Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք, որ ընդդիմությունը ԱԺ հանձնաժողովի նախագահի համար էլ քվոտա ունենա». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 01,2018 21:55

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում այսօր երեկոյան կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց քիչ առաջ: Քննարկման օրակարգում եղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքական ուժերի հետ քննարկումների շարք է անցկացնելու այդ հարցով:

«Մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ եւ պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց պետք է սկսվի»,- հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպման բովանդակությունից շատ մանրամասներ չպատմեց, միայն ասաց, որ որոշումը մեկ հանդիպումով չի կայացվելու:

«Մենք մտածում ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, ասենք մի երկու-երեք ամսվա ընթացքում»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`խորհրդարանական ուժերը, որոնք «կողմ» են քվեարկել ձեր ծրագրին, կողմ են, որ մեկ տարվա ընթացքում ընտրություն լինի, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Կոռեկտ չէ, որ մենք այս փուլում նման … կարծում եմ, իրենց դիրքորոշումներն իրենք կհայտնեն: Մենք ունենք մեր դիրքորոշումները»: Վարչապետն անդրադարձավ քաղաքական դաշտում եւ մամուլում շրջանառվող փաստարկին, որ խորհրդարանում էլ նույն պատկերը լինի, ինչ եղավ Երեւանի ավագանիում եւ ՔՊ-ն 80 տոկոս ձայն կհավաքի:

«Ես ուզում եմ ասել, այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ ըստ գործող սահմանադրության, խորհրդարանում 1\3 պետք է ընդդիմադիր լինի: Եթե անգամ ապագա խորհրդարանում որեւէ ուժ 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը չի կարող այսօրվանից պակաս լինել: Կլինի այն, որ կառավարությունը կունենա մեծամասնություն, որը նրան հնարավորություն կտա լիարժեք գործել եւ ըստ էության զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Կունենանք լեգիտիմ իշխանություն`խորհրդարանական մեծամասնություն եւ լեգիտիմ փոքրամասնություն: Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը կամ ուժերը հինգ տոկոս ձայն հավաքի, ինքը բոնուսով ստանալու է այնքան ձայն, որ 1\3 կկազմի եւ ընդ որում, ունենալու է երաշխիքներ`ԱԺ նախագահի տեղակալի համար: Էլ չեմ ասում, որ այդ երաշխիքները կարող ենք ուժեղացնել, եթե որեւէ կասկած կա: Պատրաստ ենք, որ ընդդիմությունը ԱԺ-ի հանձնաժողովի նախագահի համար էլ քվոտա ունենա: Այսօր գոյություն ունեցող կարգավորումները երաշխավորում են, որ 1\3-ը `30 պատգամավոր, ընդդիմադիր կլինի»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների հրապարակային հայտարարություններին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2022-ին լինեն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը դա համարում է ոչ կառուցողական դիրքորոշում, քանի որ ամեն ինչ հանգել է նրան, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը թիվ մեկ հարց է դարձել երկրում. «Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ եթե այդ հարցը չլուծվի, երկրում որեւէ այլ հարց չի լուծվելու: Եվ եթե որեւէ քաղաքական ուժ դեմ է, նշանակում է, որ այդ ուժն ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ: Դա սխալ մոտեցում է: Խորհրդարանական ընտրությունները չեն կարող հերթական լինել»:

Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու երաշխիքը Նիկոլ Փաշինյանը չի համարում ընտրական օրենսդրության փոփոխումը կամ բարեփոխումը, ինչի մասին խոսում են խորհրդարանական քաղաքական ուժերը: Այդ երաշխիքը նա տեսնում է քաղաքական կամքի մեջ:

Առաջիկա շաբաթվա ընթացքում այս հանդիպումները կշարունակվեն նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների ղեկավարների հետ: Ըստ անհրաժեշտության, քննարկումներ կլինեն նաեւ որոշ արտախորհրդարանական ուժերի հետ եւս:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների որոշման ամրագրման երկու տարբերակ է վարչապետը տեսնում: Մեկի մասին խոսել էր ավելի վաղ` սահմանադրական փոփոխություններ: Մյուս տարբերակը վարչապետն այսօր գաղտնազերծեց`հրապարակային համաձայնություն է ստորագրվում, որ այսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, որի տակ ստորագրում են խորհրդարանական բոլոր ուժերը եւ այդ քաղաքական ուժերը երկու անգամ թեկնածու չեն առաջադրում: Արդյունքում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Երկու տարբերակն էլ ռիսկեր ունեն, պետք է քննարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Երաշխիք, որ քաղաքական ուժերը չեն խախտի պայմանավորվածությունը, նա համարում է ժողովրդին. «Հիմա մեզ հետ ձեռք բերված որեւէ համաձայնություն հնարավոր չէ խախտել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031