Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում աուդիտ, գույքագրում ու քարտեզագրում կարվի

Հոկտեմբեր 10,2018 15:43 Share

Հասկանալու համար, թե քաղաքային նախկին իշխանություններն ինչպիսի ժառանգություն են թողել նոր ավագանուն ու Երեւանի քաղաքապետին, այսօր լրագրողների հետ զրույցում Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ աուդիտ, գույքագրում ու քարտեզագրում են անելու. «Սա պետք է անել, որպեսզի հասկանանք՝ ինչ կա, ինչ չկա, ինչ պետք է անել»: Երեւանի քաղաքապետը հարցերին պատասխանեց Երեւանի ավագանու առաջին նիստից հետո:

Հարցին, թե մինչեւ նրա պաշտոնավարման ավարտը կլուծվի՞ Երեւանի տրանսպորտի հարցը, պարոն Մարությանը պատասխանեց՝ վստահեցնում եմ՝ կլուծվի:

Aravot.am-ի հարցին, թե նախկին քաղաքապետերից մեկը՝ Վահագն Խաչատրյանը հայտարարել է, որ չի նախանձում նոր քաղաքապետին եւ նրա թիմին, քանի որ լուրջ մարտահրավերներ են նրանց սպասվում, մասնավորապես՝ կանաչ տարածքները կառուցապատումներից, զվարճանքի եւ այլ օբյեկտներից բեռնաթափելու հարցում, արդյոք Հայկ Մարությանը պատրա՞ստ է գնալ կոշտ մեթոդների, հատկապես, որ այդ քայլը նաեւ սոցիալական խնդիրներ կառաջացնի, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես համաձայն եմ պարոն Խաչատրյանի հետ: Մոտ մարդիկ շնորհավորելու փոխարեն ցավակցում են ինձ եւ մեր թիմին, եւ դա, իրոք, այդպես է այն առումով, որ շատ մեծ եւ շատ ծանր աշխատանք է սպասվում: Լինելու են նաեւ կոնֆլիկտներ այն մարդկանց հետ, որոնք չեն ուզում, որպեսզի երեւանցիները լավ ապրեն: Վստահեցնում եմ, որ կան այդպիսի մարդիկ եւ ամեն տեղ դուք տեսնում եք այդ մարդկանց արածները: Կոնֆլիկտ մի փոքր ճիշտ չասացի, լինելու են բանակցություններ»:

Մեր ճշտող հարցին, թե եթե կլինեն կառույցներ, օբյեկտներ, որոնք քանդվելու են, պատրա՞ստ եք լուծել այդ սոցիալական խնդիրը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ժողովրդավարական կանոններն ինչի մասին են խոսում, եթե մի բան պետք է մեկ հոգու, բայց դրան դեմ են 800 հազար հոգի, կներեք մենք պետք է հաշվի առնենք 800 հազար մեր բնակիչների պահանջին: Այստեղ շատ կարեւոր է ֆիքսել, որ ես, որպես քաղաքապետ, ավագանու անդամները, մենք ոչ մի բան որոշելու իրավունք չունենք, միակ որոշողը Երեւանի բնակիչներն են: Եվ, եթե Երեւանի բնակիչներն ինչ-որ մի բան են որոշում, մենք ի կատար ենք ածում այդ որոշումը»:

Հայկ Մարությանը հիշեցրեց իրենց նախընտրական ծրագրի կետերից մեկը, ըստ որի՝ սուր հարցերը որոշելու են հանրաքվեների միջոցով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031