Առաջնահերթ պետք է լուծենք աղբահանության հարցը: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած Երեւանի ավագանու առաջին նիստից հետո ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ պետք է բանակցեն «Սանիթեք» ընկերության հետ՝ աղբահանությունը պատշաճ որակով կազմակերպելու համար. «Եթե իրենք չկարողանան անել, օբյեկտիվ պատճառներով, օպերատորը չի հասցնում, ուժը չի հերիքում, պետք է լինի օգնություն, իսկ օգնությունը՝ երկրորդ օպերատորն է»:
Հարցին՝ մրցակցության խնդիր չե՞ք տեսնում, եթե լիներ երկրորդ օպերատոր մրցակցություն կապահովեր եւ կախված չէր լինի մեկ օպերատորից, պարոն Մարությանն ի պատասխան ասաց, որ կա պայմանագիր. «Եթե այսօր այս հարցը զրոյից լուծեինք, ես ինքս կդնեի առնվազն երկու օպերատորի հարցը: Բայց, քանի որ արդեն գործող պայմանագիր կա եւ այն գործող «Սանիթեք» ընկերության հետ է, եթե այս պայմանագրի կետերը չեն խախտվում, մենք իրավունք էլ չունենք 2-րդ օպերատոր մտցնելու: Բայց պայմանագրի կետերը չեն խախտվում այն ժամանակ, երբ մենք՝ երեւանցիներս, գոհ ենք այդ աշխատանքներից, եթե ոչ, արդեն պետք է վերանայել թե՜ պայմանագիրը, թե՜ պայմանները»:
Հարցին, թե նախկին քաղաքային իշխանությունները տրանսպորտային ցանցի հետ կապված գործընթաց էին սկսել, որոշակի աշխատանքներ արդեն կատարվել են, պատրաս՞տ եք շարունակել նրանց աշխատանքը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Մենք պետք է հարգենք բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքված են: Մենք պետք է հարգենք օրենքը: Բայց, եթե պայմանագրերը խախտվում են եւ դրանից տուժում են մեր բնակիչները, մենք վերանայելու ենք այդ բոլոր պայմանագրերը եւ արդեն գործելու ենք ի շահ մեր բնակիչների: Քանի որ այս ծառայության համար մեծ ծրագիր է գրվել, այդ ծառայության համար վճարվել է Երեւան համայնքի բյուջեից, իհարկե, մենք պետք է ուսումնասիրենք այդ ծրագիրը: Նախ՝ պետք է ուսումնասիրենք, հասկանանք՝ որքանով է այն համապատասխանում թե՜ Երեւանի պայմաններին, թե՜ Երեւանի պահանջներին եւ չկա՞ արդյոք այդտեղ կոռուպցիոն ռիսկեր: Եթե այդ ամենը համապատասխանում է, իհարկե, կիրականացնենք»:
Հարցին, թե այլընտրանք ունե՞ն, Հայկ Մարությանն ի պատասխան ասաց, որ եթե սա չհամապատասխանի, իրենք ունեն ուրիշ նախագծեր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































