Երեւանի ավագանու առաջին նիստից հետո, Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանելով լրագրողների հարցին, թե կադրային ջարդ լինելո՞ւ է, պատասխանեց, որ այդ մասին քարոզարշավների ժամանակ բազմիցս հայտարարել է. «Բայց նորից կրկնեմ՝ բոլոր այն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են եւ ուզում են աշխատել նոր կանոններով եւ պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երեւանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել, բնականաբար լինելու է նաեւ անհատական մոտեցում բոլոր կադրերին եւ իմ որոշումը նաեւ կայանալու է այն փաստերի վրա, թե արդյոք այդ մարդիկ կկարողանա՞ն աշխատել նոր Հայաստանի կանոններով, թե՝ ոչ»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե կա՞ն քաղաքապետարանի պաշտոնյաներ, որոնց արդեն առաջարկել է մնալ, Հայկ Մարությանն ասաց՝ առ այսօր ոչ ոքի հետ ոչ մի խոսակցություն չի եղել. «Այդ բոլոր խոսակցությունները կլինեն ամսի 13-ից հետո, ես ուսումնասիրում եմ»:
Թե ովքեր են լինելու փոխքաղաքապետերը եւ արդյոք ցանկություն կունենա՞ աշխատել նախկին փոխքաղաքապետերի հետ, մասնավորապես՝ Կամո Արեյանի հետ պատկերացնո՞ւմ է իր համագործակցությունը, Հայկ Մարությանն ասաց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ են իրականում ծառայել եւ նրանք օրենքի հետ ոչ մի խնդիրներ չունեն, ինքը պատրաստ է աշխատել:
Մանրամասները՝ տեսանյութում
Հայկ Մարությանը գտնում է, որ քաղաքապետարանի պաշտոնյաները, ճիշտ է, մինչ օրս աշխատել են, սակայն չեն ծառայել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ



















































