Անկախության 35-ամյակը Հայաստանում կնշվի մեծ շուքով․ Հայաստանի կառավարությունն այդ նպատակով բյուջեից 1 միլիարդ 326 միլիոն 969 հազար դրամ է հատկացրել, որը համարժեք է շուրջ 3 միլիոն 650 հազար դոլարի։ Գումարը տրամադրվել է Կառավարության պահուստային ֆոնդից՝ ԿԳՄՍ նախարարության «Արվեստների ծրագրի» շրջանակում։ Միջոցառումների աշխարհագրությունը, բացի Երևանից, ընդգրկել է չորս մարզկենտրոն՝ Վանաձոր, Կապան, Գյումրի, Իջևան։
Ամենախոշոր համերգը նախատեսված է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ շուրջ 40,000 հանդիսատեսի մասնակցությամբ: Այս մասշտաբային նախագիծն իրականացնում է «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Մարզային միջոցառումների համար կծախսվի 295 միլիոն 516 հազար դրամ, իսկ Երևանի համար հատկացվելու է նախատեսված բյուջեի շուրջ 80 տոկոսը՝ 1 միլիարդ 31 միլիոն 453 հազար դրամ կամ 2 միլիոն 838 հազար դոլար։ Հանրապետության հրապարակում սպասվող միջոցառումը բաղկացած է երկու հիմնական մասից. պատմամշակութային ներկայացում, որի հիմքում ընկած է «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվների վրա հիմնված կոնցեպտը և տոնական համերգ, որին մասնակցելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբը և ճանաչված արտիստներ՝ Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը, Արամ MP3-ն, «Կարեն-Սևակ Բենդ»-ը և այլք։
Տեղի կունենա նաև դրոնների շոու, որի համար հատկացվել է 51 միլիոն դրամ։ Թաթա Սիմոնյանին ելույթի համար հատկացվելու է 20 մլն, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 մլն, «Կարեն-Սևակ բենդ»-ին՝ ավելի քան 13 մլն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ դարձյալ ավելի քան 13 մլն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն դրամ, Իվետա Մուկուչյանին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Արամ MP3-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ,Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն դրամ, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին, Հասմիկ Թորոսյանին՝ 2 մլն 700 հազարական դրամ։ Հաղորդավաոր Խորեն Լևոնյանին հատկացվելու է 3 միլիոն 600 հազար դրամ, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ։ Պայմանագրում ելույթների տևողությունը նշված չէ, սակայն միջոցառման ընդհանուր տևողությունը 1 ժամ 30 րոպե է։ «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը գումարը հատկացվել է որպես ուղիղ դրամաշնորհ, այսինքն՝ առանց մրցույթ հայտարարելու, ինչը հիմնավորվել է հարցի հրատապությամբ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամի հայտարարած հայեցակարգային հրավերին ներկայացված 6 ծրագրերից ընտրվել է հենց այս ընկերության նախագիծը։
Կարդացեք նաև
Արփի ՀԱԿՈԲՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































