Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալավերդին սեւ ցուցակում է. Տուրիստները գալիս են, մեկ օր էլ չեն ուզում մնալ, փախչում են». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2018 21:55

«Ալավերդին Թումանյանից 13 կիլոմետր է հեռու, բայց հենց գալիս եմ Ալավերդի գլխացավ, սրտխառնոց, հազ է սկսվում մոտս:

Պատմամշակութային հուշարձաններով ամենահարուստ բնակավայրերից մեկն է, բայց հյուրատները թերբեռնված են աշխատում, ներդրողները չեն ուզում այստեղ հյուրանոցներ կառուցեն, որովհետեւ տուրիստն այստեղ չի մնում մի օրով գալիս՝ փախչում է»,-ասում է Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ Վազգեն Մելքոնյանը՝ մատնացույց անելով Ալավերդու պղնձաձուլարանի արտանետումները: Տարին տասներկու ամիս, անդադար ձուլարանի ծխի հետ միասին արդեն տասնյակ տարիներ է մթնոլորտ են արտանետվում ծանր մետաղներ:

«Ալավերդին սեւ ցուցակում է, ոչ մի ներդրող չի ցանկանում այստեղ տուրիզմի բիզնես դնել»,-ասում է Վազգեն Մելիքյանը:

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանի խոսքով, այս տարի Ալավերդիում արտանետումները գերազանցել են 12.5 անգամ:

Նախաձեռնության անդամները, որոնց հանդիպեցինք Ալավերդու Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնում, մտահոգություն հայտնեցին, որ այստեղ մի շարք հիվանդությունների տոկոսն անգամ անզեն աչքով երեւում է, որ բարձր է, սակայն չկա մի պետական մարմնի հետազոտություն, որը կարտացոլի իրական պատկերը: Նրանց խոսքով, ալավերդցիները, հարակից համայնքի բնակիչները հաճախ են բողոքում գլխացավերից, սրտխառնոցից, ալերգիաներից: Օլեգ Դուլգարյանի խոսքով, իրենց պայքարի նպատակն այն չէ, որ գործարանի փակման գնով արտանետումները նվազեցվեն, այլ՝ գործարանը համապատասխանեցնեն միջազգային չափանիշներին, որպեսզի արտանետումները նվազագույն ազդեցություն ունենան շրջակա միջավայրի վրա:

Թե՛ նախաձեռնության անդամները, թե՛ բնակիչներն ընդունում են, որ գործարանը սոցիալական խնդիր է լուծում եւ փակվելու դեպքում 500-600 ընտանիքների համար լուրջ սոցիալական խնդիրներ ի հայտ կգան:

Ըստ պարոն Դուլգարյանի, գործարանի ղեկավարությունը հարցի լուծումը տեսնում է նոր պղնձաձուլարանի կառուցմամբ, սակայն, թե որտեղ այն կլինի, կրկին Ալավերդիում, թե մեկ այլ հարակից բնակավայրում կամ ինչ չափանիշներով կկառուցվի, դեռ պարզ չէ: Սակայն, նախաձեռնության անդամների խոսքով, նոր ձուլարանի կառուցումը կտեւի 5-7 տարի, ինչը կնշանակի, որ հին գործարանը դեռեւս այդքան ժամանակ կծխահարի Ալավերդին ու մյուս բնակավայրերը: «SOS Ալավերդ»-ի նախաձեռնության անդամները դիմել են կառավարություն՝ պարզելու՝ նոր ձուլարանը, որտեղ է կառուցվելու: Նրանց խոսքով, քննարկումները գնում են, սակայն քաղաքացիական հասարակությունը այս հարցից ընդհանրապես տեղյակ չէ:

Պարոն Դուլգարյանի խոսքով, վերջին ամիսներին ծուխն այնքան էր շատացել, որ լցվում էր մարդկանց բնակարանները, գրասենյակները: Իսկ գործարանում աշխատող գրեթե բոլոր մարդիկ թոքերի խնդիրներ ունեն: Աղմուկ բարձրացնելուց հետո, նախաձեռնության անդամների խոսքով, ծխի ծավալները փոքր-ինչ պակասել են: Պարոն Դուլգարյանն ասաց, որ վերջերս պարզվել է, որ Ախթալայի եւ հարակից համայնքների մրգերի բաղադրության մեջ մկնդեղի քանակությունը բարձր է: Փորձանմուշներ են վերցվել նաեւ մարդկանց մազերից, հավի ձվից՝ հետազոտության ուղարկելու նպատակով:

Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ կա՞ն հետազոտության արդյունքներ, թե գործարանի ծխի հետեւանքով բնակչությանը ինչպիսի առողջական վնասներ են հասցվում, հիվանդությունների վիճակագրությունը ինչ է ցույց տալիս՝ որ հիվանդություններն են առաջին տեղերում, ասաց, որ նման հետազոտություն չի արվել: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ քայլեր են արվում, խոշորացված Ալավերդի համայնքում, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու՝ գործարանի հույսին չմնալու նպատակով, ներդրումներ անել ցանկացողներ կա՞ն թե, ինչպես բնապահպաններն են նշում, տուրիզմի բիզնեսն այստեղ չի զարգանում պղնձաձուլարանի, Ախթալայի եւ այլ համայնքներում առկա պոչամբարների պատճառով:

Պարոն Խեչումյանն ասաց. «Մենք անունը դնում ենք, որ տուրիստը ծխի համար չի մնում, ես էլ ուրիշ բան եմ ասում՝ չի մնում, որովհետեւ վանքերը տեսնելուց հետո, երեկոյան այլ առաջարկ նրան չունենք, դրա համար չի մնում: Ենթակառուցվածքների զարգացմամբ էլ է պայմանավորված, որը նույնպես խանգարում է»:

Լոռու մարզ մեր այցելությունը կազմակերպել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Մոտ 20 տարի է, ձուլարանի վերակառուցումը, երբ խոսք է գնում գազոտվածության մասին, տևում է 5-7 տարի։ Իրականում այն կարելի է իրականացնել 1-2 տարվա ընթացքում, իսկ մինչ այդ, իհարկե, կարելի է գազոտվածության մակարդակը իջեցնել տանելի մակարդակի – դա ես կարող եմ իրականացնել։ Ինչու՞ դա չի արվում – այդ մասին ոչ ոք բացատրություն չի տալիս։ Ժամանակին ես անձամբ ֆիրմայի ղեկավարին տեղեկացրել եմ տեղում, առանց դրսից տեխնոլոգիայի ներմուծման, լավ ձուլարան կառուցելու հնարավորության մասին – առաջավոր տեխնոլոգիաները լուսնից չեն գալիս, դրանք ստեղծվում են այն ֆիրմաներում, որտեղ ունակ մասնագետներին դրսևորվելու հնարավորություն է տրվում։ 2004թ․ իմ ղեկավարությամբ կառուցված վառարանը աշխատել է մինչև հիմա ԱՊՀ տարածքում չգերազանցված ժամկետով՝ 2տարի 10 ամիս։ 2011թ․ ինձնից․․․․․ազատվեցին։ Հիմա իրենց մոտ այդ ցուցանիշը 1.5 տարին չի գերազանցում, և նման կարգի այլ հարցեր։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930