրինակ՝ շուրջ մեկ ամիս առաջ ներկա էինք երկրորդ անգամ անցկացվող Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների փառատոնին (գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան): Ժամանել էր մոտ 20 երաժիշտ՝ 8 երկրից, այդ թվում՝ Ճապոնիա, Ուկրաինա, Ռուսաստան, եվրոպական երկրներ: Համերգները կայացան Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, Կամերային երաժշտության տանը, Գաֆեսճեան կենտրոնում, ինչպես նաեւ Բյուրականի արվեստի ակադեմիայում:

Նշենք նաեւ, որ հյուրախաղորդ երաժիշտները անցկացրին նաեւ վարպետության դասընթացներ: Հանդիսատեսն, իհարկե, տպավորված էր համերգներից, բայց մեկ երաժշտի՝ ֆլեյտահարուհի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար Սոֆիա Դարտալունգուեի արվեստի մասին խոսում են մինչ այսօր: Հայաստանն աշխարհում այն եզակի երկրներից է, որտեղ անց է կացվում փողային գործիքների փառատոն եւ, թող կազմակերպիչները ներողամիտ գտնվեն, որ բարձրաձայնում ենք, թե մեծ հետաքրքրության պատճառը գուցե դա է: Ինչ վերաբերում է այս փառատոնի ժամկետին, այն անցկացվում է տարվա ընթացքում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 15-ին կկայանա փառատոնային եւս մեկ համերգ՝ շվեյցարական Ալտշետեն փողային նվագախմբի եւ ճանաչված իսպանացի շեփորահար Ռուբեն Սիմեոյի մասնակցությամբ: Այլ ստեղծագործությունների թվում կհնչի նաեւ աշխարհի բոլոր հայտնի շեփորահարների նվագացանկում ընդգրկված  Ալեքսանդր Հարությունյանի կոնցերտը:

«Առավոտի» հետ զրույցում փառատոնի տնօրեն եւ գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ համերգի նախօրեին վերոնշյալ նվագախմբի 70 երաժիշտները Հանրապետության հրապարակից «երաժշտական քայլերթով» կշարժվեն դեպի «Արամ Խաչատրյան» համերգասրահ: «Փառատոնի մեկնարկից ի վեր (2017թ. հունիս) Հայաստանը հյուրընկալել է շուրջ 100 երաժշտի՝ ավելի քան 15 երկրից: Անկասկած, մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անունը, համաշխարհային համբավը խթանում է փառատոնի ճանաչմանը նաեւ արտերկրում: Օրինակ, այս անգամ շվեյցարական մի հեռուստաընկերություն Երեւանում արդեն սկսել է նկարահանման աշխատանքները: Փառատոնի առանձնահատկություններից է նաեւ համերգներին հնչող համաշխարհային պրեմիերաները, ինչով միանշանակ կարելի է փաստել, որ ծնունդ են առնում աշխարհահռչակ երաժիշտների մինչ օրս անհայտ որոշ ստեղծագործություններ: Նպատակ ունենք աշխարհի տարբեր դպրոցների փորձը մեկտեղել ու ստեղծել փորձի փոխանակման մեծ հարթակ»,- ասաց մեր զրուցակիցը: Շարունակելով փառատոնի առանձնահատկությունների թեման, Շմավոն Գրիգորյանը հավաստիացրեց նաեւ, թե իրականացվում է փողային գործիքների համար գրված գրականության փոխանակում:

Ռեպլիկին՝ մեր ժամանակակից կոմպոզիտորները քիչ են ստեղծում երկեր փողային գործիքների համար, մեր զրուցակիցը նշեց, որ մեկ ամիս առաջ Երեւանում կատարվել է իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի պղնձյա փողային կվինտետը ու հավելեց. «Դիմել ենք Կոմպոզիտորների միություն՝ գրականություն տրամադրելու խնդրանքով եւ սպասում ենք… Փաստորեն, տարվա կտրվածքով անցկացվող այս փառատոնի հաջորդ փուլը կամ համերգը նախատեսել ենք աշնանը: Կհյուրընկալենք լեհական Կրակովի փայտյա փողային կվինտետին»: Մեր զրուցակիցը մի ոչ պակաս կարեւոր փաստի մասին էլ խոսեց: Նրա հավաստմամբ՝ հրավիրյալ երաժիշտների ու կոլեկտիվների մեծ մասը առաջին անգամ է այցելում Հայաստան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ 

Շմավոն Գրիգորյանն ու Կարեն Դուրգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031