Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ ռուսաստանյան լրատվամիջոց չարձագանքեց եւ հիմա ներկա չէ՝ Ռուսաստանի հանրության շրջանում շատ հայտնի կանանց այս այցին հետեւելու, երբ որ այդ կանանց ուղերձը խաղաղությունն է. Աննա Հակոբյան

Հոկտեմբեր 08,2018 13:33

Աննա Հակոբյանի ուղերձը առաջնագծից

Արցախ, հոկտեմբերի 7, 2018 թ.

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների ականավոր գործիչներ։ Նրանք մեկնեցին առաջնագիծ, որտեղ խաղաղության իրենց ուղերձը հղեցին հակամարտության կողմերին։ Ռուսաստանից ժամանած խմբի կազմում էին գրող, թարգմանիչ եւ սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, չմշկասահորդ, դումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, ՌԴ 3-րդ դասի խորհրդական, «Ժենսկիյ դիալոգ» կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան, «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Կիրա Ալտմանը, լրագրող, կինովավերագրող Եկատերինա Գորդեեւան, պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի ղեկավար Աննա Շիլովան:

Խմբին ուղեկցում էին Արցախի Հանրապետության նախագահի տիկին Անահիտ Սահակյանը, պաշտպանության նախարարի տիկին Սուսաննա Մնացականյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանի տիկին Մերի Տողանյանը: Այցի ավարտին խմբին ճաշի սեղանի շուրջ հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Ստորեւ՝ Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ եւ հատվածներ ռուսաստանցի գործիչների ելույթներից:

***

Սիրելի, շատ հարգելի հյուրեր,

Ըստ տրամաբանության՝ ես, իհարկե, պետք է սկսեմ շնորհակալությամբ, պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ այն բանի համար, որ մենք հիմա գտնվում ենք այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության՝ պատերազմի գոտում, ավելին՝ առաջնագծում։

Բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ ձեզ շնորհակալություն ասել, որովհետեւ այն, ինչ դուք արեցիք, վեր էր ամեն տեսակի շնորհակալություններից։ Դուք Ռուսաստանի Դաշնությունից եկել հասել եք ղարաբաղյան առաջնագիծ՝ «ոչ» ասելու պատերազմին, եւ բացի այդ, ձեզանից յուրաքանչյուրն այնպիսի կենսագրության տեր է, որ ես ինձ շատ փոքր եմ համարում ձեզ նույնիսկ շնորհակալություն հայտնելու համար։

Երբ ես մոտ 2 ամիս առաջ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցի «Կանայք հանուն խաղաղության» իմ նախաձեռնության մասին, ներկայացրեցի դրա իմաստն ու նպատակները եւ ասացի, որ մեր ձայնն ավելի լսելի դարձելու համար լավ կլիներ այն հնչեցնել պատերազմի դաշտից՝ զինվորների կողքին կանգնած։ Բայց ես այն ժամանակ վստահ էլ չէի, որ այդ նպատակը հնարավոր կլինի իրագործել՝ հաշվի առնելով, թե որքան խոչընդոտներ կան դրա ճանապարհին։ Բայց ահա մենք գտնվում ենք այստեղ, ինչը հնարավոր եղավ միմիայն ձեզնից յուրաքանչյուրի մայրական եւ մարդկային բարձր զգացումի եւ մեծ խիզախության շնորհիվ։

Ի՞նչ ենք մենք ասում։ Մենք հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին եւ միջնորդ երկրներին՝ խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ եւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին եւ երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից եւ հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։

Մենք կոչ ենք անում ադրբեջանցի կանանց եւ մայրերին՝ միանալ այս արշավին եւ նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։ Ադրբեջանում, սակայն, առայժմ չեն շտապում նման քայլի գնալ, ինչն իսկապես տարակուսելի է։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ այնտեղ մայրերն անտարբեր են իրենց որդիների կյանքի հանդեպ։ Իհարկե՝ ոչ, չի կարող նման բան լինել։ Ադրբեջանից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանք պարզապես անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, դրա տակ փնտրում են քաղաքական տարբեր ենթատեքստեր, եւ ոչ միայն իրենք չեն միանում այս արշավին, այլեւ փորձում են մյուսներին հետ պահել այդ քայլից։

Բայց որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել՝ մենք չենք խոսում հակամարտության ծագման, դրա լուծման տարբերակների մասին, մենք այդ ծանր աշխատանքը հաճույքով զիջում ենք տղամարդկանց, բայց մենք վստահաբար հորդորում ենք նրանց՝ այդ ընթացքում խնայել հայաստանցի եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքերը, չմեծացնել սեւազգեստ մայրերի բանակները երկու կողմից էլ։

Արդեն մոտ 30 տարի հակամարտությունը չի լուծվում, ամեն տարի սահմանի այս ու այն կողմում տասնյակ զինվորներ են զոհվում, իսկ 2016-ի ապրիլին հարյուրներ զոհվեցին։ Եվ ի՞նչ ունենք մենք արդյունքում։ Արդյո՞ք հարցի լուծումը թեկուզ մեկ սանտիմետրով մոտեցել է։

Իհարկե՝ ոչ։ Մենք ունենք երկու կողմից էլ ընդհատված երիտասարդ կամ ոչ երիտասարդ կյանքեր, դժբախտացած ընտանիքները, սեւազգեստ մայրեր եւ հակամարտություն, որը գտնվում է այն նույն կետում, ինչ մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ, տասը տարի առաջ։ Եվ արդյո՞ք որեւէ մեկը կշահի, եթե եւս 30 տարի այսպես շարունակվի, արդյո՞ք ժամանակը չէ փոխել իրերի դրությունը եւ նոր բան մտածել։

Սահմանից այն կողմ մտավախություն ունեն, որ ռուս հարգարժան տիկնանց այցը ղարաբաղա-ադրբեջանական սահման հայկական կողմից նշանակում է աջակցել հայկական կողմի դիրքորոշմանը։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը նպատակ չունի մտնել բովանդակային կարգավորման տիրույթ։ Այն նպատակ ունի պաշտպանել բացառապես ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդ կյանքերը։ Եվ որպեսզի այս հարցում տարընթերցումներ չլինեն, առաջարկում եմ, որ դուք այցելեք նաեւ շփման գծի հակառակ կողմ եւ նույն ուղերձը հղեք նաեւ այնտեղից։

Ես հասկանում եմ, որ սա դժվար է, որ դուք բազմազբաղ կանայք եք, որ դժվար էր հասնել այստեղ, բայց եթե մենք կարողանանք նույնիսկ մեկ տասնութամյա երիտասարդի կյանք փրկել…

Ես տեղեկացված եմ նաեւ, որ այս ընթացքում ձեր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, եւ մեծ հարգանքի է արժանի այն, որ դուք հաղթահարել եք եւ չեք տրվել այդ ճնշումներին։ Եվ ես ուզում եմ հուսալ, որ նույն կերպ կհաղթահարեք սահմանի այն կողմում հայտնվելու այդ արգելքը եւ կկարողանաք սահմանի այն կողմից հասցնել այն։

Ճնշումների մասին. ես տեղեկացված եմ, եթե ճիշտ չեմ, ներողություն եմ խնդրում, որ այս այցին ցանկացել է միանալ նաեւ ռուսական РТР (նշում. ելույթի ժամանակ սխալմամբ նշվել է ОРТ) ալիքում աշխատող կանանցից մեկը, որին ղեկավարությունը թույլ չի տվել դա անել։ Սա, իհարկե, տարօրինակ է։ Տարօրինակ է նաեւ, որ, օրինակ, «Միր» հեռուստաընկերությունը, «Սպուտնիկ» լրատվամիջոցը թույլ չտվեցին իրենց ստեղծագործական խմբերին այցելել եւ այս այցը լուսաբանել։ Առհասարակ, որեւէ ռուսաստանյան լրատվամիջոց չարձագանքեց եւ հիմա ներկա չէ՝ Ռուսաստանի հանրության շրջանում շատ հայտնի կանանց այս այցին հետեւելու, երբ որ այդ կանանց ուղերձը խաղաղությունն է։

Սա տարօրինակ է, որովհետեւ երբ որ 2016-ի ապրիլին պատերազմ սկսվեց այս նույն դաշտում, այն լայնորեն լուսաբանվեց հայկական, ռուսական, ադրբեջանական, նաեւ այլ երկրների լրատվամիջոցների կողմից։ Պատերազմի ահասարսուռ կադրերը չէին իջնում հեռուստատեսային էկրաններից, էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների էջերից։ Բայց ահա միջոցառումը, որի նպատակը հնարավոր այդ պատերազմները կանխելն է, նման հետաքրքրություն չի առաջացրել։ Հասկանում եմ, իհարկե, որ հնարավոր նոր պատերազմը եւս սենսացիոն նյութեր է բերելու իր հետ՝ զոհեր, գլխատված դիեր, ցիրուցան եղած մարմիններ, եւ լրատվամիջոցները կատաղի մրցակցության մեջ են մտնելու դեպքի վայրից առաջինն այդ կադրերը ցուցադրելու համար։ Բայց ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ այդ սենսացիոն եւ էքսկլյուզիվ կադրերի հետեւում մարդկային կյանքեր են, խեղված ճակատագրեր, դժբախտացած մայրեր եւ երեխաներ։ Ուզում եմ պարզապես կոչ անել լրատվամիջոցներին՝ վերանայել իրենց առաջնահերթությունները եւ մասնագիտական պարտքը կատարելիս կատարել հավասարապես ինչպես մարդկային կյանքերի դաժան կորստի, այնպես էլ այդ կյանքերը փրկելուն ուղղված ջանքերի պարագայում։ Ի վերջո, մարդկային դժբախտության վրա հենված սենսացիաների պակաս աշխարհում, կարծես, չի զգացվում։

Սիրելի հյուրեր, ուզում եմ իմանաք, որ դուք առաջինն եք, որ խաղաղության ուղերձով եղաք ղարաբաղյան հակամարտության դաշտում։ Եվ դուք ձեր այդ քայլով ինձ ոգեշնչեցիք էլ ավելի մեծ ջանքերով շարունակել արշավը։ Եվ ես վստահ եմ, որ կանանց ու մայրերի միասնական ձայնը չի կարող իր ազդեցությունը չունենալ, եւ ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջեւ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։

Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված։ Պարզվում է՝ Երեւանում (ուղղում. զարդերի հեղինակ վարպետը Գյումրիից է) կա մի վարպետ, որը զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից։ Ես չգիտեի, դրա մասին իմացա վերջերս։ Բայց հենց իմացա, մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը։ Եվ յուրաքանչյուր կին, որ կմիանա արշավին, կունենա նման զարդ։

Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը եւ կդառնա ընդամենը զարդ։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել։ Սա, իհարկե, սիմվոլիկայի լեզու է, բայց համաձայնեք, որ ռեալությունից հեռու չէ։

Շնորհակալ եմ ուշադրության համար եւ սիրով ուզում եմ խոսքը փոխանցել հյուրերին։

***

Հատվածներ ռուսաստանցի գործիչների խոսքից

Ելենա Սեմերիկովա – Ես ռուս եմ, ես վերապրել եմ այս հակամարտությունն ընտանիքիս հետ միասին… Ես չեմ կարող ասել՝ ով է մեղավոր, ով է ճիշտ: Սակայն իսկապես, երբ այս փխրուն կինը հայտարարեց այս ակցիայի մասին՝ «Կանայք հանուն խաղաղության», ապա իհարկե, մարդկային պարտք է միանալ այս ակցիային: Դա առաջին հերթին մոր պարտքն է, դա առաջին հերթին կնոջ պարտքն է: Եվ ես այսօր ուզում եմ դիմել տիկին Ալիեւային: Նա նույնպես մայր է, նա հիանալի տատիկ է, բայց նա նաեւ քաղաքական գործիչ է՝ իմաստուն, պատասխանատու քաղաքական գործիչ: Մենք վերստին կրկնում ենք, որ կարեւոր չէ՝ ով է ճիշտ, ով է մեղավոր: բայց այսօր մենք պետք է փրկենք մարդկային յուրաքանչյուր կյանք: Եվ ես վստահ եմ, որ այս միջազգային շարժումը՝ այն իրավամբ միջազգային է՝ «Կանայք հանուն խաղաղության», այն թափ է հավաքելու կանանց նորանոր ուժերով այլ երկրներից: Երբ ես գալիս էի այստեղ, ինձ դիմեցին Ուկրաինայի կանայք: Ես ասացի, որ գնում եմ Երեւան: Եվ առաջինը, որ նրանք ասացին ինձ՝ Դուք անպայման պետք է գնաք Ղարաբաղ: Ինձ համար այնպիսի զարմանք էր: Եվ իհարկե, նրանք նույնպես կմիանան մեզ: Կմիանան Ուզբեկստանի կանայք, կմիանան Մոլդովայի եւ Մերձդնեստրի կանայք: Քանի-քանի այդպիսի չլուծված զինված հակամարտություն կա: Մենք չենք ուզում կորցնել մեր երեխաներին:

Լյուդմիլա Ուլիցկայա – Թանկագին բարեկամներ, շատ տասնամյակներ ես ասում էի՝ մեր սերնդի բախտը բերել է, ես ծնվել եմ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, եւ ես ասում եմ՝ մենք ապրում ենք պատերազմների միջեւ, մեր բախտն այնքան է բերել: Իսկ այնտեղ ինչ-որ տեղ հեռուներում, անհայտ կետերում դեռ պատերազմում են: Եվ ահա՝ այսօր ես իմ տեսակետն ամբողջովին փոխեցի: Այս փոքր պատերազմները նույնպես մե՛ր պատերազմներն են: Եվ ես էլ երբեք իմ կյանքում չեմ ասի, թե մեր բախտը շատ է բերել, որ մենք ապրում ենք երկու մեծ պատերազմների միջեւ: Մենք ապրում ենք չդադարող պատերազմների մեջ: Ավելին, այսօր երբ գալիս էի այս ամբողջ ճանապարհով, զգացում ունեի, գիտեք՝ մեղքի զգացում, որ՝ ինչպե՞ս է ստացվել, որ մենք սա թույլ ենք տվել: Ինչպե՞ս է ստացվում, որ մեր ծնված աղջիկները չեն ամուսնանա այն տղաների հետ, որ այստեղ զոհվել են: Եվ սա ընդհանուր հանցագործություն է: Ավելի շատ՝ քաղաքական գործիչների հանցագործությունն է, բայց այն ագրեսիան, որ կուտակվել է մեր սրտերում, մենք դրա դեմ նույնպես պետք է պայքարենք: Մեզնից յուրաքանչյուրը: Որովհետեւ այս իրավիճակը անելանելի եւ անուղղելի է: Միակ բանը, որ կարող ենք անել՝ գտնել մեր հոգու խորքում բավարար սեր այս ամենն ամոքելու համար: Այստեղ զինվորական համազգեստով կանգնած բոլորին մաղթում եմ ողջություն, եւ որ էլ երբեք կյանքում ձեր երեխաները չհագնեն այդ պաշտպանական, բայց ահավոր հագուստը:

Սվետլանա Ժուրովա – Ես բոլորովին վերջերս Կարելիայում ներկա էի Աֆղանստանում զոհված տղաներին նվիրված հուշարձանի բացմանը, եւ այո, այդքան տարի է անցել, եւ քաղաքը հարգանքի տուրք է մատուցում տղաներին, բայց դու տեսնում ես մայրերի սուգը: Ահա տեսնել մայրերի ողբը՝ չէի ուզի երբեք: Որովհետեւ ինչ-որ մեկը կարող է դեռ երեխաներ ունենալ, իսկ ոմանք՝ ոչ, եւ հասկանում ես, որ ցավը մնում է ողջ կյանքում: Բայց ցանկացած ցավ չարժի այն բանին, որ տեղի ունենա այն, ինչ տեղի է ունեցել այս հողի վրա… Ամեն դեպքում, փորձեր պետք է լինեն: Չփորձելու դեպքում դու դառնում ես կողմնակի դիտորդ: Երեւի մենք չենք ուզում լինել կողմնակի դիտորդ հերթական անգամ: Եվ այդ պատճառով էլ մենք բոլորս այստեղ ենք: Եվ ուզում ենք, անկասկած, մյուս կողմից նույնպես խոսել:

Աննա Ֆեդերմեսեր – Առաջին հերթին՝ մենք ամեն դեպքում կանայք ենք, եւ առաջինը, որ ուզում եմ ասել՝ կանայք կին են մնում միշտ: Եվ ամբողջ ընթացքում, որ մենք գալիս էինք ավտոբուսով, ես նայում է Ձեր զարդերին եւ ուզում էի մոտենալ ու հարցնել, թե ինչ զարդեր են դրանք եւ որտեղից են: Եվ առաջինը, որ ես ուզում եմ ասել՝ ես շատ եմ ուզում փամփուշտներից զարդեր: Իսկ եթե հնարավոր լիներ զարդեր պատրաստել ավտոմատներից, թնդանոթներից, դրանք կլինեին հսկայական զարդեր… Մի խոսքով՝ աղջիկներ, ես այդ բոլորը շատ եմ ուզում, շնորհակալություն այդ հիանալի գաղափարի համար… Մի հրաշալի բժիշկ վերջերս ասաց՝ գիտե՞ք, ինչ է պետք, որ երազանքներն իրականանան: Պետք է երազել: Եվ ահա ես հիմա ասում եմ՝ մենք անպայման կհայտնվենք սահմանի այն կողմում եւ կասենք նույն բաները, եւ Լյուդմիլա Ուլիցկայան այնտեղ նույնպես կընթերցի իր ստեղծագործությունը եւ այնտեղ նույնպես սահմանին կնվիրի իր ստեղծագործությունների ժողովածուները…

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031